Հակահայկական զեկույցը կարող էր և կանխվել. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 1-ին ԵԽԽՎ-ում ընդունված «Բռնության սրացումը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ բռնագրավված տարածքներում» խայտառակ անվանումով զեկույց պատրաստելու մասին որոշումը կարծես թե ՀՀ իշխանություններին որեւէ կերպ չի հուզում: Համենայն դեպս` մինչ օրս այս խնդրի շուրջ ոչ ԱԺ ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչները, ոչ էլ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը չեն արտահայտել իրենց հրապարակային դիրքորոշումը:

Հավանաբար նաեւ այդ պատճառով է, որ այս խնդրի շուրջ երեկ հայտարարություն է արել ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը` պատասխանելով Tert.am-ի հարցերին: Բացասական գնահատելով նշված զեկույցի պատրաստման մասին որոշումը` ԼՂՀ ԱԳՆ-ից, մասնավորապես, ասել են.«Այն, ինչպես նաև ԵԽԽՎ-ում ընդունված 2005 թ. թիվ 1416 բանաձևը, որը նույնպես պարունակում էր անթույլատրելի ձեւակերպումներ, կրելով զուտ քարոզչական բնույթ, ամբողջովին տեղավորվում են Ադրբեջանի կողմից որդեգրված քաղաքականության մեջ՝ ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության խափանմանը։ Ակնհայտ է, որ որեւէ քաղաքական ազդեցություն նշված զեկույցը և նրա հիման վրա պատրաստվելիք բանաձեւը չեն կարող ունենալ, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խումբը միջազգայնորեն, այդ թվում նաեւ ԵԽԽՎ-ի կողմից ընդունված միակ ձեւաչափն է, որը զբաղվում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմամբ»:

Ինքնին հասկանալի է, որ ԼՂՀ ԱԳՆ-ին այլ բան չի մնում, քան ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության թույլ տված աններելի բացթողման ե՛ւ դրանից առաջ, ե՛ւ հետո ՀՀ ԱԳՆ-ի բացարձակ անգործության պայմաններում փորձել ինքնասփոփվել` նշելով, թե այս զեկույցը եւ դրա հիման վրա պատրաստվելիք բանաձեւը քաղաքական ազդեցություն չեն ունենա: Իրականում հենց միայն այն, որ դա, ի թիվս բազմաթիվ այլ հակահայկական փաստաթղթերի, կարող է հերթական հաղթաթուղթը դառնալ ադրբեջանցիների համար, որոնք տարբեր ամբիոններից անընդհատ կհիշատակեն այդ մասին (ինչպես, օրինակ, անում են ՄԱԿ-ի հայտնի 4 բանաձեւերի դեպքում), ինքնին քաղաքական ազդեցություն է:

Ինչպես արդեն բազմիցս առիթ ենք ունեցել համոզվելու` թե՛ ԱԺ-ում, եւ թե՛ կառավարությունում պատասխանատու ատյանները գնում են կայացած իրադարձությունների հետեւից` փորձելով պոստֆակտում արդարացումներով եւ դատապարտումներով հանդես գալ: Այս դեպքում, սակայն, անգամ ուշացած դատապարտումներ չհնչեցին, էլ չասած զեկույցը կանխելու մասին, որի հնարավորությունը, ի դեպ, հայկական պատվիրակությունն ուներ, քանզի այս հակահայկական զեկույցի պատրաստման` ԵԽԽՎ-ի մտադրության մասին հայտնի էր դեռ նախորդ` ամառային նստաշրջանի ավարտին: Բայց ինչպես տեսնում ենք, մեր ԱԺ-ում եւ ԱԳՆ-ում զբաղված են շատ ավելի կարեւոր գործերով:




Լրահոս