Արտեմ Ասատրյանի ուղերձը` Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր տարեցների միջազգային օրն է: Այդ առթիվ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ուղերձ է հղել.

«Ավագ սերնդի սիրելի հայրենակիցներ,

Ջերմորեն շնորհավորում եմ Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ:
Հոկտեմբերի 1-ին ողջ աշխարհը նշում է Տարեցների միջազգային օրը, ու թեև հայ մարդն ավանդաբար առանձնահատուկ վերաբերմունք ու ընդգծված հարգանք է ցուցաբերել ընտանիքի մեծի, ավագի նկատմամբ, սակայն խորհրդանշական օրը լրացուցիչ առիթ է, որպեսզի բոլորս մեկ անգամ ևս խորհենք ավագ սերնդի ու նրա խնդիրների մասին:
Մեր օրերում փոխվում են բարեկեցիկ ծերության, տարեցների խնամքի հանդեպ մոտեցումները, և մենք ձգտում ենք բավարարել այդ փոփոխությունների արդյունքում առաջ եկած ակնկալիքները:

Որպես Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, ցանկանում եմ վստահեցնել, որ մենք շարունակելու ենք ուշադրության կենտրոնում պահել ավագ սերնդի խնդիրներն ու աշխատելու ենք բազմազան սոցիալական ծառայությունների միջոցով նրանց համար արժանապատիվ կյանք ապահովել ու ինտեգրել հասարակությանը: Այս ուղղությամբ անելիքները տակավին շատ են, և մենք փորձում ենք օր առաջ հասնել մեր առջև դրված այդ նպատակին:

Սիրելի ծնողներ, տատիկներ և պապիկներ, նախարարության աշխատակազմի ու իմ անունից մաղթում եմ Ձեզ առողջություն: Ձեր ամենամեծ հարստությունը ձեր զավակներն են, ինչպես նաև կենսափորձը: Մաղթում եմ, որ դուք միշտ շրջապատված լինեք որդիական սիրով, և վայելեք ձեր փորձը զավակներին փոխանցելու բերկրանքը»:




Լրահոս