Երեկվա հանրահավաքի թերեւս ամենաանսպասելի հայտարարությունը «հրաշալի քառյակ»-ի պահպանվելու մասին Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունն էր: Իր ելույթի հենց սկզբում ՀԱԿԿ առաջնորդը հայտնեց, որ այսուհետ «նույնքան հրաշալի քառյակը» համալրելու է Հայաստանի ժողովրդական կուսակցությունը` Ստեփան Դեմիրճյանի գլխավորությամբ:
Այդպիսով` ազդարարվեց, որ այսուհետ Դաշնակցությունը քառյակի մաս չի կազմում: Նկատենք, որ չնայած հանրահավաքին չմասնակցելու ՀՅԴ որոշմանը, մինչ օրս պաշտոնական հայտարարություն չէր եղել այն մասին, որ ԱԺ ոչ իշխանական քառյակի ձեւաչափն այլեւս գոյություն չունի: Երեկվա հայտարարությամբ ՀՅԴ-ի «քառյակազերծումը», փաստորեն, Տեր-Պետրոսյանի բառապաշարով ասած` դարձավ անշրջելի գործընթաց:
Բայց այստեղ կարեւորն այն է, թե որն էր ՀՅԴ-ի «սուրբ տեղը դատարկ չթողնելու» Տեր-Պետրոսյանի որոշման հիմնապատճառը (իսկ որ դա հենց նրա որոշումն է, կասկածից դուրս է): Դժվար է հավատալ, որ դա արվեց ամիսներ առաջ իր կողմից շրջանառության մեջ դրված «հրաշալի քառյակ» ձեւակերպումը շրջանառությունից չհանելու համար: Առավել հավանական է այն, որ ՀԱԿԿ առաջնորդը նախորդ ընտրություններում հավատարմության եւ երկրորդ պլանում մնալու պատրաստակամության առումով փորձված Ստեփան Դեմիրճյանին ներդրեց նորացված քառյակում` փորձելով ապահովագրվել երկյակի վերածվելու հնարավոր անցանկալի հեռանկարից, եթե ինչ-որ մի պահի իր իմպուլսիվ եւ փոփոխական քաղաքական վարքագծով հայտնի «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը որոշի վերստին հետաքրքրվել տիկին Ռիտայի առողջությամբ: Առավել եւս, որ նա վերադարձել է իր «նախածոմային» տեսքին (իսկ մենք գիտենք, որ նրա քաղաքական հայացքներում փոփոխությունը կապվում է իմիջային փոփոխության հետ):
Ամենեւին պետք չէ բացառել նաեւ ԲՀԿ-ի մասով «քաղաքագիտական վերլուծության» սողանցքների ի հայտ գալը, եթե Գագիկ Ծառուկյանը, «ասենք թե»` «նախագահ ջանի» հետ հերթական հանդիպումից հետո որոշի հիշեցնել, որ ինքը դեռ անցած մայիսին էր հայտարարել, թե ԲՀԿ-ն ընդդիմություն չի դառնալու: Իսկ նախօրեի` առաջադրվելու մասին հայտարարությունն էլ արվել էր այն դեպքի համար, եթե «ասենք թե»` իր կողմից նշված չորս թեկնածուներից հատկապես մեկը որոշեր հեռանալ: Եվ, բնականաբար, այդ մեկի դերում նա նկատի էր ունեցել հենց Սերժ Սարգսյանին:
Այդ դեպքում, ահա, ՀԱԿ-ը ընդդիմադիր դաշտում կմնար ընդամենը մեկ դաշնակից ուժի հետ, ինչի պարագայում, համաձայնեք, դժվար կլիներ խոսել «համաժողովրդական շարժման» մասին:
Ուստի պետք էր ԱԺ սեփական` ՀԱԿ խմբակցության պատգամավորին երկրորդ անգամ ներդնել ոչ իշխանական քառյակում` արդեն նոր` կուսակցապետի մակարդակով: Ինչը, սակայն, բավականին պարզունակ հնարք էր, առավել եւս, հաշվի առնելով այն, որ մինչ այդ եռյակին միանալու մասին հայտարարել էր նաեւ ՀԱԿ խմբակցության մեկ այլ կուսակցապետ անդամ` ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: