Հայաստանում դիջեյներին լավ չեն վարձատրում. DJ Սերժո (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

DJ Սերժոն, ով վերջերս նաեւ եվրոպական շուկա դուրս գալու փորձեր է անում, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ չնայած ակումբային երաժշտության հանդեպ հանրության ուշադրությունն աստիճանաբար մեծանում է, մեր երկրում դիջեյները, իրենց ունեցած պոտենցիալի համեմատ, բավարար չեն վարձատրվում:

-Սերժո՛, Հայաստանում դիջեյները որքանո՞վ են պահանջված:

-Այսօր մենք ունենք շատ դիջեյներ, ովքեր մատուցում են որակյալ երաժշտություն, ունեն միջազգային շուկա մուտք գործելու բոլոր հնարավորությունները: Երեւանի պես փոքր քաղաքում ամեն մեկս ունենք մեր ունկնդիրը, աշխատանքի հանդեպ մեր մոտեցումը: Իսկ ակումբային երաժշտության հանդեպ հանրության ուշադրության առումով առաջընթացը նկատելի է:

-Այնպիսի տպավորություն է, որ մեր երկրում ռեստորանային երաժշտության վերաբերյալ մարդիկ ավելի լավ կարծիք ունեն, քան ակումբային երաժշտության, համաձա՞յն եք:

-Իրականում ռեստորանը կամ ակումբն ընդամենը տարածք է, իսկ տրամադրություն, մթնոլորտ ձեւավորողը մարդիկ են: Ռեստորանային երաժշտությունը, թերեւս, մասսայականություն է վայելում դրա հանդեպ բարձր տարիքի մարդկանց հետաքրքրվածության շնորհիվ, իսկ ահա ակումբում փորձ է արվում ներկայացնել ժամանակակից երաժշտություն, որը ոչ բոլորին է հասու:

-Երեւանը կարո՞ղ է համարվել ակումբային քաղաք:

-Միանաշանակ այդ որակումը տալը դժվար է, սակայն սխալ կլինի, եթե ասենք, որ շատ հեռու ենք դրանից: Կարծում եմ՝ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ճաշակով դիջեյներին, ոլորտի գիտակներին, որպեսզի ունենանք արդյունք:

dj serjo

-Արդեն 8 տարի է՝ Երեւանում զբաղվում եք դիջեյությամբ, սպառվելու մտավախություն չկա՞:

-Գալիս է մի պահ, որ դադարի, ֆորմատային փոփոխության կարիք է զգացվում. դա նորմալ է, երաժիշտը չպետք է կրկնվի: Սպառվելու խնդիր չկա, բայց դադարներ պետք են:

-Մեր դիջեյները, թեկուզ ֆինանսական առումով, ինչպես հարկն է՝ գնահատվո՞ւմ են:

-Գիտեք՝ ցանկացած երկրում այս ոլորտի մարդիկ ունեն եկամտի կողմնակի աղբյուր: Կարծում եմ՝ իրենց ունեցած պոտենցիալի համեմատ դիջեյները մեր երկրում բավարար չեն վարձատրվում: Վերջին ժամանակներում նկատելի է, օրինակ, դիջեյների՝ հարսանիքներին հրավիրվելու տենդենցը. այսինքն՝ նրանց պահանջարկն աստիճանաբար մեծանում է, իսկ եթե մասնագետն ունի պահանջարկ, ուրեմն պետք է լավ վաստակի:

-Արտասահմանցի դիջեյների հետ համագործակցությունն ի՞նչ փուլում է:

-Արտասահմանում սկսել եմ հանդես գալ նոր՝ «Սիմոնյան» բեմական անվամբ, ավելի ճիշտ՝ իմ ազգանվամբ: Սիմոնյանը ներկայացնելու է հաուս ոճի ակումբային երաժշտություն: Եվրոպայում աշխատում եմ տարբեր ստուդիաների հետ, արդեն ունեմ երկու թրեք, որոնք նախատեսված են ակումբների համար: Հայաստանում եւ դրսում պատրաստվում ենք կազմակերպել նաեւ միջոցառումներ, որոնց ընթացքում հանդես կգանք կենդանի կատարումներով:

-Վերջերս «Մի քանի հոգի» նախագծով ներկայացրեցիք «Ազգս չարա» ստեղծագործությունը, ի՞նչ մեսիջ եք ուզում հասցնել հանդիսատեսին:

-Ռեփ տեքստերի շրջանակներում, սովորաբար, բարձրացվում են մտահոգիչ հարցեր, գլոբալ թեմաներ…Ազգս չարացելա, իսկ մենք պետք է տանք պոզիտիվ էներգիա, ժողովուրդն ունի դրա կարիքը, մենք փորձում ենք խոսել մարդկանց հետ, հիմա բարդ ժամանակներ են…

serjo

-Ակումբային երաժշտությանը հայկական մեղեդայնություն հաղորդելու խնդիր Ձեր առջեւ դրե՞լ եք:

-Իմ առաջին ալբոմում ընդգրկված էին հենց հայկական ժողովրդական երգերի ռեմիքս տարբերակներ, ինքս երբեւէ չեմ անտեսել ազգային մոտիվները: Հայկական էլեմենտներում արեւելյան շունչ կա, իսկ արտասահամանցիներին դա միշտ հետաքրքրել է:

-Վերջին շրջանում բուռն կերպով քննարկվեց Ձեր անձական կյանքը: Որոշ մարդիկ անգամ խոսակցություններ տարածեցին այն մասին, թե իբր Դուք եւ երգչուհի Էմմին սիրավեպ ունեք, իհարկե, դա հերքվեց, սակայն երկրպագուները չեն դադարում նշել, որ ցանկանում են Ձեր կողքին տեսնել որեւէ մեկին …

-Ես էլ եմ ուզում իմ կողքին որեւէ մեկին տեսնել (ծիծաղում է): 30-ամյակիցս հետո է՛լ ավելի ուշադրություն դարձրի այդ հարցին, սակայն ասեմ, որ չեմ պատրաստվում ամուսնանալ զուտ այն պատճառով, որ, ինչպես ասում են, «արդեն տարիքս է», ուզում եմ այդ քայլին գնալ սրտի թելադրանքով: Հուսով եմ, որ այդ մարդը շուտով շատ անսպասելի կերպով կհայտնվի իմ կողքին:

Աննա Բաբաջանյան




Լրահոս