Սերժ Սարգսյանը կոորդինացնում է «եռյակի» գործողությունները. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանը երեկ հարցազրույց է տվել «Արմենպրեսին», որտեղ անսպասելիորեն անդրադարձել է ընդդիմության առաջադրած 12 կետերին եւ նշել, որ Կառավարությանն առաջարկել է վերստին անդրադառնալ այդ կետերին. «Հիմա ունենք մի իրավիճակ, երբ խորհրդարանական ուժերը կամ եռյակը բավարարված չեն այդ պատասխաններով, իսկ Կառավարությունն էլ ասում է` մենք փաթեթի վրա աշխատել ենք, մենք հսկայական գործ ենք կատարել, եւ սա է, օրինակ, այս կետերի մասով սա ենք արել, այս կետերը, տեսնում ենք, որ դեռեւս հնարավոր չէ իրականացնել:

Ի՞նչ պետք է անել այս իրավիճակում: Այս իրավիճակում, ես կարծում եմ, որ ճիշտ կլինի, եւ այդպիսի առաջարկություն ես Կառավարությանն արել եմ, որպեսզի նորից անդրադառնան այդ փաստաթղթին, կետ առ կետ քննարկեն այդ փաստաթուղթը եւ նշեն կոնկրետ այն գործընթացները, որոնցով իրականացնելու են այդ կետերը»: Սարգսյանի այս հայտարարությունն անսպասելի էր, քանի որ հենց ինքը` եռյակը, այդ 12 կետերի մասին մոռացել էր: Համենայն դեպս, ոչ վերջին հանրահավաքի ընթացքում, ոչ էլ եռյակի ներկայացուցիչների` դրան հաջորդած հրապարակային ելույթներում եւ հարցազրույցներում այդ կետերի մասին հիշատակումներ չկային:

Եվ հիմա, վերստին թարմացնելով այդ 12 կետերը՝ Ս. Սարգսյանը, կարելի է ասել,փորձում է եռյակին հետ բերել կառուցողական դաշտ եւ «դեմքը փրկելու» հնարավորություն ընձեռել, որպեսզի նրանք կարողանան ասել, թե Կառավարությունն իրենց ճնշման ներքո այս կամ այն կետը բավարարեց. «Առաջին կետի մասին կունենանք փոքրիկ ճանապարհային քարտեզ, կունենանք ժամկետներ, անցնեն երկրորդին, անցնեն երրորդին, որպեսզի եւ՛ խորհրդարանական այս ուժերը կամ եռյակն իրենց բավարարված զգան, չասեն մեզ անտեսեցին, ե՛ւ մյուս կողմից էլ՝ Կառավարությունը, կարծում եմ, որ մեկ անգամ էլ քննարկելով՝ միգուցե նոր հայացքով կարող է նայել այս ողջ փաթեթին»:

Հատկապես այս վերջին մասով, փաստորեն, Ս. Սարգսյանը նաեւ փոխզիջման հրապարակային առաջարկ է անում, կամ էլ, ավելի ճիշտ՝ արձագանքում Լեւոն Տեր-Պետրոսյանի` դեռ նախորդ հանրահավաքում հնչեցրած ակնկալիքին իշխանությունների կողմից առաջարկությունների վերաբերյալ:

Թե ինչով է պայմանավորված այս քայլը, դժվար է միանշանակ ասել, սակայն այն, որ ընդամենը մի քանի ամիս առաջ եռյակի նույն՝ 12 կետերի հետ կապված Սերժ Սարգսյանի համար անընդունելի էր «պահանջում ենք» ձեւակերպումը, իսկ այսօր արդեն նա «ինքնաբուխ» կերպով է թարմացնում այդ պահանջները, խոսում է այն մասին, որ ընդդիմության դիրքերն ավելի ամուր են, քան կարող է ոմանց թվալ: Կամ էլ, ավելի ճիշտ` իշխանության դիրքերը շատ ավելի թուլացած են, քան ՀՀԿ-ականները ցույց են տալիս:

Ամեն դեպքում` իր այս քայլով Ս. Սարգսյանը փորձում է հունավորել եռյակի գործողությունները: Կստացվի, թե ոչ` պարզ կդառնա կարճ առաջիկայում:




Լրահոս