«ԴԵՌ ԶՍՊՈՒՄ ԵՄ ԻՆՁ». ԳՐԻԳՈՐ ԿՅՈԿՉՅԱՆ
Երգիչ, երգահան Գրիգոր Կյոկչյանը հանդիսատեսի համար նոր երգ է պատրաստել, որը, ոմանց գնահատմամբ, աննախադեպ է լինելու: Նա նաեւ շարունակում է հիթեր գրել գործընկերների համար, սակայն իր երգացանկին շատ ընտրողաբար է մոտենում: Ինչպես Երգի թատրոնի շատ երգիչների՝ Գրիգորին էլ սպառնում է թատրոնի ավանդույթներից շեղվելու վտանգը, սակայն նա դեռ զսպում է իրեն:
-Գրիգո՛ր, շուտով հանդիսատեսին կներկայացնեք Ձեր նոր տեսահոլովակը՝ նկարահանված «Գնում ենք պարելու» երգի հիման վրա: Նշվում է, որ այն աննախադեպ է հայկական շոու-բիզնեսի համար: Կպատմեք՝ ո՞րն է գաղտնիքը:
-Երբ իմ հեղինակած երգն առաջին անգամ ցույց տվեցի գործիքավորող Մարտին Միրզոյանին, նա նկատեց, որ փոփ-հաուս ոճի այդ ստեղծագործությունը գործիքավորման ոլորտի նոր տենդենցներին հետեւելու հնարավորություն է տալիս, եւ դրա շնորհիվ երգը կդառնա աննախադեպ:
-Տեսահոլովակի գլխավոր հերոսուհին Կուբայից ժամանած մոդել, պարուհի Ինդիրա Ռեյեսն է. նրա մասնակցությունը «թանկ չնստե՞ց»:
-Ինդիրային ես չեմ հրավիրել, նա աշխատանքային պայմանագրով առաջին անգամ եկել էր Հայաստան: Մոդելի հետ ծանոթացա պատահաբար, ակումբում: Ասեմ, որ իր կատարած աշխատանքի դիմաց նա չնչին փոխհատուցում ստացավ, տասն անգամ քիչ, քան ես պատկերացնում էի:
-Վերջին շրջանում արտասահմանյան շուկա դուրս գալու ին՞չ նոր հնարավորություններ են ընձեռվել:
-Վերջերս, որպես երաժշտական պրոդյուսեր, «Մանկական Նոր ալիք» երաժշտական մրցույթի շրջանակներում գործուղվել էի Ղրիմ: Այնտեղ ինձ տրվեց ուկրաինական շուկայի համար աշխատելու հնարավորություն, երգեր եմ գրել այս տարվա «Նոր ալիքի» հաղթող Անդրեյ Բոյկոյի եւ այս տարի «Եվրատեսիլ»-ում Ուկրաինայի հնարավոր ներկայացուցիչ, հավակնորդ երգչուհի Վիկտորյա Պետրիկի համար: Բացի այդ՝ ԱՄՆ-ից միջազգային փառատոնի մասնակցելու հրավեր ունեմ:
-Հաճախ հանդես եք գալիս որպես միջազգային մրցույթների մասնակիցների երաժշտական պրոդյուսեր, իսկ ինքներդ չե՞ք պատրաստվում մասնակցել որեւէ միջազգային մրցույթի, օրինակ՝ հենց «Եվրատեսիլին»:
-Ես չեմ հավատում բոլոր այն երգիչներին, ովքեր ասում են, որ չեն ուզում այդ մրցույթին մասնակցել. նրանք, պարզապես, հնարավորություն չունեն: Բայց մի բան է ուզել, մեկ այլ բան է պատրաստ լինել: Պետք է աշխատել այնքան, որ քո մեջ տեսնեն ֆավորիտի եւ առաջարկեն մասնակցել մրցույթին:
-Այնպիսի տպավորություն է, որ ուրիշների երգացանկը հարստացնում եք կոմերցիոն երգերով, իսկ Ձեր երգերի դեպքում շեշտը որակի վրա եք դնում:
-Կարելի է ասել նաեւ այդպես: Երբեմն ավելի շատ ստեղծագործում եմ ուրիշների, քան ինձ համար: Բայց դա սիրով եմ անում, աշխատում եմ գումար, որը ծառայեցնում եմ իմ արվեստին:
-Դուք բախտ եք ունեցել միեւնույն բեմում կանգնել աշխարհահռչակ երգչուհի Հելենա Սեգարայի հետ: Էլի նման մասշտաբի աստղերի հետ համագործակցություններ սպասվու՞մ են:
-Այո՛, դա ինձ պես սկսնակ երգչի համար հեքիաթի պես մի բան էր… Ասեմ, որ գրել եմ հայկական մոտիվներով մի նոր երգ, որը պատրաստվում եմ ներկայացնել Հելենա Սեգարային, եւ չի բացառվում, որ նրա հետ հետագայում հանդես գամ զուգերգով:
-Տնտեսագետի Ձեր մասնագիտությունն օգտագործո՞ւմ եք:
-Այո՛, հենց թեկուզ բիզնես-մտածողություն ունենալու առումով: Իսկ մասնագիտական հմտություններս հետագայում էլ ավելի կզարգացնեմ:
-Բայց այդ բիզնես-մտածողությունն արվեստին չի՞ խանգարում:
-Եթե մենք ապրեինք, օրինակ, Վերածննդի դարաշրջանում, գուցե խանգարեր: Իսկ հիմա պետք է մտածել նաեւ պրոդուկտը վաճառելու մասին, եւ ուզած թե չուզած՝ կոմերցայի գործոնը չես կարող անտեսել:
-Արթուր Գրիգորիչի ձեռքի տակով անցած սերնդի ներկայացուցիչներից շատերն այսօր բավական շեղվել են Երգի թատրոնում քարոզված արվեստից, Ձեզ նման վտանգ սպառնո՞ւմ է:
-Այն երաժշտությունը, որ ես եմ ներկայացնում, բացարձակ եկամտաբեր չէ: Ինքս էլ կարող եմ կատարել հիթեր, որոնք գրում եմ ուրիշների համար, այդպիսով հեշտ կլինի ֆինանսական կայունություն ապահովել, ճանաչում ստանալ, բայց դեռ զսպում եմ ինձ, պետք է հատուկ նյարդեր ունենաս, որ դիմանաս ու նման երգեր չերգես:
-Ձեր երգերից մեկի հերոսուհին «սրտի կաթվածի» է հասցնում սիրած տղային. Ձեր կյանքում նման դեպքեր շա՞տ են եղել:
-Դե, դա անխուսափելի է (ծիծաղում է): Եղել է մի աղջիկ, որ անընդհատ իրեն այդպես է պահել, բայց դա ինձ դուր է եկել, այդպիսի հարաբերությունները հետաքրքիր են ու անկեղծ: Ինքս անձնական կյանքում միապաղաղություն չեմ սիրում:
-Եղե՞լ է նման աղջիկ, թե՞ կա:
-Կա, բայց Հայաստանում չէ. հուսով եմ՝ շուտով կհադիպենք: Չգիտեմ, թե ի վերջո այդ հարաբերությունների արդյունքում ինչ կստացվի, դեռեւս որեւէ հստակ բան չկա:
ՍԽԱԼ ԶՈՒԳԱԳՈՒԼՊԱՆԵՐ ՈՒ ՇԱՐՖԵՐ ԿՐԵԼՈՒ ԲԱՐԴՈՒՅԹՆԵՐԸ
2014-15թթ աշուն-ձմեռ սեզոնը թելադրում է նորաձեւ լինելու իր չափանիշները: Եղանակը վաղուց արդեն ցրտել է, եւ սեզոնը պահանջում է բոլորովին նոր մոտեցում: «Ժողովուրդը» զրուցել է ոճաբան Արայիկ Գաբաջյանի հետ, ով ներկայացրել է նորաձեւության վերջին միտումները: Նրա խոսքով՝ այս սեզոնին ցրտից պաշտպանվելու համար հարմար են բնական թելերից գործվածքները, բնական կաշվից բաճկոններն ու մորթյա հագուստները:
Գույներից նորաձեւ են կանաչի եւ կապույտի համադրությունը, կապույտի եւ մանուշակագույնի արանքում ընկած բոլոր երանգները, ամենամուգ մոխրագույնից մինչեւ սպիտակը, ազնվամորու տաք երանգը:
Այժմ ակտուալ են մինչեւ ծնկները հասնող, լայն օձիքներով վերարկուները՝ մոխրագույն երանգներով: Նորաձեւ են նաեւ վառ գույնի դետալներով համալրված մուշտակները:
Ճտքավոր եւ կիսաճտքավոր կոշիկներից մոդայիկ են լայն «բերանով», ինչպես նաեւ՝ շղթաներով համալրված մոդելները:
Աշուն-ձմեռ հավաքածուում ներկայացված են լայն վերջավորություններով տաբատները՝ «հոլիդե» կոչվածները: Լայն վերարկուներով պայմանավորված՝ տարածված են նեղ ու կարճ տաբատանման տրիկոները: Իսկ բլուզներն այս սեզոնին ներկայանում են տոպերի տեսքով, բրդյա գործվածքներով:
Աշուն-ձմեռ հավաքածուներում աքսեսուարների առումով շեշտը դրվում է շարֆերի, գլխարկների ու ձեռնոցների վրա: Նորաձեւ են մի քանի մատերիալից՝ մորթուց, մետաքսից, բնական թելերից շարֆերը, մատները ծածկող, կաշվե, բնական մորթուց ձեռնոցները, ոսկեգույն եւ վինտաժային աքսեսուարներով համալրված մոդելները: Հավաքածուներում տեղ են գտել լայն բացվածքով ցիլոները, բրդյա գործվածքով սեւամորթների ոճի գլխարկները:
Բիժուներից սեզոնին ներկայացված են մեծ քարերով ականջօղերը՝ կլիպսները, արհեստական քարերից հավաքված երփներանգ վզնոցները, մեծ քարերով մատանիները:
Ակնոցի սիրահարները տեսականուց կարող են ընտրել սեւ, տձեւ ու քառակուսի շրջանակներով, բաց գույնի ապակիներով մոդելները:
Ոճաբանն առանձանացրեց սեզոնի ամենատարածված սխալները՝ կանանց եւ տղամարդկանց շրջանում:
Առաջին դեպքում աչքի զարնող ամենակոպիտ սխալը զուգագուլպաների ընտրությունն է: Հաստ ոտքեր ունեցող կանայք հաճախ ընտրում են իրենց կազմվածքին ոչ համապատասխան գործվածքով եւ գույնով զուգագուլպաներ, որոնք վիզուալ կերպով կրկնակի հաստացնում ու կարճացնում են ոտքերը: Իսկ տղաների շրջանում ամենատարածված բարդույթը գլխարկներ ու շարֆեր կրելու հետ է կապված:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ԼՈՒՐԵՐ
ԵՎԱ ՌԻՎԱՍԻ ՊՈՌԹԿՈՒՄՆԵՐԸ
Վերջին շրջանում Եվա Ռիվասը բազմաթիվ խոսակցությունների կիզակետում է հայտնվել: ESem.am-ը երգչուհու հետ զրուցել է նրա անվան շուրջ պտտվող սկանդալների մասին: Դրանցից ամենաթարմը «Հայաստանի ձայնի» շրջանակներում նրա եւ Սոնայի ունեցած կոնֆլիկտն է: Եվայի խոսքով՝ կոնֆլիկտը եղել է շոուի շրջանակներում եւ հարթվել է, ամեն բան կարգին է: «Ամեն մարդ էլ ունենում է էմոցիանոլ պոռթկումներ: Եթե տվյալ պահին վիճել ենք, չի նշանակում, որ վաղը պետք է զայրանանք միմյանց վրա»,-պարզաբանել է Եվան:
Նա մեկնաբանել է իր անվան շուրջ տարածված մեկ այլ խոսակցություն եւս, ըստ որի՝ ինքը ժամանակին մահմեդական ընկեր է ունեցել: Նրա խոսքով՝ շատերն են դեմ եղել այդ հարաբերություններին, սակայն ինքը ոչ մի վատ բան չի արել. «Ես չեմ հանդիպել թուրքի կամ ադրբեջանցու հետ. հանդիպել եմ մահմեդականի հետ: Դա այլ հավատք է»,-մեկնաբանել է նա:
ՇԵՐԸ ԱՊԱՔԻՆՎՈՒՄ Է
Վերջերս համաշխարհային շոու-բիզնեսի վառ աստղերից մեկը՝ հայազգի երգչուհի Շերը, հիվանդության պատճառով ստիպված էր հետաձգել իր Dressed To Kill Tour համերգային շրջագայությունը: Աստղի հիվանդանալու հանգամանքը շատ էր վախեցրել նրա երկրպագուներին: Հիվանդությունը հասցրել էր ազդել Շերի երիկամների եւ այլ ներքին օրգանների վրա: Երգչուհին վերջին շրջանում սարսափելի տեսք ուներ:
Այժմ նա վերականգնողական փուլում է: Երգչուհու համար հատուկ ֆիզիկական վարժություններ են նշանակվել: Վերջերս նա սոցցանցում գրել է. «Ես ուժեղ եմ: Երջանիկ եմ, որ ապրում եմ: Շնորհակալ եմ իմ բոլոր երկրպագուներին բարեմաղթանքների, խորհուրդների եւ աղոթքների համար»:
ԼՈՐԵՆԸ ԲԱՑԱՀԱՅՏԵՑ
Կինոյի լեգենդ Սոֆի Լորենը երկար տարիներ անց խոսել է 1957-ին արված մի սկանդալային լուսանկարի մասին, որում նա բազմանշանակ հայացքով նայում է ամերիկացի սեքս-խորհրդանիշ Ջեյն Մենսֆիլդի լանջաբացվածքին: Լորենը Vanity Fair-ի հետ զրույցում պարզաբանել է, որ Մենսֆիլդի կրծքին այդպես նայում է այն մտավախությամբ, որ գուցե նրա կուրծքը դուրս պրծնի եւ «թափվի» իր ափսեի մեջ: Լորենի խոսքով՝ ինքն այսքան ժամանակ չի խոսել տվյալ թեմայով, քանի որ հարգել է Մենսֆիլդին, որը մահացել էր ողբերգական հանգամանքներում:
Նշենք, որ ինտրիգային ֆոտոն արվել է ԱՄՆ-ում, երբ Paramount կինոստուդիան Լորենի պատվին հյուրանոցներից մեկում ընդունելություն էր կազմակերպել: