Ինչպես են օրինականացվում ապօրինի շինությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1988 թվականի երկրաշարժից հետո Գյումրիում ապօրինի կառուցապատումը ստացավ համատարած բնույթ, որը կանոնակարգելու ուղղությամբ իշխանությունների վերջին տարիներին գործադրած ջանքերն առայժմ ցանկալի արդյունք չեն տալիս:

Դեռեւս 2006 թվականին կառավարության ընդունված որոշմամբ բոլոր ապօրինի շինությունները պետք է օրինականացվեն, հակառակ դեպքում համայնքն իրավունք ունի դրանք ճանաչել որպես իր սեփականություն եւ վաճառել աճուրդով:

Գյումրու քաղաքաշինության բաժնից տեղեկացանք, որ 2014 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին քաղաքապետարանում օրինականացվել է 197 ինքնակամ կառուցված շինություն եւ հողամաս, որի արդյունքում բյուջե է մուտքագրվել 25 մլն դրամ: Սակայն, ինչպես նշեցին ոլորտի պատասխանատուները, Գյումրիում չափազանց շատ են անօրինական շինությունները, որոնք քաղաքացիները չեն շտապում օրինականացնել:

Այդ գործընթացից հատկապես շահում է տեղական բյուջեն, քանի որ կառավարության որոշմամբ սեփականացրած շինությունների գումարները մուտքագրվում են տեղական բյուջե եւ ծախսվում են համայնքի խնդիրների վրա:

Ըստ գոտեւորման` յուրաքանչյուր քառակուսիի դիմաց կառավարության սահմանած գները տարբեր են: Նշենք, որ համայնքապատկան հողի վրա կառուցված շինությունները չօրինականացնելու դեպքում քաղաքացին տուգանվում է նվազագույն աշխատավարձի չորս հարյուրապատիկի չափով, սեփական տարածքի վրա՝ երկու հարյուրապատիկի չափով: Իսկ եթե ապօրինի շինությունները հայտնաբերվել են, դրանց տերերը զգուշացվել են, սակայն քայլեր չեն ձեռնարկել, ապա տուգանքը կազմում է նվազագույն աշխատավարձի երկու հազար հինգ հարյուրապատիկի չափ: Սակայն պատասխանատուների համար շարունակում են լուրջ խնդիր մնալ «դոմիկները», քանի որ դրանք ընդհանրապես ենթակա չեն օրինականացման:

Տարածքը կօտարվի միայն այն ժամանակ, եթե այն ազատվի եւ աճուրդային կարգով տրամադրվի քաղաքացիներին՝ բնակարան կառուցելու համար, մինչդեռ սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում հայտնված բնակիչն ի զորու չէ այն գնել:
Ի դեպ, նշենք, որ 2010 թվականից ուժի մեջ մտած ՀՀ օրենքի համաձայն՝ իրավունք հաստատող փաստաթուղթը կորցրած կամ չպահպանած քաղաքացիների կողմից կառուցված շինությունների գործընթացն անվճար է կատարվում: Ավելացնենք նաեւ, որ ըստ ՀՀ հողի մասին օրենքի՝ արգելվում է օտարել փողոցները, մայթերը, այգիները եւ այն տարածքները, որոնցում գտնվող կառույցները ենթակա են ապամոնտաժման:

Արեւիկ Հակոբյան
Գյումրի




Լրահոս