«Շոպլիկությունը»` շոու-բիզնեսում ընդունելի կատեգորիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգիչ, գործիքավորող Գուժը, ով վերջերս հանրությանը ներկայացրեց իր նոր «Oh!» ստեղծագործությունը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ հայկական շոու-բիզնեսի ոլորտը ողողվել է գործից անտեղյակ մարդկանցով, ովքեր, շատ փող ունենալով, կարողանում են ճաշակ թելադրել:

-Վերջերս ներկայացրեցիք Ձեր՝ թվով երրորդ տեսահոլովակը: Դուք գործիքավորող եք, երգիչ, այս անգամ արդեն հանդես եք եկել որպես ռեժիսոր. շատ չէ՞:

-Սա առաջին անգամն էր, որ ուժերս փորձել եմ որպես ռեժիսոր, փորձել եմ մինիմալի սահմաններում գեղեցիկ տեսահոլովակ ստանալ, կարծես թե ստացվել է: Չեմ կարծում, թե լավ բանը կարող է շատ լինել: Համաձայն եմ, որ ամեն ոլորտում կան վարպետներ, բայց միեւնույն ժամանակ պետք չէ մոռանալ, որ նրանք աստիճանաբար աշխատելով են վարպետացել:

Գիտենք, որ շատ բծախնդիր եք Ձեր աշխատանքի նկատմամբ, Ջուսի հետ համատեղ տեսահոլովակը, օրինակ, սկզբում չեք հավանել, եւ Ձեզ դժվարությամբ են համոզել, որ այն եթեր հեռարձակվի: Ուրիշների ստեղծագործություններին է՞լ եք քննադատաբար մոտենում:

-Այո՛, շատ բծախնդիր եմ, հատկապես ինքս իմ նկատմամբ, պահանջկոտ եմ ու մաքսիմալիստ: Ուրիշների գործերում էլ թերություններ տեսնելով՝ չեմ կարողանում ժպտալ ու ասել, որ ամեն բան լավ է, նախընտրում եմ նրանց ասել թերությունների մասին:

-Ձեր մուտքը հայկական շոու-բիզնես նշանավորվեց Ջուսի հետ տեսահոլովակով: Նա, առհասարակ, օգնե՞լ է Ձեզ կայանալ այս ոլորտում:

-Այո՛, մենք լավ ընկերներ ենք, եւ ես շատ ուրախ եմ, որ նրա հետ դուետի հիման վրա թողարկվեց իմ առաջին տեսահոլովակը: Դա նպաստեց, որ լայն շրջանակներում ճանաչում ստանամ: Կարող եմ ասել, որ Ջուսն ունի իր մեծ ներդրումն այդ գործում:

-Այսօր շոու-բիզնեսը կարծես թե ղեկավարվում է փողատերերի կողմից, ոչ պրոֆեսիոնալները ողողել են դաշտը, ինչպե՞ս եք կարողանում գոյատեւել այս պայմաններում:

-Այսօր ոլորտում ամեն բան խառնվել է մարդկանց ինքնագործունեության պատճառով: Երաժշտական հաղորդումների խմբագիր կարող է աշխատել երաժշտությունից կիլոմետրերով հեռու մեկը: Նա, ով շատ փող ունի, կարող է հեռուստաընկերություն հիմնել, հնչեցնել իր ճաշակին համապատասխան երաժշտություն, կամ հեռարձակել այն, ինչի դիմաց վճարվում է:

Ստեղծված իրավիճակի միակ մեղավորները ոլորտից անտեղյակ մարդիկ են, որոնք ոլորտը ղեկավարում են այնպես, ինչպես իրենք են հարմար գտնում: Ես, օրինակ, տեսահոլովակներս ցուցադրելու համար հեռուստաընկերություններին երբեւէ չեմ վճարել: Թող վճարեն այն մարդիկ, ովքեր ակնկալում են ստանալ առաջարկներ հարսանիքներից, կնունքներից եւ այլ նմանատիպ միջոցառումներից:

-Հաճախ սոցցանցերում գրում եք ստատուսներ, որոնց միջոցով ծաղրի եք ենթարկում շոու-բիզնեսի որոշ ներկայացուցիչների. նրանց մեջ Ձեզ ի՞նչն է ամենաշատը նյարդայնացնում:

-Մեկ բառով ասած՝ «շոպլիկությունը». այն երեւույթը, որ իրար հետեւից ինչ ասես խոսում են, իսկ առջեւից ջերմ ժպտում եւ համբուրվում են:

Գիտենք, որ Ձեր հայրը ղարաբաղյան պատերազմի մասնակից է, Դուք, թեեւ այդ թեման չեք շահարկում, բայց եւ հաճախ հանդես եք գալիս հայրենիքի հանդեպ սրտացավություն արտահայտող գրառումներով: Մեր երկրի ներքաղաքական կյանքին, առհասարակ, հետեւո՞ւմ եք, ի՞նչ մտահոգիչ խնդիրներ եք տեսնում:

-Իսկապես, այդ հանգամանքը երբեք չեմ շահարկում եւ լոզունգ չեմ դարձնում, անգամ զարմացա, որ տեղյակ եք այդ մասին: Իհարկե, անտարբեր չեմ մեր երկրի նկատմամբ, շատ մտահոգիչ խնդիրներ կան, դրանք անթիվ են…Ասեմ, որ ինչպես շոու-բիզնեսում, այնպես էլ քաղաքականության ոլորտում ամեն բան բարձիթողի վիճակում է: Տիրում է որոշ մարդկանց կամայականություններին համարժեք իրավիճակ, ամեն ինչ արվում է ինքնանպատակ, կարեւորը իրենց համար լավ լինի:

-Հարցազրույցներից մեկի ժամանակ նշել եք, որ հազվադեպ եք սիրահարվում, իսկ ինչպիսի՞ն է սիրահարված Գուժը, ո՞ր տեսակի կանանց չեք հանդուրժի Ձեր կողքին:

-Հազվադեպ եմ սիրահարվում, դա ճիշտ է, իսկ երբ սիրում եմ, նվիրվում եմ անմնացորդ, այն աստիճան, որ սիրելիի թերություններն առավելություններ են թվում: Իսկ կողքիս չեմ հանդուրժի եսասեր աղջկա. երբ աղջիկն էգոիստ է, դա ահավոր է…Կուզենամ, որ իմ երկրորդ կեսը նույնքան հոգատար լինի իմ նկատմամբ, որքան ես՝ իր:

Աննա Բաբաջանյան




Լրահոս