Ուղղաթիռի կործանումն անգամ չարթնացրեց ԱԳՆ-ին. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր արդեն յոթերորդ օրն է, ինչ Աղդամում խոցված հայկական ռազմական ուղղաթիռի բեկորները գտնվում են թշնամու անընդմեջ կրակի ներքո: Հայաստանի եւ ԼՂՀ զինուժին այդպես էլ որեւէ կերպ չի հաջողվում մոտենալ ուղղաթիռին եւ մեր զոհված երեք հայ սպաների դիակները տեղափոխել: Կատարվածն աննախադեպ եւ շատ ցավալի ապտակ է մեր երկու հայկական պետությունների զինվորական արժանապատվությանը:

Ինչ խոսք, ՀՀ եւ ԼՂՀ պաշտպանության նախարարություններն անհրաժեշտ բոլոր քայլերը ձեռնարկել են, դիմել են Կարմիր խաչին, ԵԱՀԿ-ին եւ իրենք եւս ամեն պահ սպասում են նվազագույն իսկ հնարավորության` մեր տղաների դիակներն ադրբեջանական հետմահու գերությունից ազատագրելու համար: Սակայն, ինչպես տեսնում ենք, առայժմ որեւէ արդյունք չկա, եւ ակնհայտ է, որ ներկայումս մեր զինվորների դիակները հետ բերելու հնարավորությունը ռազմական շրջանակից տեղափոխվել է դիվանագիտական դաշտ: Անվիճելի է, որ հրադադարի ռեժիմը կոպտորեն խախտած Ադրբեջանին հիմա հնարավոր է եւ պետք է ճնշել նախ եւ առաջ դիվանագիտական, քաղաքական, այլ ոչ թե ռազմական գործիքների միջոցով:

Մինչդեռ նոյեմբերի 12-ի կատարվածը դատապարտող միակ հայտարարությունից հետո Հայաստանի արտգործնախարարությունը, ի դեմս Էդվարդ Նալբանդյանի, անհասկանալի պատճառներով, բառիս բուն իմաստով, պապանձվել է: Այնինչ սա այն դեպքն է, երբ Նալբանդյանը պետք է առավոտից երեկո հանդես գար հայտարարություններով, պետք է Հայաստանի Հանրապետության` տարբեր երկրներում պաշտոնավարող դեսպաններին հանձնարարեր տեղի հայ համայնքների հետ բողոքի ակցիաներ կազմակերպել, պետք է բոլոր միջազգային կառույցներում, որոնց Հայաստանն անդամագրված է, գործուղեր ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչներին, պետք է ամենժամյա հանդիպումներ ունենար Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետների հետ եւ այլն, եւ այլն, եւ այլն: Քայլերն ու հնարավորությունները շատ են, սակայն դրանք իրականացնողը, փաստորեն` զրո:

Եվ այսօր պետք է արձանագրենք, որ Ադրբեջանի լկտի սադրանքի եւ դրան հետեւած հակամարդկային պահվածքի մասին միջազգային հանրությանն իրազեկելու եւ բարոյական ճնշում գործադրելու իմաստով երեկվանից հացադուլ հայտարարած «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանը միայնակ շատ ավելին է անում, քան մի ողջ թանկարժեք արտաքին գործերի նախարարություն: Ուստի ժամանակն է, որ ՕԵԿ խմբացկության ղեկավար Հեղինե Բիշարյանը հանդես գա նոր առաջարկությամբ` միավորել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը գյուղատնտեսության նախարարության բանջար-բոստանային կուլտուրաների վերահսկողության ենթաբաժնի հետ: Կառավարության կազմի այս բարեփոխումը վաղուց է հասունացել:




Լրահոս