ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԿՈՂԻ ԴԵՐՈՒՄ Է ԼԻՆԵԼՈՒ
Սահմանադրական դատարանից հետո ԵՏՄ պայմանագիրն ուղարկվելու է Ազգային ժողով, որպեսզի խորհրդարանականները հայտնեն իրենց տեսակետը պայմանագրի վերաբերյալ: Նախատեսված է, որ ԵՏՄ պայմանագիրը կքննարկվի նոյեմբերի 17-ին՝ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ: Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների հետ` պարզելու, թե ինչպես են պատրաստվում քվեարկել ԵՏՄ պայմանագրին:
ՎՍԴՀԿ ղեկավար, ՀԱԿ խմբակցության անդամ ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆ
-Տիկի՛ն Սարգսյան, ԵՏՄ պայմանագրի հետ կապված՝ ՀԱԿ խմբակցությունն ինչպիսի՞ դիրքորոշում ունի, ինչպե՞ս եք քվեարկելու:
-Ես կարող եմ իմ տեսակետը հնչեցնել, քանի որ խմբակցությունում այդ հարցը մենք չենք քննարկել: Ես դեռեւս մեկ տարի առաջ հայտարարել եմ, որ Հայաստանն այլընտրանք չուներ, քան անդամագրությունը ԵՏՄ-ին: Երբ դու ռազմաքաղաքական դաշինքի մեջ ես ԵՏՄ անդամ երկրների հետ, դու այլեւս հնարավորություն չունես տնտեսական այլ դաշինքի մեջ մտնել: Տեսականորեն կարող է հնարավոր է, բայց մենք գիտենք, որ դա հնարավոր չէր մեր պարագայում: Ու ես կասեի, որ ուշացած որոշում է, որի արդյունքում ՀՀ վարկանիշն ահագին ընկավ ե՛ւ եվրոպական երկրների, ե՛ւ ՄՄ անդամ երկրների մոտ: «Եւ-եւ»-ի տարբերակը մեզ մոտ չի աշխատում: Ես դեռեւս անցյալ տարի սեպտեմբերին էի ասել, որ դա ճիշտ որոշում է, բայց ուշացած: Հետեւաբար, ես այժմ էլ կարծում եմ, որ այս պայմանագրին պետք է կողմ լինենք: Ես դա նաեւ ՎՍԴՀԿ-ի անունից եմ ասում:
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆ
-Պարո՛ն Ուրիխանյան, ԱԺ ԲՀԿ խմբակցությունը, ԵՏՄ պայմանագրի հետ կապված, ի՞նչ որոշում է կայացրել, ինչպե՞ս եք քվեարկելու:
-Քվեարկության մասով կկարողանամ ասել, երբ կուսակցությունում պաշտոնական դիրքորոշումը կձեւավորվի, բայց ես ինքս ունեմ բազմաթիվ հարցերից բաղկացած հստակ պատկերացում դրա վերաբերյալ: Ու իմ դիրքորոշումը բազմիցս արտահայտել եմ ե՛ւ խորհրդարանական, ե՛ւ բազմաթիվ այլ` միջկուսակցական, միջազգային ֆորմատներում: Այն, որ Հայաստանը հնարավորություն է ունենալու դուրս գալ 170 միլիոնանոց շուկա, արդեն պարզ է: Այն, որ ՀՀ-ն սրանով արդիականացնում է աբխազական երկաթգծի վերագործարկման հարցը եւ հնարավորություն է ստեղծում միանալու շուրջ 140 հազար կմ երկաթուղային ցանցին, դա էլ է հասկանալի: Այն, որ ՀՀ-ն ստացավ շուրջ 800 անուն ապրանքատեսակների մասով արտոնություններ, դա էլ է ակնհայտ: ՀՀ պետական բյուջեն ձեռք բերեց լուրջ պոտենցիալ մուտքեր, բայց արդյո՞ք հայաստանյան իրականությունը թույլ կտա դրանից օգտվել, թե չէ, ա՛յ սա հարցականներից մեկն է: Ասենք` այդ 800 անուն ապրանքների արտոնությունների մասով օգտվելու են մենաշնորհային ու գերիշխող դիրքեր ունեցողնե՞րը, թե՞ պետությունը նոր կարգավորիչ դիրքորոշում կունենա: Այն, որ սրանով մենք վերաիմաստավորում ենք մեր անվտանգության հայեցակարգը, որն այլընտրանքներ չի ունեցել, դա եւս պարզ է, բայց թե ինչ ենք մենք ստանալու դրանից, ես չգիտեմ, որովհետեւ հայաստանյան ներքին իրողությունը թույլ չի տալիս որեւէ հաստատուն կարծիք հայտնել այդ առումով:
-Այսինքն` ըստ Ձեզ՝ ԵՏՄ պայմանագրի հետ կապված տեղեկությունները շատ քի՞չ են: Հույս ունե՞ք, որ խորհրդարանական քննարկումների ժամանակ ի վերջո հանրությանը կներկայացվեն պայմանագրի իրագործման մեխանիզմները:
-Չգիտեմ, երբ մեր ներսում կլինի քննարկում, ես իմ տեսակետները կառաջարկեմ, բնականաբար կտեսնենք, թե ինչ կստացվի:
-Փաստորեն` ստացվում է, որ այս անգամ եւս ԱԺ-ն «դակողի» դերո՞ւմ է լինելու, քանի որ պայմանագիրն արդեն ստորագրվել է ՀՀ իշխանությունների կողմից: Հնարավո՞ր է՝ խորհրդարանն այս հարցում բեկում մտցնի:
-Ես այդ տեսակետին չեմ: Որ քաղաքական մեծամասնությունը դակողի դերում է լինելու, դա՝ այո՛, ինձ համար զարմանալի չի լինի, եթե այդպես լինի, բայց որ խորհրդարանը պետք է լուրջ քննարկում իրականացնի, փաստ է: Ու ես հույս ունեմ, որ այս հարցերիս պատասխանը կգտնեմ քննարկումների ժամանակ:
Հ.Գ. ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ իրենք դեռեւս հարցը խմբակցությունում չեն քննարկել, ուստի առայժմ տեսակետ չեն կարող հայտնել: Նույն կերպ արձագանքեց նաեւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
«ՀՀԿ-ՈՒՄ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆԻ ՎԵՐԱՑՈՒՄԸ ՉԻ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ»
Հոկտեմբերի 24-ի հանրահավաքի հիմնական բանախոսը` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, իշխանություններին ուղղված իր հիմնական պահանջը հետեւյալ կերպ ձեւակերպեց. «Ամենասեղմ ժամկետներում գնալ ընտրական օրենսգրքի փոփոխությունների, վերացնելով մեծամասնական ընտրակարգը` գնալ ընտրությունների»: Ըստ Ծառուկյանի` եթե իշխանություններն այդ պահանջը չկատարեն, ապա իրենք, փողոցներում ու հրապարակներում կանգնած, կպարտադրեն իշխանափոխություն եւ արտահերթ ընտրություններ:
ԲՀԿ առաջնորդի ելույթում հնչեցված պահանջները, սակայն, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանի համար հստակ չեն: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատգամավորը նշեց, որ ոչ իշխանականների վերջին հանրահավաքը եւս զուրկ էր կոնկրետ առաջարկներից:
-Տիկի՛ն Աճեմյան, եթե հոկտեմբերի 10-ի հանրահավաքից հետո շատ ՀՀԿ-ականներ ասում էին, թե չկա Եռյակի կողմից առաջ քաշված իշխանափոխության միասնական պահանջ, ապա վերջին հանրահավաքում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն առաջ քաշեց «իշխանափոխություն», «արտահերթ ընտրություններ» եզրույթները: Արդյո՞ք կշարունակեք պնդել, թե հիմա էլ չկա իշխանափոխության միասնական պահանջ:
-Պետք է ասեմ, որ այդքան էլ հստակություն չտեսա, հակառակը` կարող եմ ասել, որ նախորդի կրկնությունն էր: Ծառուկյանի ելույթում արտառոց որեւէ բան չեմ զգացել: Ես կարծում եմ, որ այս ամենն իրենց ընտրազանգվածին ավելի շատ համախմբելու, 2017 թվականի ընտրություններում ճիշտ ուղղորդելու միտում ունի: Ես այդպես եմ ընկալում: Հետագա հանրահավաքներն արդեն կապացուցեն` կա՞ հստակություն, թե՞ ոչ:
-Բայց Գագիկ Ծառուկյանը շատ հստակ առաջադրեց ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու եւ մեծամասնական ընտրակարգը վերացնելու պահանջ:
-Մենք բազմիցս այդ ընտրակարգի մասին խոսել ենք, հիմնավորել ենք: Օրինակ` Մերձբալթյան մի շարք երկրներում, որտեղ անցել են համամասնական ընտրակարգին, փոշմանել են: Նրանք այժմ հետ են ուզում կանգնել իրենց որոշումից, որովհետեւ իրականում հասկանում են, որ մեծամասնական ընտրակարգն առավել արդյունավետ է, եւ առաքելությունն ավելի քան հստակ է: Մենք մշտապես հիմնավորել ենք այս ամենը, եւ կարծում եմ, որ դա ՀՀԿ-ում քննարկման նյութ չի էլ կարող լինել:
-Գ. Ծառուկյանը նաեւ նշեց, որ իրենց պահանջները չկատարելու դեպքում իշխանափոխությունն ու արտահերթ ընտրությունները կպարտադրվեն:
