Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, շարունակվում է Վազգեն Խաչիկյանի և մյուսների գործով դատական քննությունը:
Պաշտպանական ճառով հանդես եկավ ամբաստանյալ Աշոտ Աբրահամյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը: Նրա խոսքով` իր պաշտպանյալին մեղադրանք այդպես էլ չառաջադրվեց: Պաշտպանը նշեց, թե գործով երկու մեղադրողներն ամեն մեկն իր հերթին նոր մեղադրանք է առաջադրել տարբեր ժամանակահատվածներում:
«Առաջադրված մեղադրանքը փոփոխելու և նոր մեղադրանք առաջադրելու անհրաժեշտությունն ապացուցել չկարողանալու հանգամանքը խոսում է այն մասին, որ ամբաստանյալի նկատմամբ մեղադրական դատական ակտ չի կարող կայացվել»,- շարունակեց պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը:
Վերջինս որպես օրինակ բերեց մի քանի վկաների ցուցմունքները` նշելով, թե վկաները յուրացված գումարների մասին որևէ հստակ փաստ չեն կարողացել ներկայացնել: Այսպիսով` պաշտպանը գտնում է, որ տվյալ դրվագներով առկա են չփարատված կասկածներ, ուստի՝ իր պաշտպանյալի մեղադրանքի ծավալից պետք է հանվեն յուրացումները:
Աշոտ Աբրահամյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը միջնորդեց իր պաշտպանյալի նկատմամբ կայացնել արդարացման դատական ակտ կամ կիրառել համաներում: Պաշտպանը միջնորդեց վճիռ կայացնելիս հաշվի առնել այն հանգամանքը, որ Աշոտ Աբրահամյանը տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը, ըստ Կառավարության համապատասխան որոշման, խոչընդոտում է պատժի կրմանը:
Ապա նախագահողը հարցրեց, թե պաշտպաններից ով է ցանկանում հաջորդիվ ներկայանալ ճառով, սակայն դրական պատասխան չստացվեց. բոլոր պաշտպանները միաբերան խնդրեցին հանդես գալ հաջորդ դատական նիստին: Դատարանը որոշեց հաջորդ նիստին պաշտպանների չներկայանալու դեպքում արձանագրել այն փաստը, որ պաշտպանական կողմին տրվել է ողջամիտ ժամկետ` 40 օր, սակայն կողմը չի պատրաստվել: Ուստի՝ հաջորդ դատական նիստին բոլոր պաշտպանները պետք է ներկայանան ճառով: Այդուհանդերձ, ամբաստանյալ Հրանուշ Դանիելյանի և Համլետ Մարտիրոսյանի պաշտպան Հովիկ Արսենյանը բանավոր կերպով հանդես եկավ պաշտպանական ճառով:
«Տպավորությունն այնպիսին էր, որ մեղադրող դատախազի մեղադրական ճառը նրա կողմից չէր գրվել: Մեղադրողն իմ պաշտպանյալների մասով նշեց, թե դատական քննությանը հրաժարվել են ցուցմունքներ տալուց, ուստի՝ հրապարակվում են նրանց նախաքննական ցուցմունքները: Բայց որտե՞ղ էր հարգելի մեղադրողն այն պահին, երբ դատարանում իմ պաշտպանյալները ցուցմունք էին տալիս: Մեղադրականում ասվում է, թե կազմակերպված հանցավոր խմբի կողմից իրականացվել է գործողություն. եթե կազմակերպված հանցավոր խմբի անդամ լիներ իմ պաշտպանյալ Մարտիրոսյանը, ինչո՞ւ պետք է գնար կենտրոնական ապարատ, որ նրան էլ այնտեղ ասեին, թե ինչ գործ ունես, որ խառնվում ես: Այդպես էլ չկարողացանք հասկանալ, թե ինչու է այս մարդկանց նկատմամբ մեղադրանք առաջադրվել, եթե նրանք ինքնակամ և գիտակցաբար հրաժարվել են հանցագործության մասնակիցը դառնալ: Թեպետ չեմ կարող ասել, որ արդարադատության համակարգի հետ լուրջ հույսեր եմ կապում կամ առանց ճնման որոշում կկայացվի, սակայն, ճանաչելով նախագահող դատավորին` հույս ունեմ, որ վճիռ կայացնելիս հաշվի կառնվեն այն հանգամանքները, որ իմ պաշտպանյալներն ինքնակամ ներկայացել են, ընդունել են իրենց առաջադրված մեղադրանքը, ցուցմունքներով օգնել են նախաքննությանը»,- իր ճառում նշեց Հովիկ Արսենյանը` արդարացման դատավճիռ կամ համաներման ակտ կայացնելու միջնորդությամբ:
Ամբաստանյալները միացան իրենց պաշտպանի ճառին:
Դատական հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 20-ին: