Հետզհետե ավելի տեսանելի է դառնում, որ ոչ իշխանական եռյակի ուժերի միջեւ ոչ սիմետրիկ փոխհարաբերություններ են: Ու թեեւ իշխանափոխության պահանջի հնչեցման առումով ՀԱԿ-ի ու «Ժառանգության» տեսակետներն առավել համահունչ են թվում, այդ երկու ուժերի փոխհարաբերություններն այնքան էլ անամպ չեն:
Դեռ հանրահավաքի օրը Ռուսաստանի դեմ չխոսելու «սուրբ սկզբունքը» խախտած Րաֆֆի Հովհաննիսյանն արժանացավ Տեր-Պետրոսյանի հրապարակային պարսավանքին, իսկ նրա դիրքորոշումն էլ որակվեց որպես «անպատասխանատու» մարդու «զավեշտի վերածվող ջղաձգում»:
Ու որքան էլ Հովհաննիսյանը հայտարարի, թե ինքը չի վիրավորվել Տեր-Պետրոսյանի այս որակումներից, ակնհայտ է, որ դրանից ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» հարաբերությունները, մեղմ ասած, չեն ջերմացել: Եթե չասենք, որ դրանք հետզհետե խորացող ճաքեր են տալիս, որոնք դրսեւորվում են Հովհաննիսյանի` միասնական օրակարգ չունենալու փաստը բացահայտող հարցազրույցով, ապա` կարկառուն ժառանգական Զարուհի Փոստանջյանի` ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի գործունեությանն ուղղված ջախջախիչ քննադատությամբ:
Սակայն միայն ՀԱԿ-ի հետ չէ, որ անամպ չեն «Ժառանգության» հարաբերությունները: Որքան էլ դա փորձ արվի քողարկել, բայց Րաֆֆի Հովհաննիսյանին ակնհայտ վերապահումով են վերաբերվում նաեւ «Բարգավաճ Հայաստան»-ում:
Դրա հերթական, թերեւս ակամա, դրսեւրումներից էր ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, վերջին շրջանում Ծառուկյանի առանձնակի վստահությունը վայելող Ստեփան Մարգարյանի՝ երեկ «Ազատությանը» տված հարցազրույցը: ԲՀԿ-ական պատգամավորը, պատասխանելով հարցին, թե ինչու Ծառուկյանը չխոսեց հոկտեմբերի 10-ի հանրահավաքում, ասում է հետեւյալը. «Ինչո՞ւ ոչ այդ օրը… բազմաթիվ պատճառներ կարող եմ ասել, բայց քննարկել ենք այդպես, որ այդ օրը խոսեր Տեր-Պետրոսյանը, հետո կխոսի Ծառուկյանը: Սա հատուկ իշխանությունների համար արված քայլ չէ»:
ԲՀԿ-ական պատգամավորի այս պարզաբանումից հետո դժվար է չհարցնել, բա Րաֆֆին՞, ի՞նչ է, Րաֆֆին այլեւս հաշիվ չէ՞: Չէ որ այդ հանրահավաքում բացի Տեր-Պետրոսյանից, խոսեց նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը: Եւ այն, որ նրա խոսքն ի սկզբանե արդեն ԲՀԿ-ում չի արժեվորվել, որտեղ քննարկումների արդյունքում որոշվել է,որ պետք է պահել ազդեցիկ առաջնորդների` Տեր-Պետրոսյանի եւ Ծառուկյանի խոսքի հերթականությունը, ցույց է տալիս, որ ԲՀԿ-ում, փաստորեն, Րաֆֆուն վերապահել են «պիտուշոկի» դեր:
Եվ որքան շուտ սա գիտակցի «Ժառանգության» առաջնորդը, ով ի դեպ, ընդամենը մեկուկես տարի առաջ Ազատության հրապարակը լցրել էր շատ ավելի հոծ ժողովրդով, այնքան ավելի լավ թե՛ իր` Րաֆֆու, եւ թե՛, առաջին հերթին, այդ նույն ժողովրդի համար: