Ո՞ւր են շտապում Գագիկ Խաչատրյանը և մյուսները. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը երեկ հայտարարել է, որ առաջիկայում Հայաստանի սահմանային մաքսակետերում իրենց ծառայությունը կսկսեն ԵՏՄ ներկայացուցիչները հայկական կողմի հետ համատեղ: Այս հայտարարության մեջ, ըստ էության, անսպասելի որեւէ բան չկա, թերեւս բացի նրանից, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրն առայժմ չի ստացել ՀՀ սահմանադրական դատարանի դրական եզրակացությունը եւ չի վավերացվել ՀՀ Ազգային Ժողովի կողմից: Բայց սրանք, ինչպես ասում են, մանրուքներ են, առավել եւս` մեր ներկայիս ՍԴ-ի եւ Աժ-ի դեպքում, ուստի որեւէ մեկը, գոնե ֆորմալ կողմը ապահովելու համար, դրանց ուշադրություն չի դարձնում: Եթե իհարկե, անհրաժեշտ չէ այդ ֆորմալ կողմն օգտագործել ի շահ սեփական ծրագրերի, ինչպես, օրինակ, նույն Գ. Խաչատրյանի ղեկավարած ֆինանսների նախարարությունն արեց` 2015թ. պետական բյուջեի նախագծում չընդգրկելով ԵՏՄ-ին անդամակցության արդյունքում հնարավոր ծախսերը:

Վերադառնալով ՀՀ մաքսակետերում ԵՏՄ ներկայացուցիչների հայտնվելու հեռանկարին` նկատենք, որ մինչ օրս ո՛չ հանրության, ո՛չ քաղաքական ուժերի, ո՛չ էլ անգամ իշխող ՀՀԿ-ականների համար հստակ չէ, թե արդյոք այդ նույն ԵՏՄ մաքսավորներն իրենց ծառայությունն իրականացնելու են նաեւ Հայաստանի եւ դե յուրե առանձին պետություն համարվող Ղարաբաղի սահմանային անցակետում: Այս հարցի շուրջ երեկ եւս Գ. Խաչատրյանը տվել է լղոզված եւ ոչինչ չասող պատասխան. «Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ սահմանային անցակետ տեղադրելու հարցը փոփոխությունների այս փաթեթում ներառված չէ …. Ասում եմ` չի քննարկվում, երբ որ քննարկվի, լինի-չլինի, դուք կիմանաք»:

Իհարկե, ֆիննախարարից այս դեպքում դժվար է պահանջել ավելին, քան նրա վերադասից` Սերժ Սարգսյանից, կամ ծայրահեղ դեպքում` ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանից, ովքեր այդպես էլ մինչ օրս հարկ չհամարեցին հանրությանը հստակ իրազեկել՝ ի վերջո, լինելու է ՀՀ եւ ԼՂՀ միջեւ մաքսակետ, թե ոչ: Հասկանալի է, որ մաքսակետի տեղակայումը բացառող վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ Աժ նախագահ Գալուստ Սահակյանի հավաստիացումներն այս դեպքում, եւ ցավոք հաճախ, զրոյական արժեք ունեն, առավել եւս, որ հոկտեմբերի 10-ից հետո նրանք այլեւս նման հայտարարություններ չեն անում: Ուստի այսօրվա դրությամբ բաց է մնում Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելու հիմնական շարժառիթի` Ղարաբաղի ապագայի վերաբերյալ կարեւորագույն հարցը, այնինչ ԵՏՄ մաքսավորներն արդեն թակում են Հայաստանի սահմանակետերի դռները:

Բայց սա, իհարկե, եւս մանրուք է, ընդ որում ոչ միայն իշխանությունների, այլեւ իրեն հրապարակավ ռուսապատկան հայտարարած ոչ իշխանականների համար: Ու դա, թերեւս, օրինաչափ է, քանզի «սատանան մանրուքներում է» ճշմարտությունը դժվար թե վախեցնի ընդդիմության առաջնորդին, ով հայտարարում էր, թե պատրաստ է անգամ սատանայի հետ համագործակցել` Սերժ Սարգսյանից ազատվելու համար:




Լրահոս