ՇՏԱԲԸ ՄՈՒԿ ԾՆԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընտրությունների վերահսկման միասնական շտաբը երեկ հանդես եկավ հայտարարությամբ՝ քննադատելով մայիսի 6-ին տեղի ունեցած ընտրակեղծիքները: Ընդ որում, գնահատականը բավական խիստ է. ընտրություններն ուղեկցվել են համատարած խախտումներով: «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, խախտելով օրենքի պահանջները, չի ապահովել բազմակի քվեարկության բացառմանն ուղղված ամենակարեւոր գործիքի՝ անձնագրերի դրոշմակնքման պատշաճ կիրառումը: Խիստ անարժանահավատ են նաեւ ընտրությունների ընթացքում օգտագործված ընտրացուցակը եւ ընտրություններին մասնակցած ընտրողների պաշտոնապես հրապարակված թիվը»,-նշել են շտաբի անդամ կուսակցություններն ու եզրակացրել. «Միասնական շտաբը արձանագրում է, որ մայիսի 6-ին կայացած ընտրությունների արդյունքում ձեւավորված խորհրդարանը չի արտացոլում ժողովրդի կողմից քաղաքական ուժերի աջակցության իրական պատկերը»:
Այսքանից հետո տարրական տրամաբանությունը հուշում է, որ այս կուսակցությունները պետք է ՀՀ Սահմանադրական դատարանում բողոքարկեն ԱԺ ընտրությունների արդյունքները: Համենայն դեպս, եթե ԱԺ այս ընտրություններն ընթացել են ընտրախախտումներով, ապա ՀՀ Սահմանադրությունը տալիս է բողոքարկման հնարավորություն: Բայց արի ու տես, որ այս շտաբի անդամ երեք քաղաքական ուժերից միայն Հայ ազգային կոնգրեսն է դիմելու ՍԴ, իսկ մյուս երկուսը՝ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն մտադիր չեն դիմել այդ քայլին:
Այս պահվածքը, մեղմ ասած, անհասկանալի է: Այդ դեպքում ի՞նչ իմաստ ուներ ընտրակեղծիքների մասին հայտարարելը, մեկ-երկու ամիս գործելը, եթե ընտրություններից հետո կեղծիքների բացահայտման ուղղությամբ որեւէ քայլ չպետք է անեն: Էլ չենք ասում, որ այս երկու ուժերի քայլն անընդունելի է նաեւ մարդկային տեսակետից. եթե ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն նախընտրական շրջանում միասին ձեռնամուխ են լինում ընտրակեղծիքների դեմ պայքարի, ուրեմն պետք է միասնական լինեն նաեւ հետընտրական պայքարում: Իհարկե, ընտրությունների վերահսկման միասնական շտաբի անդամ կուսակցությունների առաջ դեռ լուրջ հնարավորություն կա՝ միասնաբար ՍԴ դիմել, կամ էլ միասնաբար մանդատները վայր դնել ու փողոցում պայքարել՝ Ազատության հրապարակը դարձնելով այլընտրանքային խորհրդարան: Առավել եւս, որ նրանցից յուրաքանչյուրը հասարակության մեջ այսօր շատ ու շատ ավելի ձայն ունի, քան ընտրությունների պաշտոնական արդյունքներն են: Այդ դեպքում արդեն բացարձակ մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ն կհայտնվեր կոլապսի առաջ, եւ իշխանությունը պարզապես կկազմաքանդվեր: Իհարկե, այս սցենարին առավել շատ կհավատային քաղաքական ռոմանտիկները: Իրականությունն այն է, որ բացի Հայ ազգային կոնգրեսից, մյուս երկու ուժերն, ըստ էության, համաձայնելու են իշխանական կերակրատաշտից իրենց նետված մասնաբաժնին ու տաք անկյունում կծկվելուն: Այդպես նաեւ հիմնավորելով, որ ընտրությունների վերահսկման միասնական շտաբի ձեւավորումը նրանց համար ընդամենը քարոզչական հնարք էր ու իմիտացիա:




Լրահոս