Տավուշի մարզի Աղավնավանք գյուղը գտնվում է Դիլիջանի տարածաշրջանից դեպի Ճամբարակ տանող ավտոճանապարհի հարեւանությամբ: Նախկինում ադրբեջանաբնակ այս գյուղն այժմ ունի շուրջ 300 բնակիչ, որոնք Ադրբեջանի Վարդաշենի, Շամխորի եւ այլ շրջաններից բռնագաղթածներ են: Մի քանի տարի առաջ երեւանցիները գեղեցիկ բնություն ունեցող Աղավնավանքում ամառանոցներ են գնել եւ շքեղ վերանորոգել: Ներկայումս, սակայն, Աղավնավանքի բնությամբ նոր հրապուրվողներ չկան: Համայնքի ղեկավար Վարդան Գրիգորյանը հայտնեց, որ երեւանցիներն այլեւս գյուղում նոր ամառանոցներ չեն գնում:
Նախկինում Աղավնավանքի դպրոցում օտար լեզու եւ հասարակագիտություն դասավանդած Վարդան Գրիգորյանն այս տարվա մարտի 9-ին ընտրվել է համայնքի ղեկավար: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադառնալով Աղավնավանքում՝ Գետիկ գետի վրա կառուցված փոքր ՀԷԿ-ին` գյուղապետը նշեց, որ փոքր հիդրոէլեկտրակայանն արդեն կառուցված է եղել մինչ իր` համայնքապետի պաշտոնը ստանձնելը: Այն կառուցել է «Էյ-Էն-ԴԻ-Ջի սթայլ» ընկերությունը:
Ի դեպ, ՓՀԷԿ-ի աշխատակիցների մեջ միայն մեկ աղավնավանքցի կա: Ընկերությունն Աղավնավանքի համայնքապետարանի հետ համայնքային նշանակության հողերի վարձակալության պայմանագիր ունի, որի համաձայն տարեկան 132 հազար դրամ վարձակալության գումար է մուծում համայնքային բյուջե: Նշենք, որ Աղավնավանքի տարեկան բյուջեն փոքր է՝ 4 միլիոն 900 հազար դրամ, որից 3,5 միլիոնը կազմում է պետական լրավճարը: Գյուղապետը չգիտի, թե որքան է կազմում փոքր ՀԷԿ-ի հզորությունը եւ այն որքան էլեկտրաէներգիա է արտադրում:
Վարդան Գրիգորյանն ասաց, որ նախկինում փոքր ՀԷԿ-ը ղեկավարում էր դրա բաժնետերերից Նիկոլայ Գրիգորյանը, իսկ թե ով է ձեռնարկության ներկայիս տնօրենը` նա տեղյակ չէր: Վ. Գրիգորյանը հայտնեց, որ ՓՀԷԿ-ի խողովակաշարն անցկացնելիս քանդել էին համայնքի կենտրոնական ճանապարհը, ինքն այդ կապակցությամբ խնդրել է Նիկոլայ Գրիգորյանին, եւ ճանապարհը հարթեցվել է: Գյուղապետի խոսքով՝ ՓՀԷԿ-ի` Գետիկից ջուր վերցնելու հետեւանքով այս տարվա ամռանը գետում ջուրը խիստ պակասել էր: Արդյունքում` լուրջ խնդիրներ ծագեցին գյուղի հողերի ոռոգման հետ կապված:
Դեռեւս անցյալ տարի «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Աղավնավանքի նախկին գյուղապետ Վարդուշ Ներսիսյանն ասել էր, որ դիմելու է փոքր ՀԷԿ-ի սեփականատերերին, որպեսզի ՀԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիայից ձրի կամ կես գնով մատակարարվի 100 տուն ունեցող Աղավնավանքին: Ներկայիս գյուղապետը, սակայն, հայտնեց, որ փոքր ՀԷԿ-ից գյուղին ձրի կամ զեղչով հոսանք չի մատակարարվում:
Ոսկան Սարգսյան