Կլոր սեղան՝ Մոսկվայի և Երևանի երիտասարդների միջև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանի և Մոսկվայի կառավարության միջև ստորագրված 2014-2016թթ. համագործակցության ծրագրով Երևանում անցկացվել է «Երիտասարդական քաղաքականության ասպարեզում Մոսկվայի և Երևանի միջև համագործակցության զարգացմանը նվիրված կլոր սեղան»: Հանդիպում-քննարկմանը մասնակցել են ավելի քան 30 երիտասարդներ՝ հայաստանյան և ռուսաստանյան տարբեր կազմակերպություններից, ինչպես նաև Մոսկվայի կառավարության համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներ:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանը, ողջունելով ծրագրի մասնակիցներին, կարևորել է կլոր սեղանի անցկացումը՝ փորձի փոխանակման և համատեղ նախագծերի իրականացման տեսանկյունից: Յուրի Մամիկոնյանը նաև ընդգծել է, որ հատկապես վերջին տարիներին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հատուկ ուշադրություն է դարձնում քաղաքային ծրագրերում երիտասարդության ներգրավվածությանը: Այդ նպատակով ձևավորվել է քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհուրդ:

Ըստ օրակարգի՝ կողմերը հանդես են եկել երիտասարդական քաղաքականության իրականացման, կամավորական շարժման զարգացման, քաղաքային սոցիալական նախագծերում երիտասարդության ներգրավվածությանն առնչվող զեկույցներով: Բացի այդ, քննարկվել են մշակութային և հասարակական կենտրոնների ձևավորման և զարգացման հնարավորությունները:

Երիտասարդները ներկայացրել են իրենց մոտեցումներն ու առաջարկները և պայմանավորվածություն ձեռք բերել շարունակելու համագործակցությունը և առաջիակայում քննարկելու համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս