ՍԴ դիմելու որոշումը ճիշտ էր. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվ այսպես` 34 պատգամավորների ստորագրությամբ երեկ ԱԺ նախագահին է ներկայացվել «Կուտակային կենսաթոշակների մասին» նոր օրենքը հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ 500 էջանոց դիմում, որը նա, ըստ սահմանված կարգի, պետք է ուղարկի Սահմանադրական դատարան:
Ինչպես հայտնի է՝ կրկին ՍԴ դիմելու առաջարկին դրական էին վերաբերվում քառյակի ուժերից հիմնականում ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն, մինչդեռ «ժառանգությունը» եւ ՀԱԿ-ը դա ժամանակի անիմաստ կորուստ էին համարում: Երեկվա դիմումի տակ ստորագրել էին ՀԱԿ-ից միայն Նիկոլ Փաշինյանը, ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի բազմաթիվ անդամներ, ինչը բավականին կարեւոր է` հաշվի առնելով այս երկու ուժերի փոխհարաբերությունների վերջին շրջանի սառեցումը:

Չվիճարկելով ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» դիրքորոշումն այս հարցում՝ այնուամենայնիվ նկատենք, որ Սահմանադրական դատարան դիմելու որոշումը ճիշտ էր մի քանի առումներով: Նախ` սա ՍԴ գործունեության պատմության մեջ միակ դեպքն էր, երբ չնայած իշխանությունների հստակ եւ վճռական դիրքորոշմանը, կայացվեց ժողովրդի պահանջը թեկուզ մասամբ, սակայն բավարարող որոշում, որը, ինչ էլ ասենք, բավական գլխացավանք ստեղծեց կառավարության համար:

Իհարկե, այդ որոշման ոչ հստակ եւ միարժեք ձեւակերպումներից կառչելով` կառավարությունը շատ արագ ձեւեր գտավ ՍԴ որոշումը ֆորմալ կատարելով հանդերձ` սեփական քաղաքականությունն առաջ տանելու համար: Սակայն պնդել, որ իր խրթին որոշմամբ հենց նման ընթացք էլ կանխատեսել էր ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, իհարկե, դժվար է: Համենայն դեպս, դա առավել ցցուն է, եւ արդեն միանշանակ կերեւա այս դիմումի քննության ընթացքում: Եվ հենց թեկուզ միայն այս իմաստով` ոչ իշխանական ուժերի` դարձյալ ՍԴ դիմելու նախաձեռնությունն անհրաժեշտ էր եւ տեղին:

Բացի այդ` պետք չէ մոռանալ, թե ինչպիսի իրավիճակում ՍԴ-ն կայացրեց պարտադիր կուտակային համակարգի մասին օրենքի հայտնի կետերը հակասահմանադրական ճանաչելու իր որոշումը: Կասկածից դուրս է, որ այդ հարցում վճռորոշ նշանակություն ունեցավ հանրային աննախադեպ հզոր ընդվզումը, որին որոշակի պահի միացան նաեւ ընդդիմադիր քաղաքական ուժերը: Ուստի հիմա, երբ սպասվում է քաղաքական իրավիճակի թեժացում եւ հանրահավաքային պայքար, ՍԴ-ն առավել, քան նախորդ անգամ, փորձելու է հնարավորինս անկողմնակալ լինել իր քայլերում: Իսկ ընդդիմության պայքարի սրացման եւ հանրային ճնշման մեծացման դեպքում առավել հավանական է, որ իշխանությունները ստիպված լինեն գոնե այս հարցում զիջման գնալ:




Լրահոս