ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՌԱՆԱԼԸ` ՍՊԻՏԱԿ ԵՂԵՌՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կարին» համույթի գեղարվեստական ղեկավար ԳԱԳԻԿ ԳԻՆՈՍՅԱՆԸ հայտնեց իր մտահոգությունն այն մասին, որ բոլոր նախագահների օրոք էլ Հայաստանից հեռացել են մտավորականները, եւ երկար տարիներ մտավորականության ջարդ է իրականացվում:
-Երգարվեստից արդեն մի ներկայացուցիչ կա, որն ուզում է Ազգային Ժողովում մշակույթի խնդիրները լսելի դարձնել, Ձեզ մոտ նույնպիսի ցանկություն չկա՞:
-«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից ինձ լուրջ առաջարկություն է արվել, բայց ես հրաժարվել եմ: Կողմ եմ վերկուսակցական մտավորականության գաղափարին: Հարգելով, սիրելով, մտերիմ լինելով Րաֆֆի  Հովհաննիսյանի հետ, նաեւ հաշվի առնելով մտավորական իր տեսակը ու նկատելով, որ նա հայ մշակույթի կողքին կանգնած մարդ է, ամեն դեպքում ես գերադասում եմ, որ հայ արվեստի գործիչը, մտավորականը լինի վերկուսակցական, դուրս եւ վեր քաղաքական թոհուբոհից, անցուդարձից: Եւ հենց վերկուսակցական մտավորականությունը պետք է ձեւավորի Հայաստանում ազգային արժեհամակարգ, ինքը պետք է լինի ճարտարապետը ազգային համակարգի: Ռուսերեն ասում են «տՐՏՐՈո», հայերեն` աշխղեկ, ա՛յ, քաղաքական գործիչը պետք է լինի իր մտավորականի, իր ազգային ու հոգեւոր վերնախավի ճարտարապետած ազգային արժեհամակարգի աշխղեկը, բայց ոչ ավելին: Սակայն մենք այսօր հավաքվել ենք կառուցելու մի երկիր, որտեղ աշխղեկը դառնում է ճարտարապետ, իսկ ճարտարապետն ընդամենը աշխղեկի դեր է ստանձնում: Հայ մտավորականը կատարում է դա, քանի որ մտել է քաղաքական գործչի գրպանը եւ ապրում ու սնվում է նրանով: Դրա համար էլ ինքը ստիպված անում է այն, ինչը պիտի աներ քաղաքական գործիչը: Իսկ քաղաքական գործիչն ընդամենը պիտի կառուցեր այն, ինչ որ ճարտարապետել ու նախագծել էր ազգային մտավորականը:
-Քիչ առաջ ինքներդ ասացիք, որ մտավորականության ձայնը տեղ չի հասնում:
-Ցավոք սրտի, շատ հաճախ են ճիշտ մտավորականների դիմաց փակում դռներ ու նրանց ձայնը դարձնում ոչ լսելի հասարակության համար: Դա եղել է անկախության բոլոր տարիներին, սա առաջին օրը չէ: Դեռեւս առաջին նախագահի օրոք Ազգային Ժողովի փոխնախագահը հայտարարում էր, որ ինչ լավ է՝ մտավորականները հեռանում են Հայաստանից` տեղ բացելով նոր մտավորականների համար: Մտավորականի ջարդը, քաղաքական, տնտեսական ջարդը Հայաստանից հեռացնելու մոլուցքը բառացիորեն փրկություն է: Քանի դեռ Հայաստանից մտավորականը հեռանում է, սա սպիտակ ջարդ է ու Հայաստանի ոչնչացում:
Ես հակակոմունիստ եմ եղել ամբողջ կյանքում ու ձեւավորվելով այդ համակարգում որպես ուսանող եւ հայ մարդ՝ եղել եմ ազատ Հայաստանի կողմնակից: Բայց քանի դեռ մենք Մյասնիկյանի նման առաջնորդ չունենք, որը ոչ թե Հայաստանից վտարում է մտավորականին, այլ փորձում է հայ մտավորականին հետ բերել ու նաեւ հնարավորություն ընձեռել  դպրոցներ ու սերունդներ կերտելու, ինչպես Թամանյանին, Ալեքսանդր Սպենդիարյանին, Մարտիրոս Սարյանին, մենք դատապարտված ենք կոտորածների: Առանց մտավորականության ազգը դատապարտված է խոտոր ճանապարհով գնալու:
Պատահական չէր, որ 1915թ. ապրիլի 24-ին թուրքերն առաջին հերթին ոչնչացրին հայ մտավորականությանը: Սկսած 1991թ-ից՝ բոլոր նախագահները գլխատել են մեր ազգը` իրենց քաղաքականությամբ ստիպելով հայ մտավորականին լքել երկիրը: Սա սպիտակ եղեռն է: Բոլոր նախագահների օրոք Հայաստանում սպիտակ եղեռն է եղել: Քանի դեռ մտավորականության վերադարձ չկա, ու նախադրյալներ էլ չկան, որ տեսակով հայ սրտացավ մտավորականը վերադառնա Հայաստան, մենք ապագայի հոգեւոր Հայաստանի մասին խոսելու իրավունք անգամ չունենք:
Ամիսներ առաջ ես նման արտահայտություն եմ արել, որ 20 տարվա անկախության տարիներին Հայաստանը որպես իշխանավորներ, ցավոք սրտի, ավելի շատ ներոններ է ծնել, քան կեսարներ: 1991թ. սկսած մինչ այսօր՝ ոչ մի քաղաքական առաջնորդ փորձ չի արել որեւէ մտավորականի վերադարձնել Հայաստան, ուր մնաց միջոց ընձեռի, միայն ու միայն խթանել են արտագաղթը: Անկեղծ, չգիտեմ նման իշխանություն, որն ընձեռել է հնարավորություն, որ հայ մտավորականությունը գոնե չհեռանա:
-Ցավալի բաներ եք ասում: Շատ մտավորականներ նույնիսկ վիրավորված են հեռանում:
-Ի՜նչ արած: Ես ոչ մեկին կողմ չեմ ու ոչ էլ դեմ եմ: Ես գտնում եմ, որ հայ մտավորականը մի կողմ ունի՝ իր ազգն ու հոգեւոր արժեհամակարգը: Բոլոր այն երեւույթները, որ ապականում են հայի հոգեկերտվածքը, ես ամեն նման բանի դեմ եմ, բայց կողմ եմ բոլոր այն երեւույթներին, որ կերտում ու վերակերտում են հայի տեսակը:  

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս