ՀՀ-ի ԵՏՄ-ին անդամակցությունն` Ադրբեջանին նվե՞ր. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 10-ին մնացել է ընդամենը երկու օր, սակայն մինչ այժմ հայտնի չէ, թե ինչ է մեզ սպասվում այդ օրը: Ընդ որում, խոսքը ոչ միայն եւ ոչ այնքան եռյակի հրավիրած հանրահավաքի մասին է, որքան Մինսկում ծավալվելիք զարգացումների, որոնք վճռորոշ նշակություն են ունենալու Հայաստան պետության համար` անկախ այն բանից, թե առաջիկա տարիներին ով կլինի իշխանության ղեկին: Սակայն այնպիսի տպավորություն է, որ Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցության պայմանագրի ստորագրումն ամենեւին էլ չի հուզում ո՛չ քաղաքական ուժերին, ո՛չ էլ այս օրերին նրանց հրավիրած հանրահավաքներին գնացող ժողովրդին:

Մինչդեռ անդամակցության դեպքում սպասվելիք անմխիթար տնտեսական հեռանկարից զատ, ԵՏՄ-ի մասին պայմանագրի հրապարակված նախագծից հստակ է դառնում, որ ներկայումս միանգամայն ռեալ է անդամակցության դեպքում Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ մաքսակետի տեղադրման վտանգը: Իսկ թե դա իր հերթին ինչպիսի նոր վտանգներ կարող է առաջ բերել, դժվար չէ հասկանալ: Սկսած այդ մաքսակետը ընդհանուր` ԵՏ միութենական ուժերի կողմից վերահսկելուց, ավարտած` ԼՂՀ-ն՝ որպես Ադրբեջանի տարածք ընդունող (համենայն դեպս` թե՛ Բելառուսը, թե՛ Ղազախստանը եւ թե՛ անգամ Ռուսաստանը բազմիցս հայտարարել են, որ իրենք ընդունում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ասել է թե` Ղարաբաղը համարում են Ադրբեջանի անքակտելի մաս) ԵՏՄ եռյակի կողմից որպես այլընտրանք` այդ մաքսակետում նաեւ ադրբեջանական սահմանապահների տեղակայման վերաբերյալ Ադրբեջանի պահանջների բավարարումը` վերջինիս եւս ԵՏՄ ընդգրկելու դիմաց:

Նման զարգացումների հավանականությամբ ոգեւորված` արդեն իսկ ադրբեջանական փորձագիտական եւ քաղաքական շրջանակներում հայտարարություններ են հնչում, որ ՀՀ-ի` ԵՏՄ-ին անդամակցությունից ավելի լավ նվեր դժվար էր անել Ադրբեջանին, եւ որ այդպիսով` կարվի Ղարաբաղը Ադրբեջանից «պոկելու» առաջին անվերադարձ քայլը:
Իսկ ինչպես են այս ամենին արձագանքում Հայաստանի քաղաքական ուժերն ու հանրությունը. բացարձակապես ոչ մի կերպ: ՀՀ քաղաքագիտական շրջանակներն ու լրատվամիջոցները զբաղված են «շատ կարեւոր» մի խնդրով` առաջիկա հանրահավաքում իշխանափոխության պահանջի լինել-չլինելու շուրջ կանխատեսումներ անելով: Մինչդեռ նույնիսկ, եթե այդ պահանջը հնչի եւ անգամ իրագործվի էլ, ԵՏՄ-ին անդամակցելու դեպքում արդեն ուշ կլինի: Ուստի, եթե եռյակի ուժերն իրապես մտահոգված են Ղարաբաղի ճակատագրով, հարկ է, որ այսօր Գյումրիում կայանալիք հանրահավաքում՝ որպես առաջնային պահան, հնչեցնեն իրենց հրապարակած 12 կետանոց պահանջագրի ամենավերջին` Ղարաբաղին վերաբերող կետը` այդպիսով նաեւ ցույց տալով, որ իրենց առաջնային նպատակը ոչ թե իշխանության հասնելն է` զուտ իշխանության, այլ՝ Սերժ Սարգսյանի նախաձեռնած կործանարար գործընթացը վիժեցնելը:




Լրահոս