ԵՐԿԻՐԸ՝ ԿՈՐԾԱՆՄԱՆ ԱՌԱՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության վերջին զեկույցը, որ վերնագրվել է «ՀՀ սոցիալ-տնտեսական իրավիճակը 2012թ. հունվար-մարտ ամիսներին», բավական ուշագրավ տվյալներ է պարունակում. բոլոր ցուցանիշները գալիս են ապացուցելու, որ Հայաստանը գնում է դեպի կործանում:
Ամենամտահոգիչը, թերեւս, երկրի ժողովրդագրական վիճակն է: «Ժողովուրդ»-ն առիթ ունեցել է անդրադառնալու արտագաղթի ծավալներին. այս տարվա առաջին եռամսյակում ՀՀ բոլոր սահմանային անցման կետերով երկրից դուրս եկած ու վերադարձած ՀՀ քաղաքացիների թիվը կազմել է -25 հազար 394 մարդ: Սա նշանակում է, որ միայն երեք ամսում արտագաղթել է ավելի քան 25 հազար մարդ: Մինչդեռ 2011թ. առաջին եռամսյակում այս թիվը 19 հազար 543 էր: Նկատենք, որ արտագաղթում են հիմնականում տղամարդիկ:
Բայց սա դեռ ամենը չէ. պարզվում է՝ գնալով նվազում է ծնունդների թիվը. 2012թ. առաջին եռամսյակում ՀՀ-ում ծնվել է 9 հազար 569 երեխա, մինչդեռ նախորդ տարի նույն ժամանակահատվածում ծնվածների թիվը կազմել է 10 հազար 144: Փոխարենը ավելացել է մահացությունների թիվը. այս տարի հունվար-մարտ ամիսներին գրանցվել է 7 հազար 953 մահ՝ նախորդ տարվա 7 հազար 784 փոխարեն:
ԱՎԾ հրապարակած տվյալների համաձայն՝ ՀՀ-ում ծնելիության թիվը նվազել է ոչ միայն ըստ եռամսյակային տվյալների, այլ նաեւ տարեկան ցուցանիշներով: ԱՎԾ պաշտոնական տվյալների համաձայն՝ 2010թ. ծնվել է 44 հազար 825 երեխա, իսկ 2011թ.՝ 43 հազար 447 երեխա: Առաջին հայացքից միգուցե այս տարբերությունն այնքան էլ մեծ չերեւա: Բայց նման ցուցանիշները երեւում են համեմատության մեջ: Ու եթե ՀՀ-ում ծնվածների թիվը համեմատենք Ադրբեջանի հետ, ապա պատկերն առավել քան մտահոգիչ է. 2011թ. Ադրբեջանում ծնվել է 175 հազար 400 երեխա: Ընդ որում, այս ցուցանիշն այդ երկրում ամենաբարձրն է վերջին 17 տարվա մեջ: Այլ կերպ ասած, եթե ՀՀ-ում տարեցտարի նվազում է ծնելիության ցուցանիշը, ապա հարեւան երկրում այն աճում է: Ընդ որում, Հայաստանում ծնելիության նման ցածր ցուցանիշը գալիս է «լրացնելու» արտագաղթի առանց այն էլ բարձր թվերին:
Հայաստանում բավական վատ է վիճակը ոչ միայն դեմոգրաֆիական, այլեւ սոցիալ-տնտեսական առումով: Վերցնենք, օրինակ, ներկրման ու արտահանման ծավալների տարբերությունը:  Հայաստանը շարունակում է մնալ որպես ներկրող երկիր: Մինչդեռ զարգացած երկրներում բոլորովին հակառակ պատկերն է՝ գերակշռող պետք է լինեն արտահանման ծավալները: Ըստ ԱՎԾ տվյալների՝ արտաքին առեւտրաշրջանառության ծավալը 2012թ. հունվար-մարտին կազմել է 1303.7 մլն ԱՄՆ դոլար: Դրանից 347.6 միլիոնը գրանցվել է արտահանման, եւ 956.1 մլն դոլարը՝ ներկրման արդյունքում: Ասել է թե՝ արտահանման ծավալները մոտ 3 անգամ գերազանցել են ներկրման թվերին:
Ինչ վերաբերում է արտաքին պարտքի ծավալներին, ապա սրա թիվը եւս բավական աճել է. այն հասել է 4 մլրդ 196 մլն դոլարի եւ կազմում է ՀՆԱ 49.2 տոկոսը: Մինչդեռ, 2010թ տվյալներով`  ՀՀ արտաքին պարտքը կազմում է ՀՆԱ-ի 44,4 տոկոսը կամ 3 մլրդ 795 մլն դոլար: Արտաքին պարտքը հիմնականում ավելացել է 2009թ. հետո: Ասել է թե՝ իշխանություններն այս տարիների ընթացքում միայն տոկոսով պարտք են վերցրել, իսկ գումարները վճարելու է հաջորդ սերունդը: Մոտավոր հաշվարկներով՝ ՀՀ քաղաքացիներից յուրաքանչյուրը պարտավոր է առաջիկա տարիներին 1231 դոլար վճարել՝ իշխանությունների վերցրած պարտքերի համար:
Ցանկացած նորմալ երկրում նման ցուցանիշներ գրանցած իշխանությունները պարզապես կհեռանային: Մինչդեռ Հայաստանում բոլորովին այլ իրավիճակ է: Իշխանություններն ամեն գնով խուսափում են պատասխանատվությունից:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս