Միանա՞լ, թե՞ հրաժարվել ԵՏՄ-ից. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան երեկ հայտարարել է, թե կարճ առաջիկայում կստեղծվի Հայաստանի եւ Եվրամիության միջեւ հարաբերություններիր նոր փաթեթ: Իհարկե, դեսպանը չի ներկայացրել, թե կոնկրետ ինչպիսի բովանդակություն կունենա այդ փաթեթը եւ համագործակցության ինչպիսի ոլորտներ կներառի` միեւնույն ժամանակ ընդգծելով, որ ԵՄ-ի համար առավել կարեւոր է ոչ այդքան նոր փաթեթի ձեւավորման ժամկետը, որքան դրա բովանդակությունը:

Ասել է թե` դեսպան Հրիեսթայի այս հայտարարությունն առայժմ «բարի ցանկությունների» տիրույթից է, որը, թերեւս, ավելի շատ նպատակ ունի Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության պայմանագրի նախանշված ստորագրումից առաջ եւս մեկ անգամ հրապարակավ ամրագրել, որ Եվրամիությունը չի պատրաստվում «մոռանալ» Հայաստանի մասին, անգամ եթե ՀՀ` ԵՏՄ-ին անդամակցությունը կայանա:

Մինչդեռ Հայաստանի իշխանությունները առայժմ, կարծես թե, պատրաստ չեն ԵՄ հետ հարաբերությունների նոր փաթեթի մասին խոսել: Համենայն դեպս` անցած նոյեմբերի վերջին կայացած վիլնյուսյան գագաթնաժողովում ընդունված երկկողմ հռչակագիրը, որով Հայաստանն ամրագրում էր իր մտադրությունը` շարունակելու ԵՄ հետ համագործակցությունը, մինչ օրս որեւէ գործնական դրսեւորում չի ունեցել:

Հայաստանի իշխանությունները Եվրամիությանը որեւէ առաջարկ չեն ներկայացրել ՀՀ-ԵՄ հետագա համագործակցության վերաբերյալ, անգամ այն ոլորտների մասով, որոնց հետ կապված թե՛ Սերժ Սարգսյանը եւ թե՛ ՀՀ բարձրագույն իշխանության այլ ներկայացուցիչներ բազմիցս հայտարարել են, որ մտադիր են եւ խորապես շահագրգիռ շարունակել համագործակցությունը. խոսքը մարդու իրավունքերի, կոռուպցիայի դեմ պայքարի, դատաիրավական, կրթական եւ այլ ոլորտների բարեփոխումների մասին է:

Եվ այս իրավիճակում սպասել, որ առանց ԵՏՄ-ին անդամակցության պայմանագրի ստորագրման եւ երկկողմ պարտավորությունների ճշտման Հայաստանը ի վիճակի կլինի որեւէ հստակ առաջարկ ներկայացնել Եվրամիությանը, բնականաբար, իրատեսական չէ: Սակայն հաշվի առնելով հարաբերությունների նոր փաթեթի ստեղծման մասին ԵՄ ներկայացուցչի հայտարարությունը` բովանդակությունը եւ ոչ թե ժամկետն առաջնային համարելու մասին, կարելի է ենթադրել, որ անցած ամիսներին նոր որակի համագործակցության համար որոշակի հիմքեր, այդուամենայնիվ, ձեւավորվել են, որոնց շուրջ թերեւս առավել հստակ ուրվագծումներ կարվեն արդեն հոկտեմբերի 10-ից հետո:

Ընդ որում` թե՛ ՀՀ-ի` ԵՏՄ-ին անդամակցության պայմանագրի ստորագրման, թե՛, առավել եւս, չստորագրելու դեպքում:




Լրահոս