Որքանով է համարժեք պատասխան տրվում Ադրբեջանի ագրեսիային. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղն իր հարակից ազատագրված տարածքներով ոչ թռիչքային գոտի հայտարարելու մասին հայտարարությանն ի պատասխան՝ երեկ Հայաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն ուղղաթիռով մեկնել է Ղարաբաղ` մասնակցելու Հայաստանի եւ Ղարաբաղի զինված ուժերի «Միասնություն-2014» համատեղ օպերատիվ-մարտավարական զորավարժություններին: Բնականաբար Սերժ Սարգսյանի այս քայլը կրում էր շատ հստակ ուղերձ, եւ, ըստ էության, պատասխանն էր ադրբեջանական կողմի նետած ձեռնոցին: Նշենք, որ ազերիները ԼՂՀ օդային տարածքը փակելու մասին ոչ միայն հայտարարել էին, այլեւ պաշտոնական նամակով տեղեկացրել էին քաղավիացիայի միջազգային կազմակերպության անդամներին։

Հակամարտությունների համաշխարհային պատմության մեջ նման քայլերը, սովորաբար, նախորդել են պատերազմական գործողություններին, կամ առնվազն` լարվածության սահմանագծային էսկալացիային: Եվ այս իմաստով Սերժ Սարգսյանի կողմից «փակ օդային տարածքով» ուղղաթիռային երեկվա չվերթը նշանակում էր ազերիների դեմքին նետված պատասխան ձեռնոց:

Ակնհայտ է, որ 1994թ. հրադադարի պայմանագրի ստորագրումից ի վեր պատերազմական գործողությունների վերսկսման հավանականությունը երբեք այսքան մոտ չի եղել, առավել եւս, որ նույն ազերիների կողմից երեկ հրապարակված տեսանյութից պարզ դարձավ, որ նրանց կողմից միտումնավոր կերպով է ստեղծվել «casus belli»-ն` պատերազմի առիթը, եւ, ըստ ամենայնի, ոչ առանց գործընթացի շարունակման նախնական հաշվարկների:

Սա հստակ գիտակցում են բոլորը՝ ե՛ւ ՀՀ քաղաքական ուժերը, որոնց ոչ իշխանական հատվածը` եռյակը, ի պատիվ իրենց, երեկ հանդես եկավ ներքին տարաձայնությունները մի կողմ դնելու եւ արտաքին վտանգի դեպքում միասնական լինելու հայտարարությամբ, ե՛ւ միջազգային հանրությունը, որը կատարվածին կայծակնային արագությամբ արձագանքեց, ե՛ւ Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ն, որոնք, ի տարբերություն նախորդ` նման դեպքերի, եւս դատապարտեցին կատարվածը:

Միով բանիվ` իրավիճակը կարծես թե լուրջ է, եւ ակնհայտ է, որ Ադրբեջանը նման աննախադեպ սադրանքի է դիմում աշխարհաքաղաքական բեւեռներից մեկի հրահրմամբ: Թե կոնկրետ որ բեւեռի, դժվար է հստակ ասել՝ հաշվի առնելով բազմաթիվ գործոններ՝ թե՛ առաջիկա օրերին ԵՏՄ պայմանագրի քննությունը ՍԴ-ում, ապա վավերացումը ԱԺ-ում, ասել է թե` վերջին հնարավոր (թեեւ` անհավանական թվացող) շանսը Հայաստանի եվրասիական կուրսը շեղելու հարցում, թե՛ ԵՄ -ՀՀ հարաբերությունների հնարավոր վերասերտացումների միտումները, թե՛ ուղղաթիռը խոցած հրթիռի ծագումնաբանությունը (ըստ հավաստի աղբյուրների` ռուսական), թե՛ Հայաստանի եւ Ղարաբաղի սահմանային կետերում ԵՏՄ սահմանապահների տեղակայման հեռանկարը եւ թե՛ դրան Իրանի կամ Թուրքիայի արձագանքը, եւ, ի վերջո, Իսլամական պետության շուրջ ընթացող զարգացումները:




Լրահոս