Ի՞նչ կշահի Հայաստանը Վրաստանի «ռուսականացումից». խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին օրերին Վրաստանում ծավալվող զարգացումները, բնականաբար, շատ կարեւոր են մեր` հայաստանցիներիս համար: Ճակատագրի հեգնանքով մենք հայտնվել ենք այնպիսի աշխարհագրական դիրքում եւ այնպիսի քաղաքական իրադրությունում, երբ անգամ մեր երկրում ընթացող քաղաքական զարգացումները, երբեմն, պակաս վճռորոշ կարող են լինել, քան մեր հարեւան երկրներում, օրինակ՝ Թուրքիայում, Ադրբեջանում կամ էլ Վրաստանում տեղի ունեցող իշխանափոխությունը:

Այն, ինչ այս օրերին կատարվում է Վրաստանում, իհարկե իշխանափոխություն չէ եւ դժվար թե առաջիկայում դառնա էլ: (Թեեւ Վրաստանի քաղաքական համակարգը, ի տարբերություն հայկականի, մշտապես աչքի է ընկել կայծակնային եւ անակնկալ զարգացումներով): Սակայն Վրաստանում ծավալվող ներկայիս գործընթացն իր էությամբ առավել կարեւոր է, քան զուտ իշխանության ղեկին կանգնած անձերի փոփոխությունը: Դատելով վերջին օրերի հրաժարականներից եւ իշխող կոալիցիայից հենց առավելապես եվրոպամետ ուժի հեռացումից` Վրաստանում արտաքին քաղաքական կուրս է փոխվում, ինչը, բնականաբար, ունենալու է իր ամենաուղիղ ազդեցությունը Հայաստանի վրա:

Այս օրերին որոշ արեւմտամետ փորձագետներ արդեն իսկ մտավախություն են հայտնում առ այն, որ եթե Ռուսաստանին հաջողվի Վրաստանին էլ դուրս բերել եվրոպական ուղուց, այդ դեպքում Հայաստանը վերջնականապես կկորցնի եվրաինտեգրվելու հեռանկարը: Քանզի Անդրկովկասի երեք հանրապետություններում էլ լիարժեքորեն հաստատելով սեփական անվիճարկելի ազդեցությունը` Ռուսաստանը, բնականաբար, արդեն վերջնականապես Արեւմուտքին այս տարածաշրջանից դուրս կմղի: Էլ չասած, որ Վրաստանի` եվրոպական ուղուց հետ կանգնելու դեպքում Հայաստանը կզրկվի նաեւ զուտ տարածքային առումով դեպի Եվրոպա բացվող պատուհանից:

Մյուս կողմից էլ, սակայն, նման զարգացումները կարող են նաեւ որոշակի դրական հետեւանքներ ունենալ մեզ համար: Առաջին հերթին դա կարող է լինել աբխազական երկաթուղու վերաբացումը, ինչը կհանգեցնի տնտեսական լրջագույն առաջընթացի: Եվ, ի վերջո, մեկ բան է լինել տարբեր աշխարհաքաղաքական բեւեռների ծիրում` ԵՄ-ի եւ Ռուսաստանի, մեկ այլ բան` նույն, թեկուզ եւ ոչ ամենաառաջադեմ համակարգի մեջ:
Ամեն դեպքում՝ Հայաստանը Վրաստանում ընթացող քաղաքական զարգացումների վրա ազդեցության լուրջ լծակներ չունի, ուստի մեզ մնում է միայն լինել դիտորդի դերում եւ ճիշտ ժամանակին համապատասխան քայլեր անել:




Լրահոս