Սերժ Սարգսյանը Մինսկ կմեկնի` թիկունքին ուղղված Եռյակ դանակների ներքո. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվ, այնուամենայնիվ, մինչ օրս ԱԺ ոչ իշխանական եռյակի ներկայացուցիչներից որեւէ մեկը չի պարզաբնել, թե աշնան իննսունմեկ օրերից ինչու ընտրվեց հենց հոկտեմբերի 10-ը` խոստացված «թեժության» դրսեւորման համար: Իհարկե` նախորդող ութ մարզային հավաքները եւս կարելի է «թեժ աշնան» սկիզբ համարել: Սակայն գործընթացի հիմնական, ու, թերեւս, որոշիչ միջոցառումը նախատեսված է հենց հոկտեմբերի 10-ին` Հայաստանի համար առանց այս էլ նշանակալի այդ օրը, երբ մի կողմից լրանում է հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման հինգերորդ տարելիցը. գործընթաց, որը դեռ չի ավարտվել, մյուս կողմից էլ նախանշված է ՀՀ-ի` ԵՏՄ-ին անդամակցության պայմանագրի ստորագրումը. գործընթաց, որը ոչ մի կերպ չի սկսվում: Եվ այս իմաստով հոկտեմբերի 10-ը եռյակի համար քաղաքական ռեպերտուարը տեղում փոփոխության ենթարկելու բավականին մեծ հնարավորություններ է պարունակում, որոնք կարող են գործարկվել`ըստ անհրաժեշտության:

Իսկ անհրաժեշտությունը կարող է ծագել ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության պայմանագրի ստորագրման հարցում անցանկալի անակնկալների առաջացման դեպքում, եթե հանկարծ, օրինակ, Սերժ Սարգսյանը փորձի հրաժարվել Ղարաբաղի եւ ՀՀ միջեւ մաքսակետի տեղադրում ենթադրող պայմանագրի ստորագրումից կամ շարունակի վճռականորեն պնդել այդ մասին առնվազն ԵՏՄ անդամ երկրների միջեւ կուլիսային հմաձայնության անհրաժեշտության վրա:

Այդ պարագայում առանց այդ էլ Ղազախստանի եւ Բելառուսի հետ մեծ խնդիրներ ունեցող Վլ. Պուտինն ավելորդ ջանքեր գործադրելու փոխարեն պարզապես Սերժ Ազատիին կառաջարկի միացնել «Կենտրոն» հեռուստաընկերությունն ու լսել, թե ինչպես են Ազատության հրապարակում հավաքված բազմահազար քաղաքացիներ` արդեն եռյակի առաջնորդների ղեկավարությամբ պահանջում իր հրաժարականը:

Իհարկե, այս սցենարը կարող է նախատեսված լինել որպես պահեստային տարբերակ, որի գործարկումը շատ քիչ հավանական է, քանզի, վստահաբար, բանը դրան չի հասնի, եւ անգամ ցանկության դեպքում էլ, Սերժ Սարգսյանն ավելորդ շարժումներ չի կատարի: Ի վերջո, ինչպես հայտնի է, հենց նա է հանդիսանում «հաճախորդների» ինստիտուտի հիմնադիրը, ուստի հստակ գիտակցում է, որ ներկայում այդ ինստիտուտի դերակատարներն այլեւս դուրս են եկել միջազգային, իսկ ավելի հստակ` ռուսական շուկա: Ուստի` մեկ առ մեկ իմանալով իրեն թիկունքից հարվածելու պատրաստ դանակների սրությունը ( ի վերջո, հենց ինքն է դրանք ժամանակին սրել), Սերժ Սարգսյանին չի մնում ոչինչ, քան հուսալ, որ այս անգամ էլ որեւէ նամակի ընթերցմամբ կամ հեռախոսազրույցի փոխանցմամբ իրեն ( ցավոք` նաեւ Հայաստանը) կփրկի Բելառուսի նախագահը:




Լրահոս