ՄԵՐ ՑՈՒՑԱԿՆ, Ի ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՇԱՏ ՇԱՏԵՐԻ, ԻՆՔԸ ՉԻ ԿԱԶՄԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարցազրույց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ՝ ՀՐԱՆՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ հետ:-Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը քաղաքականություն վերադառնալու հայտ էր:  Ինչը հնարավոր է միմիայն քաղաքական ուժերի միջոցով: ԲՀԿ-ից բացի այս իմաստով որոշ դեր վերագրվում է ՀՅԴ-ին:-Մենք այն ժամանակ էլ, երբ համագործակցել ենք Ռոբերտ Քոչարյանի հետ, կոալիցիայի մաս ենք կազմել, շեշտված ունեցել ենք մեր անկախությունը: Մենք չենք ղեկավարվել ուրիշներով, մեր ցուցակը, ի տարբերություն գուցե շատ-շատերի, չի կազմել ինքը: Իբրեւ անկախ քաղաքական ուժ մենք ունեցել ենք համագործակցություն նախկին նախագահի հետ: Բայց  դրանից հետեւություն անել, թե այսօր ինքնաբերաբար պետք է հայտնվենք Ռոբերտ Քոչարյանի կողքին, կարծում եմ` մի  քիչ միամիտ եզրակացություն է: Որեւէ քաղաքական ուժի հետ համագործակցությունը, եթե մեր ծրագրերը կհամընկնեն, չենք բացառում: Բայց որ որեւէ ուժի, որեւէ անձի կցորդի կարգավիճակով քաղաքական ասպարեզ մտնենք, բացառված է: Դա Դաշնակցությանը անհարիր երեւույթ է: Եւ Ռոբերտ Քոչարյանն էլ քաղաքականություն դեռ չի վերադարձել ու  համագործակցության առաջարկ մեզ չի արել: Ինչի մասին խոսենք` մեկ հայտարարությա՞ն մասին. մեկ հայտարարությունը շատ քիչ է հավանականության մասին խոսելու համար: Խոսքը  սկզբունքային մոտեցման մասին է: Եթե կլինեն մարդիկ, որոնք կմիանան մեզ իրականացնելու մեր ներկայացրած  պլատֆորմը, ծրագրերը, կրկնում եմ` միշտ  պատրաստ կլինենք դա քննարկել:- 2013-ի նախագահական ընտրություններին ՀՅԴ-ն կունենա՞ իր սեփական թեկնածուն: Եթե ոչ, ապա ՀՅԴ-ն ում կսատարի` Սերժ Սարգսյանի՞ն, թե՞ Ռոբերտ Քոչարյանին: -Մինչեւ նախագահականը կան խորհրդարանական ընտրություններ, որոնք անշուշտ իրենց  ազդեցությունն են թողնելու նաեւ նախագահական ընտրությունների վրա: Ժամանակից  շուտ խոսելը, բնականաբար, ճիշտ չի: Բայց թե ով է լինելու  մեր` որպես ինքնուրույն քաղաքական ուժի թեկնածուն, այսօր վաղ է խոսել:- Արդեն իսկ եղել է ՀՅԴ-ի դրական արձագանքը երկպալատանի խորհրդարանի գաղափարի վերաբերյալ: Իսկ Հայ-թուրքական արձանագրություններից հետո Սփյուռքը նեղացած չէ՞:-Այդ գաղափարը նաեւ ես եմ արծարծել: Պարտադիր չէ, որ անպայման երկպալատանի լինի, կարող է լինել նաեւ խորհրդարանին համահայկական կարգավիճակ տալու ձեւով: Բուն խնդիրն այն է, որ եթե  ազգի համախմբվածությունը  մեզ համար ռազմավարական անհրաժեշտություն է, այն պետք է ունենա նաեւ համապատասխան կազմակերպչական դրսեւորում: Կազմակերպվածությունն էլ պետք է լինի համահայկական, եթե առանցքը Հայաստանն է, նրա պետականությունը: Այստեղ ոչ մի արտառոց բան չկա, այլ ժողովուրդներ վաղուց օգտագործել են այդ փորձը: Դա չենք անում մեզ տկարացնելու, խանգարելու համար, այլ անում ենք մեր ազգի մեծությունը պահելու համար: Իսկ  ժամանակավոր հարցերը  չպետք է խանգարեն  հիմնական խնդիրների շուրջ մեր վերաբերմունքին: Իշխանությունների ունեցած սայթաքումներն արտաքին քաղաքականության մեջ նույնքան հակադրության հանդիպեցին  Հայաստանում, որքան  Սփյուռքում: Սակայն այդ հարցերը չեն կարող պատճառ դառնալ, որ Սփյուռքը Հայաստանի նկատմամբ վատ տրամադրվի, մարդն իր ծնողի նկատմամբ չի կարող վատ տրամադրվել, դա տաբու է, արգելված է: Իսկ իշխանությունները եւ նրանց պահվածքը միշտ ժամանակավոր երեւույթներ են:- Ենթադրվում է, որ երկուստեք «դեմ» փաստարկներ կլինեն. Հայաստանից, որ ինչու պետք է Սփյուռքը լինի օրենսդիր մարմնում, իսկ այնտեղից էլ, թող ներվի, բայց «որ մեզ կթու կովի տեղ են դնում»:- Կարող են լինել սփյուռքահայեր, որոնք ճիշտ չվերաբերվեն հայրենիքին, կարող է լինեն հայաստանցիներ` Սփյուռքին: Սա չէ կարեւորը: Երկքաղաքացիության պարագայում էլ կային շատ անտեղի մտահոգություններ, որ սա ինչ-որ ընտրական հաշիվներով կատարված գործողություն է, որ չեմ իմանում` դրսից մարդ կբերեն-կքվեարկեն, այսպես հիմար բաներ ասվեցին, բայց փաստը ցույց տվեց, որ այդպես չի: Հիմա էլ  Սփյուռքը դերակատարություն կունենա միայն համահայկական խնդիրներին վերաբերող հարցերում, իսկ Հայաստանին վերաբերող հարցերում, կունենա  խորհրդակցական ձայնի իրավունք: Երկքաղաքացի պատգամավորների թիվն էլ, բնականաբար, սահմանափակ կլինի:- ՀԱԿ-ը կարծես անցնում է հանրահավաքային պայքարի, ՀՅԴ-ն ինչպես է իրեն պահելու այս ընթացքում` հաշվի առնելով, որ փաստացի նախընտրական մեկնարկը տրված է: -Մենք հանրահավաքները մերժող կուսակցություն չենք, դա քաղաքական պայքարի ձեւ է եւ բոլոր ուժերն էլ իրավունք ունեն այն օգտագործել: Իսկ եթե  խոսքն այն մասին է, թե ինչպես պետք է դրանք տեղի ունենան մի երկրում, որտեղ չկա կատարյալ ընտրական համակարգ եւ կան սխալ ավանդույթներ: Ֆրանսիայում, օրինակ, ոչ մեկի մտքով չի անցնի 5-10 հազար դրամով վաճառել իր երեխայի ապագան, իր խիղճը, համոզմունքները: Մենք կարծում ենք, որ դա՛ պետք է դառնա  թիվ մեկ խնդիր, ոչ թե կուրծքդ դեմ տաս տանկին: Բարոյական  նորմ պետք է դառնա, որ քվեդ իրավունք չունես ծախել, պայմանավորել սրա-նրա խաթրով: Դու պիտի քվեարկես համոզումով` քո  ապագայի փոփոխություններ ունենալու համար: Ժամանակն է, որ յուրաքանչյուր քաղաքացի մասնակից ու դերակատար դառնա երկրին անհրաժեշտ փոփոխություններին, ընտրությանը մասնակցելով ու համոզումով քվեարկելով: Նաեւ համոզում, որ իր գործուն մասնակցությամբ կապահովի ընտրության իրական արդյունքները:ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ




Լրահոս