Հիմա ամեն երկրորդը խոսում է քաղաքականությունից. DJ Սերժո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստանում հնարավոր է դիջեյությամբ նորմալ գումար աշխատել, դիջեյներին կանչում են կորպորատիվներին. հարսանիքներն առանց դիջեյի արդեն չեն անցկացնում: 6/8 չափի երաժշտությունը միշտ էլ տարածում ունեցել է մեր հանրության շրջանում, բայց այն իր տեղն ունի, դիջեյությունը՝ իր: Կարող եմ ասել, որ դիջեյների պահանջարկը Հայաստանում աստիճանաբար մեծանում է»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց DJ Սերժոն՝ պատասխանելով մեր հարցին, թե արդյոք կորպորատիվներին 6/8 երգերին նախապատվություն տվող հայ հանրության զգալի մասի շրջանում դիջեյներին հաջողվում է պահանջարկ վայելել:

Նրա խոսքով՝ եթե Եվրոպայում, Միացյալ Նահանգներում դիջեյական մշակույթն արդեն երկար տարիների պատմություն ունի, ապա Հայաստանում այն սկսել է զարգացում ապրել 1990-ականների կեսից: Հարցին, թե ինչ նորություններ են պատրաստում երկրպագուների համար, Սերժոն պատասխանեց. «Նոր նախագիծ ունենք Արամ MP3-ի հետ, կա նաեւ մեկ այլ նախագիծ՝ իմ հեղինակային ստեղծագործություններով:

Պատրաստ է «Մի քանի հոգի» խմբի երկրորդ ալբոմը: Այնպես որ, նորություններ անպայման կլինեն»:
Մենք հարցրինք՝ դիջեյը հեղափոխությունից հետո իրեն նոր Հայաստանում զգում է. «Ինչպես դիջեյական ոլորտին, այնպես էլ մյուս ոլորտներին զարգանալու համար ժամանակ է պետք: Կարեւորն այն է, որ հավատում եմ, եւ հույս ունեմ, որ ամեն բան լավ կլինի, բայց քաղաքականությունից խոսել չեմ ուզում, կարիք չկա: Հիմա ամեն երկրորդը խոսում է քաղաքականությունից, ավելի լավ է՝ ես լռեմ»,-մեկնաբանեց Սերժոն:

Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային հարաբերությունները, հորդորում է շոու-բիզնեսի ոլորտում ձեռնարկատիրությամբ զբաղվողներին` երգիչներին, երաժիշտներին, հանդիսավարներին, ստանալ պետական գրանցում կամ հաշվառվել հարկային մարմնում` բարեխղճորեն, Հարկային օրենսգրքով սահմանված կարգով: Սերժոյից հետաքրքրվեցինք՝ պատրաստվում է արդյոք ականջալուր լինել ՊԵԿ-ի հորդորին. «Այս գործընթացը պետք է երկկողմանի արդարացված լինի: Եթե վճարում ես, պետք է հասկանաս՝ ինչ մեխանիզմներով է հաշվարկն իրականացվելու, շոու-բիզնեսի որ ներկայացուցիչն ինչ սկզբունքով է հարկվելու»,-եզրափակեց դիջեյը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս