Ես ոչ մեկի օգնության կարիքը չունեմ. էլ ոչ մի կամենտարիա. հիվանդի մահվան մեջ մեղադրվող բժիշկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ստեփանավանի ԲԿ» ՓԲ ընկերությունում բժիշկների մասնագիտական անփույթ վերաբերմունքի պատճառով 2013 թվականին Լոռու մարզի Նորաշեն գյուղի բնակիչ Սամվել Էլոյանի մահվան դեպքով գործի դատաքննությունը կմեկնարկի վաղը: Քրգործը մակագրվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աղասի Մկոյանին: Ամբաստանյալի աթոռին է հայտնվել բժիշկ-վիրաբույժ-վնասվածքաբան Կարապետ Մհերյանին:

Վերջինիս և Armlur.am-ի զրույցը շատ կարճ տևեց. մեր հարցին՝ դատարանում պաշտպան կունենա՞, բժիշկը պատասխանեց. «Ես ոչ մեկի օգնության կարիքը չունեմ»: Ապա հարցրինք՝ արդյոք ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը, Կարապետ Մհերյանը դրական պատասխան տվեց: Armlur.am-ը փորձեց ճշտել նաև՝ իսկապես Սամվել Էլոյանի մահը բժիշկների անփութության հետևանք է, գործով մեղադրյալ բժիշկը կտրուկ պատասխանեց. «Էլ ոչ մի կամենտարիա», և անջատեց խոսափողը:

Տեղեկացնենք, որ աղեստամոքսային տրակտի սուր արնահոսությամբ 2013 թվականի հունվարի 1-ին նշված բուժկենտրոն բուժօգնության դիմած Սամվել Էլոյանի շարունակվող արնահոսության և պահպանողական բուժման ոչ արդյունավետ լինելու պայմաններում բժիշկները չեն կատարել վիրահատական բուժում` արյունահոսության դադարեցման համար, որն անզգուշությամբ 04.01.2013թ. ժամը 15.35-ի սահմաններում առաջացրել է բուժվող հիվանդ Սամվել Էլոյանի մահը:

Փորձագետներն արձանագրել են, որ շարունակվող արնահոսության և պահպանողական բուժման ոչ արդյունավետ լինելու պայմաններում հարկավոր էր կատարել վիրահատական բուժում՝ արնահոսության դադարեցման համար, ինչն, ամենայն հավանականությամբ, հնարավորություն կտար կանխելու ծանրագույն բարդությունները և փրկելու հիվանդի կյանքը:

Դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝  Սամվել Էլոյանի մահվան պատճառը ստամոքսի փոքր կորության շրջանի խրոնիկական խոցային հիվանդության, խոցային արտաքին արնահոսության, աղիների լուսանցքում ազատ արյան առկայության, ներքին օրգանների սակավարյունության հետևանքով առաջացած հեմոռագիկ շոկն է եղել:

Կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ «Ստեփանավանի ԲԿ» ՓԲ ընկերության աշխատակիցների կողմից թույլ են տրվել բացթողումներ, այն է՝ Ս.Էլոյանի նկատմամբ ձեռնարկված կոնսերվատիվ բուժմիջոցառումները բավարար և համարժեք ծավալով չեն կատարվել, 04.01.2013թ` ժամը 03:30-ի սահմաններում, Սամվել Էլոյանի մոտ դիտված կրկնակի արնահոսության և նկարագրված ծայրահեղ ծանր վիճակի պայմաններում, երբ կատարված ԷԳԴՍ հետազոտմամբ հայտնաբերվել և ախտարոշվել էր արնահոսության աղբյուրը, անհրաժեշտ էր ոչ թե հրավիրել և շուրջ 6 ժամ սպասել «Վանաձորի ԲԿ» ՓԲ ընկերության էնդոսկոպիստ մասնագետին, այլ պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկվեր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ մասնագետ հրավիրելու համար՝ կյանքի ցուցումով շտապ վիրահատական բուժման իրականացման նպատակով: Սամվել Էլոյանի բուժսպասարկման ընթացքում «Ստեփանավանի ԲԿ» ՓԲ ընկերությունում տեղ գտած թերությունները և բացթողումները թույլ չտալու և անհրաժեշտ հակաշոկային միջոցառումների ու վիրահատության առավել վաղ իրականացման դեպքում զգալիորեն կմեծանային բարենպաստ ելքի շանսերը՝ հնարավորություն ընձեռելով փրկել Սամվել Էլոյանի կյանքը:

Սամվել Էլոյանին բուժօգնություն է ցուցաբերել և հետագա բուժումն իրականացրել «Ստեփանավանի ԲԿ» ՓԲ ընկերության ստացիոնար ծառայության վիրաբույժ-վնասվածքաբան Կ. Մհերյանը:

Ս. Էլոյանին հետազոտելու համար Մհերյանը 2013 թվականի հունվարի 03-ին՝ ժամը 00:10-ին, բժշկական կենտրոն է հրավիրել «Ստեփանավանի ԲԿ» ՓԲ ընկերության վիրաբույժ-էնդոսկոպիստին, ով էնդոսկոպիկ ճանապարհով հետազոտել է Սամվել Էլոյանին և ախտորոշել «Կայացած արյունահոսություն, ստամոքսի խոց, կարդիալ փականի անբավարարություն, արտահայտված դուոդենոգաստրալ ռեֆլեքս»:

Այդ պայմաններում, ըստ դատաբժշկական փորձաքննությունների եզրակացության, Կ.Մհերյանը, շարունակելով հիվանդ Սամվել Էլոյանի բուժումը, չի ձեռնարկել  բավարար և համարժեք ծավալով կոնսերվատիվ բուժմիջոցառումներ:  Մեկ օր անց՝ հունվարի 4-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, Սամվել Էլոյանի վիճակը կտրուկ վատացել է, և նրա նազոգաստարալ զոնդից դիտվել է արյունային արտադրություն:  Բժիշկ Կ.Մհերյանը 2013 թվականի հունվարի 04-ին՝ ժամը 03:45-ին, Սամվել Էլոյանի անվամբ լրացված բժշկական քարտում գրառում է կատարել այն մասին, որ «Նազոգաստրալ զոնդից կա արյունային առատ արտադրություն, սրճանման բնույթի մակերեսով»: Հիվանդի մոտ դիտված կրկնակի արյունահոսության և ծայրահեղ ծանր վիճակի պայմաններում, երբ ԷԳԴՍ հետազոտմամբ հայտնաբերվել և ախտարոշվել է արյունահոսության աղբյուրը, բժիշկ Կ.Մհերյանն անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել՝ կյանքի ցուցումով վիրահատական եղանակով այն դադարեցնելու համար։

Անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ մասնագետ հրավիրելու, շտապ վիրահատական բուժում իրականացնելու փոխարեն՝ բուժող բժիշկը ժամը 06:55-ին «Վանաձորի ԲԿ» ՓԲ ընկերությունից Ստեփանավանի ԲԿ է հրավիրել էնդոսկոպիստին՝ էնդոսկոպիկ ճանապարհով հիվանդին հետազոտելու նպատակով, ինչից հետո՝ ժամը 11։30-ին, ծայրահեղ ծանր վիճակում հայտնված Էլոյանին համապատասխան ուղեգրով տեղափոխել է «Վանաձորի ԲԿ», որտեղ էլ նա նույն օրը՝ ժամը 15։35-ին, մահացել է:

Տաթև Հարությունյան




Լրահոս