Մամուլի աշխատողի օրը Հովհ. Մանուկյանը հիշեց սրբագրիչ ընկերոջը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը շնորհավորել է Մամուլի աշխատողի օրվա առթիվ: Նրա՝ համացանցում արված գրառումն armlur.am-ը ներկայացնում է ստորև.

«Մի ընկեր ունեմ, տարիներ առաջ սրբագրիչ էր աշխատում: Մի օր պայմանավորվել էինք հանդիպել: Երկար սպասեցի, տեսա չի գալիս, որոշեցի գնալ խմբագրություն: Սիրալիր պահակի հետ մի երկու բառ փոխանակեցի ու մտա ներս: Ինձ տեսավ, շատ ուրախացավ, թեև անակնկալի եկավ. ըստ երևույթին մոռացել էր մեր հանդիպման մասին: «Ինչ լավ ա, որ եկար, նստիր էս լավաշը կարդա, որ պետք ա էջը կապենք» – արագ-արագ, վազող լեզվով դիմեց ինձ:

Գլխի ընկա ինչ է ուզում ու սկսեցի կարդալ երկաթուղու մասին հոդվածը: Ես դեռ մատիտով փորձում էի իմ նկատած վրիպակներն ուղղել, ընկերս կեսկատակ հայտարարեց. «Մինչև գործդ ավարտես՝ ես վաղը չէ մյուս օրվա թերթն էլ սրբագրեմ, ու հետո դուրս կգանք»: Այստեղ համբերությունս սպառվեց և իմ սրբագրիչի «առաքելությունը» անավարտ մնաց …

Հետո երկար եմ մտածել, թե ինչքան պետք է սիրես գործդ, որ ոչ միայն սրբագրիչ աշխատես, այլև հաճույքով կատարես ամենօրյա «ռուտինդ», որպեսզի առավոտյան մարդիկ գրագիտության տեսանկյունից անթերի թերթ ստանան:

Այսօր Մամուլի աշխատողի օրն է, և ես առաջինը նրան հիշեցի:

Շնորհավորում եմ բոլորին, ովքեր լծված են մեր հասարակության և քաղաքացու տեղեկատվություն ստանալու իրավունքի սպասարկմանը, ովքեր ազնվորեն են կատարում իրենց գործը և աշխատում են լրատվական դաշտը զերծ պահել «վիրուսակիր» տեղեկատվությունից, ովքեր իրենց համարում են ոչ թե հասարակական տրամադրությունների ճարտարապետն ըստ իրենց ճաշակի, նախասիրությունների և համակարանք-հակակրանքի, այլև իրենց համարում են խոսքի ազատության նվիրյալ մարտիկներ և համեստ, բայց կարևոր խողովակ՝ տեղեկությունից դեպի դրա սպառողը:

Ձեր բոլորի բարեխիղճ աշխատանքով է չափվում տեղեկատվության բովանդակային և տեխնիկական որակը: Հավատացնում եմ, որ նվիրումով և սրտացավ վերաբերմունքը գնահատվում է…»:




Լրահոս