Զարուհի Փոստանջյանը պահանջում է, որ պատգամավորները հանդես գան հաշվետվությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը: Պատգամավորն առաջարկում է, որ յուրաքանչյուր նստաշրջանի ավարտից հետո պատգամավորը հանդես գա հաշվետվությամբ և ներկայացնի, թե ինչ գործունեություն է կատարել այդ նստաշրջանի ընթացքում:

Նա ընդգծում է, թե սույն օրենքում առաջարկվող լրացումը նպատակ ունի առավել բաց, թափանցիկ և հաշվետվողական դարձնելու Հայաստանի Հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմնի աշխատանքները:

«Լինելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ընտրված պաշտոնյա՝ իր գործունեության 5 տարիների ընթացքում որևէ ձևով պատգամավորը հաշվետու չի լինում իր ընտրողների առջեւ: Հաշվետու լինելու ինստիտուտի ներդրումը հնարավորություն կտա շահագրգռել պատգամավորին աշխատել, խթանել մրցակցությունը պատգամավորների միջեւ: Նման մոտեցումը հնարավորություն կստեղծի, որպեսզի պատգամավորը շահագրգիռ լինի ցուցաբերելու ակտիվություն, որովհետեւ իր պատգամավորական գործունեության ընթացքում ցուցաբերած ակտիվությունից է մեծապես կախված լինելու նրա վերընտրվելու հավանականությունը: Սա կարող է նպաստել, որպեսզի Հայաստանի Ազգային ժողովը համալրվի առավել կարող, նորարար գաղափարներով հարուստ, թարմ հայացքներ ունեցող պատգամավորներով, այդպիսով խորհրդարանը դարձնելով առավել պրոֆեսիոնալ եւ արդյունավետ գործող պետական ինստիտուտ», – որպես հիմնավորում ներկայացրել է պատգամավորը:

Զ. Փոստանջյանը նշեց, թե ինչպես պատգամավորները ներկայացնում են հաշվետվություն իրենց ունեցվածքի մասին, այնպես էլ պետք է ներկայացնեն տվյալներ ծավալած գործունեության մասին: Ի վերջո նախագիծը չստացավ դրական եզրակացություն:




Լրահոս