ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կառավարիչ Հելեն Քլարկի գլխավորած պատվիրակությունը օրեր առաջ Հայաստանում էր: ՄԱԶԾ երևանյան գրասենյակում տեղի ունեցավ ՀՀ կին առաջնորդների եւ Հելեն Քլարկի մեկ ժամյա հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին կանանց ներգրավվածության եւ դերի կարևորությունը քաղաքականության մեջ: Նշենք, որ ՀՀ ՏԻՄ մարմիններում ընդհանուր հաշվով կին առաջնորդների թիվը 546-ն է՝ 18 կին համայնքապետ եւ 534 ավագանու անդամ:
ՄԱԶԾ կառավարիչն իր ելույթում մասնավորապես նշեց. «Քաղաքականության ոլորտում ես հարուստ փորձ ունեմ: Երեք անգամ ընտրվել եմ Նոր Զելանդիայի վարչապետ: Հայաստանում, ինչպես աշխարհի շատ երկրներում, լուծված չէ կանանց իրավահավասարության խնդիրը: Հազարամյակի զարգացման թիվ երեք նպատակը աշխարհի շատ երկրներում իրավահավասարություն ստեղծելն է: Մինչև 2015 թվականը կանանց մակարդակը քաղաքական ոլորտում պետք է կազմի 30 տոկոսը: Ճշմարտությունն այն է, որ շատ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, քաղաքականության մեջ կանանց թիվն էական չի ավելանում: Անհրաժեշտ է պրոցեսն արագացնել: Հայաստանը «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում մասնակցելու է 2015 թվականի քննարկմանը: Ձեր երկրում կա իրավական դաշտ, սակայն մի բան է այն ունենալը, մեկ այլ բան՝ դրանից օգտվելը»,-եզրափակեց Հելեն Քլարկը:
Անդրադառնալով իր երկրի առավելություններին՝ բանախոսը նշեց, որ Նոր Զելանդիան աշխարհում առաջին պետությունն էր, որտեղ կանայք պայքարեցին եւ հաղթեցին իրենց իրավունքներում: Միայն թե այդ պայքարից 40 տարի պահանջվեց, մինչև ընտրվեց առաջին կին պատգամավորը: Նկատենք, որ սա նաև առաջին երկիրն էր, որտեղ ներդրվեց ծերության թոշակը:
Մեր հարցին, թե կուտակային կենսաթոշակների շուրջ բանավեճն այսօր հիասթափեցրել է հայ հասարակությանը, ինչ կարծիքի է հատկապես Հայաստանում այս համակարգի ներդրման վերաբերյալ, նախկին կին վարչապետը պատասխանեց. «Նոր Զելանդիայում նախկինում, ինչպես արդեն ասացի, գործում էր ծերության կենսաթոշակը, սակայն մոտ 20 տարի առաջ հանրաքվե անցկացվեց եւ այն վերածվեց կուտակայինի: Բայց արդյունքը եղավ այն, որ մարդկանց մեծ մասը՝ մասնավորապես կանանց, իրենց կյանքի ընթացքում չէին կարողանում կուտակել այնքան, որ հասներ կենսաթոշակի սահմանված մակարդակին: Դժգոհության պատճառով համակարգը դրվեց քննարկման, եւ կրկին հանրաքվե անցկացվեց. ազգաբնակչության 91 տոկոսը մերժեց կուտակային կենսաթոշակը: Մեզ մոտ այսօր պահպանվում է ունիվերսալ կենսաթոշակը, ի վերջո շատերի համար այն միակ եկամտի աղբյուրն է»:
Արևիկ Հակոբյան