ՀՀ ոստիկանությունը վերջապես որոշել է հետաքննություն սկսել սեպտեմբերի 25-ին Ոսկու շուկայում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը տեսագրել էր, թե ինչպես է շուկայի տնօրեն Վաղարշ Աբրահամյանը ջարդուխուրդ անում շուկայի աշխատակիցների սեղանները, որոնցից մի քանիսի մեջ գտնվում էին այդ աշխատակիցների սեփականությունը հանդիսացող ոսկյա զարդեր: Վաղարշը իր շուկայում սեղանիկներ վարձակալած առեւտրականներին դրել էր սեփական ճորտերի տեղը` որոշելով, որ դա է նրանց «խելքի բերելու» արժանի եղանակը՝ միտինգներին չմասնակցելու համար: Ավելին, իրեն դաստիարակված մարդ համարող (այդ մասին նա երեկ ասել էր մեր թղթակցին) «դուքանչին» անգամ լրատվամիջոցների բարձրացրած աղմուկից հետո չէր ընկրկել` շարունակելով պնդել, որ ճիշտ է վարվել:
Այս ամոթալի, խայտառակ միջադեպից հետո, սակայն, ամենասարսափելին այն էր, որ ահաբեկված առեւտրականներից որեւէ մեկը չհանդգնեց Վաղարշի դեմ բողոք ներկայացնել Ոստիկանություն, ինչն ամենացցուն կերպով ի ցույց է դնում Ս. Սարգսյանի «Ապահով Հայաստանում» մարդկանց անապահովության, ավելին` ահաբեկվածության եւ վախի աստիճանը:
Եվ երբ շատերն իրենց քննադատական խոսքն են հնչեցնում այս ոսկերիչների կամ էլ, օրինակ, Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումից չընդվզող սյունեցիների դեմ, պետք չէ մոռանալ, որ այդ մարդիկ վախենում են իրենց օրվա հացի, իսկ Սյունիքում` անգամ կյանքի համար, եւ ընդվզելու փոխարեն` առաջին իսկ հնարավորության դեպքում հեռանում Հայաստանից:
Վերադառնալով Վաղարշի «քաջագործությունների» գործով հետաքննություն սկսելու որոշմանը՝ նկատենք, որ անցած ութ օրերի ընթացքում Ոստիկանությունը մատնված էր անգործության` Գլխավոր դատախազության եւ Քննչական կոմիտեի հետ միասին: Համենայն դեպս` «ժողովուրդ»- ի՝ նշված երեք կառույցներին ուղղված հարցումներին ի պատասխան ասվում էր, թե իրենք «հիմքեր չունեն» քննություն սկսելու համար՝ նաեւ հիշատակելով, որ հանցագործության մասին որեւէ բողոք չեն ստացել:
Սակայն այն բանից հետո, երբ նախօրեին ««Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն Վաղարշ Աբրահամյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացրեց ՀՀ ոստիկանություն եւ գլխավոր դատախազություն, այս կառույցների համար մեկեն «հիմքեր հայտնվեցին»` ի դեմս «միջադեպի վերաբերյալ մամուլի հրապարակումների»:
Փաստորեն` Ոստիկանությունում հասկանալով, որ այս հարցով աղմուկը չի դադարելու, եւ իրենք էլ ուզած-չուզած` ստիպված են լինելու քննել «Քաղաքացիական հասարակության ինստիտուտի» հաղորդումը, որոշեցին, դեմքը փրկելու նպատակով, հետաքննությունն սկսել: Եվ դա արդեն իսկ հիմքեր է տալիս հոռետեսական կանխատեսումներ անելու առ այն, որ չափազանց «դաստիարակված» Վաղարշը հանգիստ կշարունակի ուտել իր բաղարջը` հարցերը լուծելով համապատասխան ատյաններում: