«Գերհզոր պետություններն ինչ-որ շահի են սպասում»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային  միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյանն, անդրադառնալով Իրաքի հյուսիսում իրականացվող եզդի ժողովուրդի ցեղասպանությանը, հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

«Հայտնի գրող Վահան Տեր-Ղազարյանը, պարզաբանելով եզդի ժողովրդի յուրահատկությունը, նրա կրոնական հոգևոր աշխարհը, ասել է, որ եզդիների տիպի ժողովուրդները եզակի են և նրանց գոյությունը թանկ է մեզ համար: Հարգարժան գրողը միաժամանակ ասել է, որ մարդկության ու հիմնականում արիական ցեղերի հնագույն պաշտամունքային համակարգը եզդիները սրբությամբ պահպանել են:

Այո, եզդիները դարեր շարունակ անաղարտ պահելով իրենց հավատը՝ բազմիցս ֆիզիկապես ոչնչացվել են հարևան այլադավ ազգերի կողմից: Եղել են ճնշված, իրավազրկված, ազգային, կրոնական վիրավորանքների ենթարկված և ցեղասպանություն ապրած: Այսօր էլ՝ սկսած oգոստոսի 2-ից, եզդի ժողովուրդն Իրաքի եզդիաբնակ Շանգալ մարզում ենթարկվում է ցեղասպանության: ԻՊ հրեշները եզդիների նկատմամբ այնպիսի ոճիր գործեցին, որը հնարավոր չէ տեսնել ամենազարհուրելի երազներում. մորը սպանում էին երեխաների ներկայությամբ, մանկահասակ երեխաներին ողջ-ողջ թաղում էին մահացած մոր գրկում: Սինջար քաղաքի փողոցները լցվել էին գլխատված, անդամահատված եզդիների մարմիներով, մեր բնօրրանում ամենուր մահ էր:

Ցավով ու թափած արցունքներով մենք սպասում էինք, որ կազատագրվի Շանգալը: Մենք ապրում էինք օգնության, փրկության հույսով, աշխարհով մեկ բողոքի ցույցեր կազմակերպեցինք: Այսօր արդեն հոկտեմբերի վերջն է, բայց ի՞նչ է կատարվում. հազարավոր եզդիներ սարերում գտնվում են անօգնական և անօթևան վիճակում: Իսկ առջևում ձմեռ է: Եզդիների Շարֆադինի սրբատեղին, որը համարվում է նաև եզդիական ջոկատների շտաբը, նորից շրջապատվել է ԻՊ հրեշների կողմից: Շանգալում նորից ահավոր մարտեր են գնում, եզդի ազատամարտիկները մի կողմից փրկում են սարերում շրջապատված խաղաղ բնակչությանը, մյուս կողմից կործանումից փրկում են մեր սրբատեղիները: Եզդի ազատամարտիկները կյանքի գնով պահում են մեր բնօրրանի յուրաքանչյուր թիզ հողը: Աշխարհը լռում է… Մթնոլորտը մշուշոտ և անորոշ է, ոչ ոք չի օգնում եզդիներին: ԻՊ ոհմակները ուզում են հոշոտեն մեր ժողովրդին իր բնօրրանում:

Աշխարհի քաղաքակիրթ մարդկությունը, կարծես թե, չի տեսնում եզդիների ցեղասպանությունը, միջազգային կազմակերպությունները, ՄԱԿ-ը և մյուսները չնայած գտնում են, որ տեղի է ունենում եզդի ժողովրդի ցեղասպանությունն, բայց չգիտես ինչու երկար ժամանակ բավարարվում են տարբեր նիստերով և կոչերով: Գերհզոր պետությունները սպասում են թե ուր կտանի նրանց շահը: Երևի շատ շատերի շահերը չի համընկնում եզդի ժողովրդի օգնելու հարցում: Աշխարհի տարբեր ամբիոններից հայտնում են, որ ժամանակը կգա, կորոշենք և ռեալ կօգնենք եզդիներին: Բայց ցավոք մինչև օրս կոնկրետ եզդիների հարցով ոչ ոք քաղաքական կամք և խիզախություն չի ցուցաբերում:

Աղոթում ենք մեր անմեղ զոհերի հիշատակի համար և պայքարում ենք նրանց հիշատակի համար: Միևնույն է մենք սպասում ենք հաջողության: Վերջապես կարևոր չէ, թե ով ինչ է խոսում մեր մասին, ուղակի վերաբերվեք այնպես, ինչպես կվերաբերվեիք ինքներդ Ձեզ: Սրանք շատ կարևոր հարցեր են, իսկապես կարևոր մեզ բոլորիս համար»:




Լրահոս