-Փողոց դուրս գալն իրենց իրավունքն է, ժամանակը ցույց կտա, թե գործընթացները ինչպես կգնան: Ես համոզված եմ, որ առայժմ այդպիսի պահանջ չկա: Ընդհանրապես, ինքս մեծ համոզմունք ունեմ, որ մեծամասնական ընտրակարգը երբեք չի կարելի ամբողջապես վերացնել, այսինքն` ընտրական օրենսգրքում այդպիսի փոփոխությունը բացարձակապես ցանկալի չէ մեր երկրում:
-Եթե հաջորդ հանրահավաքից հետո նստացույց հայտարարվի, որո՞նք կլինեն իշխանությունների քայլերը:
-Ժամանակը ցույց կտա: Գուշակություններ չեմ կարող անել: Հիմա ԱԺ-ում բյուջեի նախագծի արտահերթ քննարկումներ են: Իմ կարծիքով՝ ավելի ճիշտ է լուրջ գործերով զբաղվել, քան տարբեր հարթակներից տարբեր հայտարարություններ անել:
Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ
ԼՈՒՐԵՐ
ԽԱՅԾԸ ԿՈՒԼ ՉԵՆ ՏԱ
ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը սահմանադրական արդարադատությանը նվիրված երեւանյան խորհրդաժողովում հայտարարել է, որ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգն առաջարկում է ընդդիմությանը տալ վերահսկողական լծակներ, ինչպես նաեւ ԱԺ փոխխոսնակներից մեկի պաշտոնը: Բայց նույնիսկ այս պարագայում ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք շարունակում են դեմ լինել այդ բարեփոխումներին: «Սահմանադրական բարեփոխումների մասով ընդհանուր առմամբ ես ունեմ մեկ ասելիք. այն չի թույլատրվելու իշխանություններին իրականացնել, որպեսզի վերարտադրվելու հնարավորություն չունենան: Մնացած առանձին դրույթների մասով եթե ինչ-որ բան տեղի ունենա, եւ եթե մենք ունենանք քննարկում, մեր կարծիքը կհայտնենք: Բայց առհասարակ, եթե փորձում են, ինչ-որ խայծ նետելով, իրականացնեն փոփոխությունները, ապա ասեմ, որ չի լինելու»,-հայտարարեց Ուրիխանյանը:
ԲՅՈՒՋԵՆ ԿՔՆՆԱՐԿԵՆ
Այսօրվանից խորհրդարանում մեկնարկելու են 2015 թվականի պետական բյուջեի քննարկումները: Երեկվա դրությամբ ԱԺ խմբակցության ներկայացուցիչները չէին ցանկանում բյուջեի վերաբերյալ իրենց տեսակետը հայտնել՝ պատճառաբանելով, թե դեռեւս չեն ուսումնասիրել: Այսօր տեղի կունենա ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստը` ««ՀՀ 2015թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում» օրակարգով: Հիմնական զեկուցողները լինելու են ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը եւ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Հրավիրված են նաեւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, Ազգային վիճակագրական ծառայության պետ Ստեփան Մնացականյանը:
ԿՎԵՐՍԿՍՎԻ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ Արագածոտնի մարզի Մելիք գյուղում մոտ օրերս «Մեգո գոլդ» ընկերությունը կվերսկսի Թուխմանուկի ոսկու հանքավայրի բաց հանքի շահագործման նախագծի հասարակական լսումները: Մելիք համայնքի ղեկավար Հակոբ Մկրտչյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե տեղյակ չէ՝ համագյուղացիներն ինչ տրամադրությամբ կներկայանան լսումներին. «Մեր վիճակն անորոշ է: Իսկ վրացիները գալիս-գնում են, թե ինչեր են անում հանքավայրի լաբորատորիայում, տեղյակ չեմ: Բայց «Մեգո գոլդ»-ից դեռ ոչ մի ներկայացուցիչ այս ընթացքում ո՛չ եկել է, ո՛չ էլ զանգահարել: Ես էլ եմ լսել, որ առաջիկայում հասարակական լսումները կսկսվեն»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին ոսկի արդյունահանող «Մեգո գոլդ» ընկերության տնօրեն Աշոտ Պողոսյանը Մելիք գյուղում տեղի ունեցած հասարակական լսումների ժամանակ հայտարարեց, որ համայնքը հազար հեկտարից ավել արոտավայր ունի, 250-ն էլ թող արտադրական նշանակության համար օգտագործվի: Հայտարարությունը զայրացրել էր մելիքցիներին, եւ նրանք սպառնացել էին փակել Երեւան-Վանաձոր մայրուղին: