Կոնֆլիկտը Հայաստան-Ադրբեջան տիրույթում է. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին Իսպանիայի ինքնավար մարզ Նավարայի խորհրդարանը հանդես էր եկել Լեռնային Ղարաբաղի հետ կապված մի հայտարարությամբ, որով կոչ էր արվում ԼՂՀ-ն դարձնել բանակցային կողմ` ընդգծելով, որ ԼՂՀ մասնակցությունն իր ապագայի համար վճռորոշ նշանակություն ունեցող ցանկացած բանակցության պետք է դիտվի պարտադիր պայման: Բնականաբար, այս հայտարարությունը որեւէ լուրջ նշանակություն չի կարող ունենալ, բացի այն, որ եւս մեկ անգամ ԵԱՀԿ-ին, ԵՄ-ին եւ խնդրով շահագրգիռ այլ միջազգային կազմակերպություններին կհիշեցվի, որ Ղարաբաղը բանակցային կողմ չէ, ինչը սխալ է, եւ առանց որի դժվար է պատկերացնել հակամարտության կարգավորման հարցում իրական առաջընթացը:

Լեռնային Ղարաբաղի` բանակցային սեղանի շուրջ վերադառնալու հարցը, կարծես թե, Սերժ Սարգսյանի` արտաքին քաղաքական հարցերում իր նախորդից` Ռոբերտ Քոչարյանից (ում մեղքով էլ հենց ԼՂՀ-ն դուրս մղվեց բանակցային գործընթացից) ունեցած ամենամեծ տարբերություններից մեկն էր: Սակայն ԼՂՀ-ի վերադարձը կյանքի կոչելու հարցում Սերժ Սարգսյանն առանձնապես հետեւողականություն չցուցաբերեց, եւ, ըստ ամենայնի, ոչ միայն բավարար լծակներ չունենալու պատճառով:

Երեկ Հայաստանի Աժ-ում գտնվող ԼՂՀ խոսնակն այս կապակցությամբ ուշագրավ հայտարարություն է արել: Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու ԼՂՀ-ն չի հայտարարում, որ այսուհետ Հայաստանը չպետք է ներկայացնի Ղարաբաղի շահերը բանակցային սեղանի շուրջ, Աշոտ Ղուլյանն ասել է. «Հակառակ բանը կլինի. Ղարաբաղը մենակ է մնալու բանակցային գործընթացում:

Մենք խոսում ենք բանակցային ֆորմատի մասին: Մենք ի սկզբանե գիտենք, որ կոնֆլիկտն ունի երեք կողմ` Հայաստան,Ադրբեջան եւ Ղարաբաղ»: Սա ուշագրավ է նրանով, որ ի սկզբանե հայկական դիվանագիտությունն անում էր ամեն ինչ, որպեսզի Ղարաբաղի հակամարտությունը դիտարկվեր ոչ թե որպես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարածքային վեճ, այլ բացառապես Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտություն: Թե ինչպես դրա ընկալումները միջազգային հանրության կողմից փոխվեցին, արդեն իսկ անցած եւ հայտնի իրողություն է, սակայն այն, որ կոնֆլիկտը Հայաստան-Ադրբեջան տիրույթում է ամրագրում նաեւ ԼՂՀ Աժ նախագահը, դա արդեն հարցերի տեղիք է տալիս:

Թեեւ, դատելով նույն Ա. Ղուլյանի պատասխանից` կապված Նազարբաեւի` հոկտեմբերի 10-ին հիշատակած փոխզիջման հետ, ակնհայտ է դառնում, որ Ղուլյանն ընդամենն ամրագրել է իրերի ներկայիս դրությունը, որտեղ Ղարաբաղի դիրքորոշումն առանձնապես չի կարեւորվում ՀՀ իշխանությունների կողմից: Այլապես ԼՂՀ Աժ խոսնակը հրապարակավ չէր ասի, որ Նազարբաեւի հայտարարած փոխհամաձայնության մասին ինքը տեղյակ է նույնքան, որքան հարցը տված լրագրողը:




Լրահոս