ՀԱԿԿ առաջնորդի անջղաձիգ քաջալերմամբ. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ ոչ իշխանական եռյակի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքում հայտարարում էր ԵՏՄ-ի դեմ խոսելու վնասակարության մասին, Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության ղեկավար Անդրեյ Բելյանինովը պաշտոնապես հաստատեց, որ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ գործելու է մաքսակետ: «Ռեգնում»-ի փոխանցմամբ` պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ արդյո՞ք լուծվել է Հայաստանի եւ ԼՂՀ սահմանին մաքսավորների ներկայության հարցը, Բելյանինովը պատասխանել է. «Ռուսաստանը մտադիր չէ խառնվելու Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի սահմանային անցակետի աշխատանքին: Առաջիկայում չենք նախատեսում… Ես վերջերս Հայաստանում ներկայացուցիչ եմ նշանակել, առաջիկայում նա կգնա Հայաստան: Ամենայն հավանականությամբ, նա կայցելի սահման, սակայն հայ մաքսավորների գործերին չենք պատրաստվում միջամտել»:

Իհարկե, դատելով ռուս պաշտոնյայի ձեւակերպումներից` կարելի է ենթադրել, որ մաքսակետի հարցում գործելու է «անունը կա, ամանումը` ոչ» տարբերակը: Գրեթե այնպես, ինչպես որ հիմա է: Չէ որ ներկայումս էլ կարծես թե Ղարաբաղի եւ Հայաստանի սահմանին կա անցակետանման մի բան, որը, սակայն, գրեթե երբեք որեւէ գործառույթ չի իրականացնում: Համենայն դեպս մինչ օրս Հայաստանից Ղարաբաղ եւ հակառակ ուղղությամբ բոլոր փոխադրումներն իրականացվում են առանց որեւէ ստուգման կամ մաքսային ընթացակարգի: Սակայն քաղաքականության մեջ, առավել եւս` ստանձնած միջազգային պարտավորությունների դեպքում, նման հեղհեղուկ լուծումները շատ վտանգավոր են, քանզի կարող են որոշակի գործոնների ճնշման ներքո ենթարկվել փոփոխությունների եւ բերվել պայմանագրով ստանձնած պարտավորությունների հարյուր տոկոսով կատարմանը:

Ընդ որում, հենց նույն Բելյանինովի խոսքում էլ հնչում է «առաջիկայում չենք պատրաստվում» ձեւակերպումը, որը խոսում է զուտ այս պահի քաղաքական պայմանավորվածության մասին: Թե մինչեւ երբ եւ ինչ չափով կգործի այդ քաղաքական պայմանավորվածությունը, դժվար է ասել: Եվ ուրեմն` այս հարցը դամոկլյան սրի նման այլեւս կախված է մնալու Ղարաբաղի տնտեսության գլխին:

Առաջիկայում մեկ այլ դամոկլյան սուր էլ կախվելու է հայոց լեզվի գլխին, քանզի նույն Բելյանինովը երեկվա ասուլիսում ընդգծել է. «Այսօր գլխավոր հարցը աշխատանքային լեզվի հարցն է: Բելառուսի, Ղազախստանի եւ Ռուսաստանի մաքսային միությունում մենք ռուսերենն ենք գործածում՝ որպես աշխատանքային լեզու, իսկ Հայաստանում, ինչպես հայտնի է, գործածվում է հայերենը»: Այսպիսով` անորոշ օգուտների հեռանկարն անգամ չտեսած` մեր առջեւ արդեն իսկ բացվում են հայոց լեզվի վտանգման եւ Ղարաբաղի հետ սահմանազատման մռայլ եվրատնտեսական հեռանկարները: Եվ այս ամենը` Լ. Տեր-Պետրոսյանի անջղաձիգ քաջալերման ներքո:




Լրահոս