«ՎՊ-ի հետ խնդիրներ կան. ելքագրելու գումար է պետք». հրապարակվում է Վ. Խաչիկյանի գործով մեղադրական ճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել էինք, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի և նույն ծառայության մյուս աշխատակիցների գործով դատական քննությունն այսօր կայացած նիստով ավարտվեց:

Անցնելով դատական վիճաբանություններին` մեղադրող դատախազ Հ. Ենոքյանը, հրապարակելով մեղադրական ճառը, նշեց, որ ապացուցված են համարվում այն հանգամանքները, որոնց հանաձայն`  Վազգեն Խաչիկյանը, լինելով մշտապես կազմակերպչական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ և օգտվելով ծառայությունը կառավարելու իր լիազորություններից, մասնավորապես՝ այն, որ իր կողմից վերահսկվել է կենսաթոշակառուների կողմից կասեցված կենսաթոշակի վճարումը վերսկսելու վերաբերյալ կենսաթոշակային ապահովության և առանձին ծրագրերի վարչությանը ներկայացված դիմումների հիման վրա կուտակված կենսաթոշակների գումարները Ծառայության վճարային ծառայության Երևան քաղաքի ստորաբաժանումների կողմից վճարելու գործընթացը՝ Ծառայության մի շարք պաշտոնատար և պատասխանատու անձանց հետ, կազմակերպված խմբով, 2006–2010թթ. ընկած ժամանակահատվածում, օգտագործելով իրենց պաշտոնական դիրքը, պաշտոնական կեղծիք կատարելու, այն է՝ կենսաթոշակի կասեցված վճարումը վերսկսելու վերաբերյալ վճարման իրավունք վերապահող կեղծ դիմումներ պատրաստելով կամ առանց այդ դիմումների վճարային ցուցակներում կենսաթոշակառուների ստորագրությունները կեղծելու միջոցով անհիմն ելքագրել և յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված, մահացած կամ ՀՀ տարածքից բացակայող կենսաթոշակառուների վճարումը կասեցված կենսաթոշակի առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր՝ 260.956.681 ՀՀ դրամ գումարները: Բացի այդ` Վազգեն Խաչիկյանը խարդախությամբ հափշտակել է պետական բյուջե վերականգնման ենթակա, առանձնապես խոշոր չափերի` 29.000.000 ՀՀ դրամ գումարը:

Հանցավոր գործունեությանը, ըստ մեղադրող կողմի, մասնակցել են նաև մյուս 12 ամբաստանյալները: Մեղադրողի փոխանցմամբ` ամբաստանյալներից որոշները դատական քննության ընթացքում պետությանը վերադարձրել են հափշտակված գումարից որոշակի հատված:

Մեղադրողը հիշեցրեց, որ Վազգեն Խաչիկյանը, Աշոտ Աբրահամյանը, Հովհաննես Գրիգորյանը, Վահագն Խաչատրյանը, Վիգեն Գևորգյանը, Սամվել Էլբակյանը, Բագրատ Մուրադյանը, ինչպես նախաքննությանն, այնպես էլ դատաքննությանն իրենց մեղավոր չեն ճանաչել: Առաջադրված մեղադրանքներում իրեն մեղավոր է ճանաչել ամբաստանյալ Արթուր Սուքիասյանը: Իսկ ստորագրությամբ ազատ արձակված ամբաստանյալ Հրանուշ Դանիելյանը, ով նախաքննությամբ իրեն մեղավոր էր ճանաչել, դատաքննությանը չճանաչեց:

այս պահին հայտարարվեց ընդմիջում: Մեղադրողը կշարունակի ընթերցել ճառը:




Լրահոս