Աղջիկը հորը հոգեկան հիվանդ է անվանել՝ կտակին տիրանալու համար. ո՞ւր կհասնեն խորթ քույրն ու եղբայրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղում 5 տարվա վաղեմության խմորումները շարունակվում են: Armlur.am-ին դիմած Աշոտ Պետրոսյանը, ով այդ խմորումների կիզակետում հայտնված ընտանիքի անդամներից է, հայտնեց, որ տարիներ առաջ մահվան մահճում գտնվող իր խորթ հայրը՝ Արամայիս Բադալյանը, գյուղում ունեցած հողատարածքը կտակել է մոր՝ Սեդա Պետրոսյանի անունով:

Աշոտ Պետրոսյանի խոսքով՝ Ծափաթաղի համայնքապետ Թագուհի Բոյախչյանը Վարդենիսի ոստիկանապետ Վալերի Բաղյանի հետ համատեղ միջնորդել են, որպեսզի իր մորը պատկանող հողակտորը փաստաթղթերով անցնի խորթ քրոջը՝ Կարինե Բադալյանին: Այս մասով Վարչական դատարան գործ է վարույթ ընդունվել, դատաքննությունը դեռևս շարունակվում է:

«Կարինեն անգամ Ծափաթաղում հաշվառված չէ, երբեք այստեղ չի ապրել: Ու հանկարծ անօրինականության հետևանքով մորս անունով կտակած տարածքն անցնում է Կարինեին: Այս ամենին իր մասնակցությունն է ունեցել գյուղապետ Բոյախչյանը: Ու թող նա չմտածի, թե ինքը խելացի ա, մենք էլ հիմար ենք: Եթե դատարանը մեր բողոքը մերժի բավարարել, ես անգամ նախագահական նստավայրի դիմաց կբողոքեմ, նստացույց և հացադուլ կանեմ»,- մեզ հետ զրույցում ասաց Ծափաթաղի բնակիչը:

Վերջինիս փոխանցմամբ՝ իր խորթ քույրը՝ Կարինե Բադալյանը, հոր մահից հետո բժշկական կեղծ փաստաթղթեր է ներկայացրել, որոնց համաձայն՝ հայրը կտակ գրելու պահին գտնվել է հոգեպես անհավասարակշիռ վիճակում: Աշոտը համոզված է, որ սա էլ օգնել է խորթ քրոջը տիրանալ իր մորը պատկանող տարածքին: Սակայն մեր զրուցակիցը հայտնեց նաև, որ նշանակված դատահոգեբանական փորձաքննության եզրակացությունն ապացուցել է, որ Արամայիս Բադալյանը կտակը գրելու պահին հոգեպես առողջ է եղել և գիտակցել է իր արարքը:

Armlur.am-ին չհաջողվեց կապ հաստատել ոստիկանապետ Բաղյանի հետ, իսկ գյուղապետ Թագուհի Բոյախչյանը վստահեցրեց, որ թե՛ ինքը, թե՛ Բաղյանը, ով ի դեպ գյուղապետի դասընկերն է, որևէ առնչություն չունեն ստեղծված վիճակի հետ, քանի որ իրավունք էլ չունեն խառնվելու նման գործերի:

«Եկե՛ք համայնք, տեղում նայեք բոլոր փաստաթղթերն ու ինքներդ կհամոզվեք, որ անօրինական որևէ բան չի եղել: Մարդկանց սեփականությունն իմ անձնականը չէ, որ ես ինչպես ցանկանամ տնօրինեմ: Հետո ի՞նչ, որ Աշոտ Պետրոսյանն ասաց: Եկե՛ք և կհասկանաք՝ ինչ չափով եմ ես Աշոտ Պետրոսյանի իրավունքները խախտել, մանավանդ՝ Աշոտ Պետրոսյանի: Որովհետև նա ընդհանրապես այս գործի հետ կապ չունի: Սպասենք դատարանի որոշմանը, հետո միայն իր եզրակացությունը կանի: Գործն իր մոր և խորթ հոր մասով է»,- ասաց գյուղապետը:

Վերջինս շարունակեց վստահեցնել, որ ոստիկանապետ Բաղյանի անունն առհասարակ շեշտել պետք չէ, քանի որ նրանց վեճը «հազար տարի է՝ կա, իսկ ոստիկանապետը միայն վերջերս է ի հայտ եկել»: Գյուղապետի խոսքով՝ տվյալ դեպքում ոստիկանապետն ընդհանրապես շահագրգռվածություն չունի՝ խառնվելու:

«Ինքն ինչո՞ւ պիտի միջամտի երրորդ մարդկանց խնդիրների մեջ: Իսկապես առաջանում է այսպիսի բան՝ Աշոտ Պետրոսյանը, ով կապ ունի մի մարդու հետ այնքանով, որ իր մայրն ամուսնացել է նրա հետ: Բայց այդ մարդը նրան ոչ որդեգրել է, ոչ իր անուն-ազգանունն է տվել նրան, ոչ իր ժառանգորդն է համարում: Իսկ Աշոտ Պետրոսյանը շատ ակտիվորեն պայքարում է մի մարդու դեմ, ով ամեն բան արել է օրենքով»- շարունակելով խոսքը՝ ասաց Թագուհի Բոյախչյանը՝ նման բնորոշում ևս տալով, թե ենթադրենք ինչ-որ մեկը մանկատնից երեխա է որդեգրում, նրան տալիս է իր ազգանունը, հետագայում ժառանգում է ողջ ունեցվածքը: «Հիմա Աշոտ Պետրոսյանը ցանկանում է ապացուցել, որ խորթ հայրն աղջիկ չունի, սակայն փաստաթղթերով և ողջ կյանքով նա եղել է այդ մարդու աղջիկը: Եվ հիմա խառն է ամբողջ գյուղը»,-  եզրափակեց Ծափաթաղ համայնքի ղեկավարը:

Մնում է սպասել՝ ինչ վճիռ կկայացնի դատարանը, և ինչպես կարձագանքեն դատարանի որոշմանը կողմերը:

Տաթև Հարությունյան




Լրահոս