«ՈՉԻՆՉ ՉԻ ՎԵՐԱԴԱՐՁՆԻ ՄԵՐ ԱՍԼԱՆ ՏՂԵՐՔԻՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 27-ին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Այգեպար-Մովսես հատվածում ադրբեջանցիների կողմից սպանվել են պայմանագրային զինծառայողներ` 25-ամյա Արամ Եսայանը,  21-ամյա  Արշակ Ներսիսյանը եւ 27-ամյա Դավիթ Աբգարյանը: Ադրբեջանական խմբի հարձակման պահին նրանք ո՛չ զինվորական մեքենայով են եղել, ո՛չ էլ համազգեստով, ինչն էլ ենթադրել է տալիս, որ հարձակումը ծրագրված է եղել ոչ թե կոնկրետ զինվորականների, այլ հենց գյուղի խաղաղ բնակիչների դեմ:
Ադրբեջանցիները զինված են եղել խլացուցիչ զենքերով, հետեւաբար հայազգի զինծառայողները մոտալուտ վտանգը չեն զգացել: Ամեն ինչ սկսվել է դիմապակու փշրվելուց հետո: Զոհված զինծառայողների հարազատների պատմելով՝ դեպքը տեղի է ունեցել հայկական 2 հենակետերի միջեւ ընկած տարածքում՝ հողաշեն թունելի մեջ: Բերդի բնակիչ Արարատ Աբգարյանի խոսքերով՝ ադրբեջանական հենակետերը սահմանից 1 կմ վրա են, սական վաղուց այդ տարածքում ադրբեջանական  հարձակումներ տեղի չէին ունեցել: Զոհված Դավիթի մայրը՝ 48-ամյա Սոֆյա  Օհանյանը, հաղթահարելով ներքին ցավը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմեց, որ տղան այդ օրը ծառայության մեջ չի եղել: Ընկերոջ խնդրանքով Արամի հետ  անձնական «ՎԱԶ 2107» մակնիշի մեքենայով բարձրացել է դիրքեր: Վերադարձին  նրանց է միացել Արշակը` կես ժամով հարեւան հենակետ գնալու նպատակով: Ու այդ 30 րոպեները ճակատագրական են դարձել տղաների կյանքում: Իրական կյանքում  գրեթե միանման կենսագրություն ունեցող դրկից տղաները միանման էլ վախճան ունեցան: Ազերու բարբարոս գնդակից մի ակնթարթում երեք նորաստեղծ օջախներում  միաժամանակ մարեց լույսը:
Տղաները, ինչպես պարզվեց հարազատների հետ զրույցից, բոլորն էլ  բազմանդամ, ռանչպար ընտանիքի զավակներ էին: Միշտ ապրել են հարազատ հողում, սովորել են, արարել, ընտանիք կազմել, որպեսզի չվերջակետվի ազգի լինելիությունը:  Հայրենասիրության  դասեր ստացել են  զինվորական հայրերից: Տղաները  երեքն էլ ծառայել են Լեռնային Ղարաբաղի զորամասերում: Ծառայությունն ավարտելուց հետո վերադարձել են հայրենի շեն: Լինելով ընտանիքի ավագ զավակները՝ հացի խնդիր լուծելու նպատակով անցել են պայմանագրային զինծառայության: «Արամիս դուստրը՝  երկու տարեկան Լուիզան, գրկում է հոր նկարը, սեղմում կրծքին ու սպասում նրա վերադարձին: Բա ի՞նչ անի նրա 25-ամյա այրին»,-ասում է  Ա. Եսայանի հորաքույրը: Իսկ 21-ամյա Արշակի հայրը՝ ՀԱԲ ջոկատի ազատամարտիկ Վոլոդյա Ներսիսյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ կհարգի հարսի` 18-ամյա Արմինեի ցանկացած որոշում. մնա՞լ, թե՞ վերադառնալ հայրական օջախ: Նույն իրավիճակում է հայտնվել նաեւ Դավիթի կինը:
«Թուրքը մնում է թուրք՝ ավելի կատարելագործված ու ստոր: Ոչինչ չի կանգնեցնի մեզ: Ես իմ մյուս տղաների հետ շարունակելու եմ մեր պապերի սկսած կռիվը»,-ասում է Արշակ Ներսիսյանի հայրը:
Զոհված զինծառայողների ընտանիքներն իրենց սատարելու համար գոհունակություն են հայտնում ՊՆ-ին, Տավուշի մարզպետարանին, Բերդի քաղաքապետարանին, քաղաքի բնակչությանը՝ միաժամանակ նշելով. «Ոչ մի նյութական ու բարոյական աջակցություն մեզ չեն վերադարձնելու մեր ասլան տղերքին»:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս