Հոկտեմբերի 10-ի հանրահավաքում իր ելույթն անավարտ թողած Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ հարցազրույց է տվել ոչ ընդդիմադիր համարվող լրատվամիջոցներից մեկին` հայտարարելով, թե եռյակի ուժերը չունեն միասնական օրակարգ: Այն, որ դա այդպես է` տեսանելի էր դեռ հանրահավաքի ընթացքում, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը Րաֆֆի Հովհաննիսյանին, ըստ էության, անվանեց «մարդկանց մտքերը պղտորող», որի «ջղաձգումներն արդեն զավեշտի են վերածվում»:
Նա, իհարկե, ԵՏՄ-ի անդամակցության «անշրջելի գործընթացին» ընդդիմացող «երկու-երեք տասնյակ մարդկանց» թվում չտվեց անձամբ Րաֆֆի Հովհաննիսյանի անունը, բայց դրա կարիքը չկար էլ, քանզի Տեր-Պետրոսյանից ընդամենը մի քանի րոպե առաջ ունեցած իր ելույթում Րաֆֆի Հովհաննիսյանը ԵՏՄ-ին անդամակցության որոշումը գնահատել էր որպես «Հայաստանի անկախության վաճառք»: Ուստի ակնհայտ է, որ Տեր-Պետրոսյանի կոշտ որակումները վերաբերում էին նաեւ (եթե ոչ՝ առաջին հերթին) ԵՏՄ-ի մասին չխոսելու` կանխավ ձեռք բերված պայմանավորվածությունը խախտած Րաֆֆի Հովհաննիսյանին:
Բայց այս տարակարծությունը եռյակի ուժերի միջեւ առկա խնդիրներից, թերեւս, ամենահեշտ լուծելին է: 2013թ-ին իր «հաղթանակը Մոսկվայից բերելու» գնացած Րաֆֆի Հովհաննիսյանի համար դժվար թե մեծ խնդիր լինի ԵՏՄ-ի հարցով այլեւս իր «ջղաձգումներն» ի ցույց չդնելը: Ի վերջո, եթե նա քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ այդքան հեշտությամբ մոռացավ, թե ինչպես էր 2011-ին նույն այդ Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնող Լեւոն Տեր-Պետրոսյանը քամահրանքով հրաժարվում իր ծոմապահ ձեռքը սեղմելուց, եվ կամ` ինչպես էր նույն ԲՀԿ-ի ղեկավարությունը 2013-ին իր առաջադրումը համարում քաղաքական թատրոն եւ հրաժարվում որեւէ կերպ աջակցել, ապա ԵՏՄ-ի մասին առժամանակ լռելն առհասարակ դժվար չպետք է լինի` եռյակից դուրս չմղվելու համար:
Այլ հարց է, թե դեռ որքան եւ ինչ չափով է ՀԱԿԿ առաջնորդը ցանկանում Րաֆֆուն տեսնել եռյակի մեջ: Դրա համար, ինչպես արդեն նշել ենք, նա ունի շատ ավելի համեստ եւ նախագահական ամբիցիաների մասին արդեն մոռացած Ստեփան Դեմիրճյանին, որին էլ շտապեց բերել հարթակ` այդպիսով, ըստ էության, նախապատրաստելով Րաֆֆու անցնցում փոխատեղումը:
Իր երեկվա «նախազգուշական հարցազրույցով» Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն իսկ ուրվագծել է նման հեռանկարի՝ թեկուզեւ դեռ փոքր, բայց առկա հավանականությունը: Այդ թվում նաեւ շեշտելով, որ իր համար կարեւոր է ոչ թե ԲՀԿ եւ ՀԱԿ առաջնորդների կողմից «իշխանափոխություն բառի արտասանումը, այլ ժողովրդին հուսախաբ չանելը»: Ասել է թե` նա արդեն իսկ հրապարակավ կասկածի տակ է դնում եռյակի իր դաշնակիցների` ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի առաջնորդների անկեղծությունը` իրենց իսկ կուսակիցների կողմից ավելի վաղ հայտարարած իշխանափոխության միասնական օրակարգի իրականացման հարցում: