Այս օրերին անդրադառնալով հանրահավաքներում եռյակի առաջնորդների հնչեցրած քննադատությանը` հանրապետականներն արձագանքում են, թե իրենք, ի տարբերություն ընդդիմության, չունեն այնպիսի զենք, ինչպես պոպուլիզմն է, թե Հանրապետականի հանրային աջակցության եւ վստահության ռեսուրսը շատ ավելի մեծ է, քան եռյակի եռապատիկինը, եվ, ի վերջո, որ իշխանությունն ինքն է բարձրաձայնում այն բոլոր քայլերի անհրաժեշտության մասին, ինչը խոստանում են եռյակի ներկայացուցիչներն իրենց հանրահավաքային ելույթներում:
Միանգամից արձանագրենք, որ իշխանությունը լավ էլ զինված է պոպուլիզմով, եւ եթե վերջին շրջանում այն հաճախ չի գործածում, ապա միայն այն պատճառով, որ բարեհաջող կերպով քաղաքական մենաշնորհը հաստատելով` մինչ հաջորդ ընտրությունները ժողովրդին հաճոյանալու մոտիվացիա չունի: Ինչ վերաբերում է Հանրապետականի` հանրային աջակցության եւ վստահության ռեսուրսին, ապա այդ մասին պնդումները, եթե չասենք՝ իրական չեն, հաշվի առնելով նախորդ ընտրությունների համատարած կեղծիքները, ապա առնվազն ժամանակավրեպ են: Հանրապետականներն իրավացի են միայն իրենց վերջին պնդման մեջ`իրոք, իշխանություններն իրենք են պարբերաբար բարձրաձայնում երկրում առկա աղքատության, կոռուպցիայի, տնտեսական մենաշնորհների մասին: Օրինակ՝ նույն Սերժ Սարգսյանի ելույթները եթե ընթերցենք, ապա կտեսնենք, որ դրանք հաճախ ավելի ընդդիմադիր են, քան այսօր հարթակից հնչող որոշ ելույթներ:
Ամբողջ խնդիրն այն է, որ իշխանությունները ոչ թե պետք է բարձրաձայնեն այդ խնդիրների մասին, այլ պետք է դրանք լուծեն: Բարձրաձայնելու գործառույթը վերապահված է ընդդիմությանը: Մինչդեռ երկրի զարգացումը բոլոր ուղղություններով տորպեդահարած Ս. Սարգսյանը, դատարկախոսելով հանդերձ կոռուպցիայի դեմ պայքարի մասին, ՀՀ կառավարություն է բերում ամենակոռումպացված պաշտոնյաներին, հայտարարելով զոռբայությունը մերժելու եւ արածի ու չարածի համար պատասխանատվություն կրելու մասին` մարզպետի պաշտոնը կրկին նվիրում է մարդասպանության մեջ մեղադրվող զավակի՝ եռակի դատվածություն ունեցող հորը` Սուրեն Խաչատրյանին: Խոսելով ծնելիության խրախուսման մասին` փորձում է աշխատող հղիների վրա դնել չաշխատողներին պահելու հոգսը, եւ այլն, եւ այլն: Եվ այս ամենի արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, որ ով էլ լինի ընդդիմության առաջնորդը եւ ինչ էլ ասի, ժողովուրդը գնալու է նրա հետեւից: