Րաֆֆի Հովհաննիսյանի նոր խաղերը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարել է, թե Ազատության հրապարակի հարթակն առայժմ միացյալ չէ, եւ եռյակը չունի ամբողջական օրակարգ:

Հիշեցնենք, որ նույնաբովանդակ հայտարարություն Հովհաննիսյանն արել էր դեռ հոկտեմբերի 10-ի հանրահավաքի հաջորդ օրը, եւ հիմա` ավելի քան մեկ ամիս անց, միասնական օրակարգի բացակայության մասին Րաֆֆու այս երկրորդ հայտարարությունն արդեն թագավորի մերկ լինելու փաստի վերջնական արձանագրումն է: Ընդ որում, «մերկ թագավորի» դերում ոչ միայն եռյակն է` միասնական մարտավարության եւ միասնական նպատակի բացակայությամբ, այլեւ հենց ինքը` Րաֆֆի Հովհաննիսյանը, ով ի սկզբանե դժգոհելով եռյակի մյուս երկու ուժերի` ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի գործելաոճից՝ այդուամենայնիվ այսքան ժամանակ շարունակեց իր գործունեությունը եռյակում: Եվ դեռ ավելին` պատրաստվում է մնալ եռյակում, ըստ ամենայնի՝ զուգահեռաբար շարունակելով նաեւ իր պառակտիչ հայտարարությունները:

Իհարկե, Րաֆֆու քաղաքական որոշումների տրամաբանությունը հասկանալը անշնորհակալ գործ է, սակայն այս դեպքում նույնքան անհասկանալի են ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի շարժառիթները` Րաֆֆու հետ համագործակցության շարունակության հարցում: Այստեղ, թերեւս, ավելի մեծ է ԲՀԿ-ի դերակատարությունը, քանզի Րաֆֆի Հովհաննիսյանին վաղուց եւ շատ լավ ճանաչող Լեւոն Տեր-Պետրոսյանը հենց այնպես չէ, որ փորձեց խաղի մեջ մտցնել ստեփան Դեմիրճյանին: Սակայն ԲՀԿ-ն, միանգամայն հասկանալի պատճառներով, առանձնապես չլեգիտիմացրեց ՀԺԿ-ի մուտքը եռյակ: Եվ հիմա, դարձյալ հայտարարելով, թե «քաղաքական ուժերից յուրաքանչյուրի իրավունքն է ինքնուրույն կազմակերպել ցանկացած զանգվածային եւ հրապարակային միջոցառում»` ԲՀԿ-ն, ըստ էության փորձում է այս հարցը վերջնականապես փակել` գործընկերներին հասկացնելով, թե ինքը նրանց կարիքը չունի այնքան, որքան որ նրանք` իր:

Եվ թեեւ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ հայտարարեց, թե «Ժառանգությունը» առայժմ մտադիր չէ դուրս գալ եռյակից, քանզի. «Հույսը վերջինն է մեռնում, եւ հույս ունեմ, որ նոյեմբեր ամսին մենք կունենանք միասնական առաջարկ Հայաստանի ժողովրդին»,-կարելի է չկասկածել, որ նրա հեռացումը եռյակում որեւէ մեկը ծանր չի տանի: Թերեւս` բացի իրենից` Րաֆֆի Հովհաննիսյանից:

Հ. Գ. Ի դեպ, փոքր ու միջին տարբեր կուսակցությունների ղեկավարների հետ իր վերջին շրջանի հանդիպումներով ԲՀԿ-ն, կարծես թե, փորձ է անում առաջիկայում առհասարակ իրեն ազատել չափազանց մեծ հավակնություններ ունեցող ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» գործընկերությունից` համաժողովրդական շարժման բրենդը փորձելով իրացնել ԲՀԿ-ի անվան հետեւից շարվող տասնյակ մանրումեծ կուսակցությունների ցուցակով:




Լրահոս