Ի՞ՆՉ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ ԵՆ ԳՆԱՑԵԼ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ ընտրությունները շատերը թաքցնում էին իրենց քաղաքական դիրքորոշումն ու հստակ չէին ասում` գնալու են ընտրության, թե ոչ: Սակայն, ինչպես պարզվեց,  հարցվածների մեծ մասը գնացել է ընտրատեղամաս եւ կատարել իր քաղաքացիական պարտքը: Իսկ թե ինչ ակնկալիքներով ու սպասումներով են գնացել, ներկայացնում ենք ստորեւ:

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ
-Գնացել եմ ընտրություններին, որովհետեւ ուզում եմ, որ մեր ձայնով բան որոշվի: Պետք է ժողովրդի վիճակը լավանա, պետք է շատ բան փոխվի ու դեպի լավը, բա ուրիշ ձեւ էլ չի լինում:
-Պարո՛ն Սարգսյան, եթե չեմ սխալվում, Դուք «Դաշնակցության» անդամ եք: Ձեզ համար վիրավորակա՞ն չէր, որ «Օրինաց երկիր»-ը «Դաշնակցություն»-ից շատ ձայն հավաքեց:
-Շատ վիրավորական էր: Դա ինձ համար անսպասելի էր: Բայց դե գոնե նրանք մի բան անեն ազգի համար: Էս ժողովուրդն արժանի է լավ ապրուստի:

ՋԻՎԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ
-Շատ նորմալ, քաղաքավարի էր անցնում ընտրության կարգը, վատ բան չեմ տեսնում: Պետք է անպայման գնաս ու ընտրես, քո երկրի պատիվն է: Ես իմ ձայնի ուժին հավատում եմ:
-Իսկ ձայների բաշխումից գո՞հ եք:
-Ես մի բան կասեմ ու կեզրափակեմ: Այդքան շատ կուսակցությունները խանգարում են ժողովրդին ճիշտ կողմնորոշվել: Լավ, հիմա այս ժողովուրդն ի՞նչ անի, շփոթության մեջ է:
Հարկավոր է, որ բոլոր կուսակցությունները հավաքվեն կլոր սեղանի շուրջ ու միասին մտածեն երկրի առաջընթացի մասին, որ արդյունք լինի: Ով հաղթեց, ով չհաղթեց, դրանք անիմաստ խոսակցություններ են, կարեւորը գործ արվի, ու արդյունք լինի: Մեր երկրին էլ խաղաղություն լինի:
-Դուք որեւէ կուսակցության անդա՞մ եք:
-Ես ոչ մի կուսակցության էլ չեմ պատկանում:

ՆՈՒՆԵ ԵՍԱՅԱՆ
-Ինչպես միշտ, կատարել եմ քաղաքացու իմ պարտքը: Վստահ եմ, որ ընտրություններից հետո մեր երկրում շատ բան կփոխվի: Ես շատ պոզիտիվ եմ վերաբերում ու միայն լավ սպասելիքներ ունեմ:
-Գո՞հ եք գրանցված արդյունքներից, մասնավորապես` Հանրապետականի հավաքած ձայներից:   
-Այո՛, գոհ եմ, լիովին համաձայն եմ:
-Ձեր գոհունակությունից ենթադրում եմ, որ Ձեր ձայնը Հանրապետականի օգտին եք տվել:
-Այո՛, ճիշտ եք ենթադրում:

ԼՈՒՍԻՆԵ ԲԱԴԱԼՅԱՆ
-Գնացի ընտրությունների, բայց ոչ հավատով: Իմ կարճ խելքով համարեցի իմ քաղաքացիական իրավունքի խախտում, երբ ընտրաթերթիկի վրա չկար «բոլորին դեմ եմ» արտահայտությունը: Ես շատ մեծ հաճույքով գնացել էի քվեարկելու բոլորին դեմ, բայց իրականում չկար այդ բաժինը, ինչն ինձ համար իրավունքի խախտում էր: Ինչո՞ւ եք ինձ դնում փակուղու մեջ, որ ես ստիպված ընտրե՞մ որեւէ մեկին, չարիքի փոքրագույնի՞ն: Հիանալի գիտակցում էին, որ ժողովրդի մեծ մասը քվեարկելու է բոլորին դեմ:
-Եթե չկար «բոլորին դեմ» տարբերակը, այդ դեպքում ինչպե՞ս վարվեցիք:
-Չեմ ցանկանա մանրամասնել, թե ինչ արեցի ու ինչպես արեցի: Մի բան կասեմ, այն ջանքն ու եռանդը, որ կուսակցությունները ներդրեցին իրենց գովքն անելու ուղղությամբ, որքա՞ն գումար ծախսեցին, ի՞նչ միջոցառումներ կազմակերպեցին, մնացածի մասին էլ չեմ խոսում, եթե այդ ամբողջ ռեսուրսները, այդ աստղաբաշխական գումարները ներդնեին երկրի կենսապայմանների բարելավման համար, առանց մի վայրկյան կասկածելու ժողովուրդը կգնար նրանց հետեւից: Ես հենց դրա համար էի ուզում գնալ ու բոլորին դեմ քվեարկել: Իսկ ինչո՞ւ այդ չորս տարին ձեզ չեք կոտորում, միայն վերջին մի ամսում եք սկսում կոտորել: Ինչի՞ համար: Այդ չորս տարիներին ձեզ կոտորեիք, որ ժողովուրդը շնորհակալ լիներ ձեզնից:
-Ո՞ր քաղաքական ուժին եք համակրում:
-Ես կոնկրետ քաղաքական դիրքորոշում չունեմ, դրա համար էլ ո՛չ ցավ եմ ապրում, ո՛չ էլ ուրախ եմ որեւէ կուսակցության համար: Ցավ եմ ապրում ընդհանուր երկրի վիճակից: Հուսով եմ, որ այսօրվանից կանգ կառնեն ու կհասկանան, որ այս մարդիկ ընտրությունից ընտրություն չեն ապրում: Պետք է ընթացքում ժողովրդին ծառայել: Որովհետեւ ժողովուրդը կարող է մի օր ոտքի կանգնել: Այսօր ես եմ բարձրաձայնում, չեմ վախենում, վաղը բոլորը կսկսեն բարձրաձայնել: Պետք է սկսեն նորմալ աշխատել, մենք ուզում ենք ապրել նորմալ երկրում: Կառուցե՛ք մեզ համար նորմալ երկիր, մենք էլ ծառայենք, անվճար աշխատենք ձեզ համար, խնդիր չկա:  

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս