Քնից արթնացած ընդդիմադիրն ուշացել է. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի ստորագրումից վեց օր անց «Հանրապետություն» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով ամրագրում է իր բացասական դիրքորոշումն անդամակցության շուրջ:

Հայտարարությունում, մասնավորապես, ասված է. «Անդամակցելով ԵՏՄ-ին` անկախության 23-րդ տարում ՀՀ անունից գործող իշխանություններն արեցին մի քայլ, որը վտանգում է ՀՀ ինքնիշխանությունը` սահմանափակելով արտաքին քաղաքական որոշումների ընդունման շրջանակները, փակուղու դատապարտում տնտեսության զարգացումը` կասեցնելով ինքնուրույն ֆինանսատնտեսական որոշումների ընդունումը»: Ապա ներկայացվում է անդամակցության դեպքում ՀՀ-ԼՂՀ ազատ հաղորդակցությանը սպառնացող վտանգը, նշվում է, որ այս անդամակցությունը ոչ միայն սխալ է, այլեւ հակասահմանադրական, եւ, որ ամենակարեւորն է, այն որւէ կերպ չի ապահովում Հայաստանի անվտանգությունը: Հայտարարության վերջում եւս մեկ անգամ ընդգծվում է, որ. «Հանրապետություն» կուսակցությունը դեմ է եղել եւ դեմ է Հայաստանի անդամակցությանը Մաքսային եւ Եվրասիական տնտեսական միություններին»:

Ինչ խոսք, միանգամայն համամիտ լինելով հայտարարության յուրաքանչյուր բառին եւ մտքին, չենք կարող, սակայն, չհարցնել.իսկ անցած մեկ տարվա ընթացքում ի՞նչ արեց կոնկրետ «Հանրապետություն» կուսակցությունը` Հայաստանի իշխանությունների` իրենց իսկ բնորոշմամբ «սխալ եւ հակասահմանադրական» այդ քայլը կանխելու ուղղությամբ: Ինչպես հիշում ենք՝ անցած սեպտեմբերի 3-ից հետո նույն Արամ Սարգսյանը թե՛ կուսակցության եւ թե՛ անձամբ իր անունից հայտարարեց, թե այսուհետ իրենց «անողոք պայքար են սկսելու» դեպի Մաքսային միություն ձգտող այս իշխանությունների դեմ: «Անողոք պայքար եմ մղելու», «անողոք ընդդիմություն եմ լինելու», այս խոստումները հնչեցրած «Հանրապետություն» կուսակցության ղեկավարը, սակայն, այդպես էլ որեւէ լուրջ քայլ չկատարեց եւ անցած մեկ տարվա ընթացքում, բացի հատուկենտ հարցազրույցներից, ըստ էության, բավականին ողոք իներտություն պահպանեց:

Թե ինչու, ո՞ր աշխարհաքաղաքական կամ տարածաշրջանային գործոնները հաշվի առնելով՝ «անողոք պայքար» խոստացած գործիչը մի ամբողջ տարի լռեց եւ որեւէ ռեալ նախաձեռնությամբ հանդես չեկավ, այս հարցի պատասխանը միանգամայն պարզ է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդի՝ ընդդիմադիր գործունեությանը քիչ թե շատ ծանոթ յուրաքանչյուրի համար: Ուստի Վաշինգտոնում հերթական «գալոչկան» ստանալու համար արված այս հայտարարության հեղինակը Հայաստանը դեպի անցյալ նետած ՀՀ իշխանություններին քննադատելուց առաջ հարկ է, որ ինքն իրեն էլ հարց տա. արդյո՞ք ինքն ու իր նման «անողոք պայքարիստները» չեն նաեւ մեղավոր, որ Սերժ Սարգսյանը կարողացավ միանգամայն անպատիժ ձեւով, իր իսկ խոստովանությամբ՝ «մեկ գիշերում», վճռել Հայաստանի Հանրապետության ճակատագիրն ու որեւէ հակազդեցության չարժանանալ:




Լրահոս