ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔՆ ԱՆՇԱՐԺ Է ԴԱՐՁԵԼ. ԳՆՈՐԴ ՉԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հատկապես հետամանորյա ամիսներին անշարժ գույքի գործակալություններում ավելի շատ են դժգոհում գործարքների քանակի շեշտակի նվազեցումից: Ու կամաց-կամաց այդ շուկայում գործունեություն ծավալող ձեռներեցները դարձել են գործազուրկ:

Նշենք, որ հատկապես այս տարի բրոքերները հավաստիացնում են, որ գործազուրկ են դարձել: Բայց ոչ թե վաճառքի տուն չունենալու, այլ պարզապես գնորդների բացակայության պատճառով: «Այսօր, օրինակ, Երեւանում վաճառվող բնակարան կարելի է գտնել ոչ միայն ցանկացած շենքում, այլեւ նույնիսկ ամեն հարկում: Այլ հարց է, որ գնորդներ գտնելու հարցում մեր բախտը դեպքից դեպք է բերում: Տան կարիք ով ունի, վերջին մի քանի տարիներին ինչ-որ կերպ իր հարցերը լուծել է, իսկ արտագաղթող հասարակությունը ձգտում է թեկուզ էժան գնով ազատվել Հայաստանում ունեցած անշարժ գույքից՝ դրա դիմաց ստացված գումարը արտերկրում նման սեփականության վերածելու կամ գոնե սեփական գործ սկսելու ակնկալիքով»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց 20 տարի անշարժ գույքի առքուվաճառքով զբաղվող ընկերության աշխատակիցը:
Բրոքերի նկարագրածը ցայտուն երեւում է նաեւ պաշտոնական վիճակագրության մեջ: Ըստ այդմ՝ միայն նախորդ տարվա ընթացքում Երեւանում առք ու վաճառքի գործարքների թիվը նվազել է 4,4%-ով:
Այսպիսով մայրաքաղաքում բնակարանների մեկ քառակուսի մետրի միջին գինը հավասարվել է շուրջ երկու հարյուր հիսուն հազար դրամի: Շատ է սա, թե քիչ, այլ հարց է: Սակայն փաստ է, որ վերջին տարիներին գնանկումն անշարժ գույքի շուկայում հատել է կրիտիկական սահմանը: Թեեւ առաջարկն անհամեմատ գերազանցում է պահանջարկը, բայց հատկապես բազմաբնակարան շենքերում գները լճացել են ու այլեւս չեն նվազում: Նույնիսկ երբեմն տպավորություն է, որ արհեստականորեն չեն նվազեցնում բազմաբնակարան շենքերի բնակարանների գները:
Իսկ ահա մասնավոր հատվածում իրականությունն ավելի անմխիթար է: Տների եւ հատկապես ամառանոցների գները հաճախ ինքնարժեքից էլ ցածր են լինում:
Այսպես, հատկապես մայրաքաղաքից փոքր-ինչ հեռու բնակավայրերում 8-10-ը հազար դոլարով կարելի է հողատարածքով ու բոլոր անհրաժեշտ կոմունալ հարմարություններով առանձատուն ձեռքբերել: Անհերքելի է, որ աղքատության բոլոր շեմերը հատած ազգաբնակչության զգալի մասը շատ հաճախ ստիպված է լինում երեւանյան բնակարանը վաճառել ու առանց աշխատանքի ու ապրուստի միջոցների, հույսի տանիք ձեռքբերել որեւէ այլ քաղաքում՝ գոնե հող մշակելով ապրելու համար: Արդյունքում մարզերում, ուր աղքատության մակարդակն ավելի բարձր է, անշարժ գույքի գինը 2013 թվականի ընթացքում 6,6%-ով աճել է:
Անշարժ գույքի առեւտրով զբաղվողները հավաստիացնում են, որ հաճախ վաճառվող առանձնատները իսկապես էժան են: Անգամ դրա վրա ծախսված շինանյութի արժեքի մի մասը չի կազմում ողջ տան համար պահանջվող գինը: Սակայն շուկայի պայմաններն են այդպիսին: Այս իրողությունը նաեւ լավ են հասկանում նման տների սեփականատերերը: Սակայն ամենատարբեր պատճառներով վերջինները այլ ելք չունենալով, ամեն գնով ազատվում են ավելորդության վերածված շինություններից:
Իհարկե, ամեն առիթով ՀՀ կառավարությանն առընթեր կադաստրի պետական կոմիտեն փորձում է վիճակագրությունն աղավաղելով, իրականությունը մեղմ երանգներով ներկայացնել: Սակայն փաստ է, որ ոլորտում լրջագույն խնդիրներ են կուտակված:
Անշարժ գույքի շուկային մոտ կանգնած մարդիկ՝ գործակալություններն ու անհատ միջնորդները, միաբերան պնդում են, որ շուկան մահամերձ է ու իրենք հեռանկար չեն տեսնում:

ԴԱՎԻԹ ՎԱՆԵՍՅԱՆ

 

 
Ո՞Ր ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆ Է ԹԵՐԱՑԵԼ

«Ժողովուրդ»-ը օրեր առաջ գրել էր, որ ժամկետանց հավկիթները, որոնք ներկրվել էին Ուկրաինայից, տեղափոխվել են ՀՀ մարզեր՝ այնտեղ «աչքից հեռու» վաճառելու համար:
Այս տեղեկությունը ճշտելու համար «Ժողովուրդ»-ը զրուցել էր Սննդի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի ղեկավար Դավիթ Ղուլյանի հետ, ով էլ հայտարարեց, թե տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Սակայն երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրությունում են հայտնվել մարտի 19-ին Գյումրի քաղաքից գնված ժամկետանց հավկիթները: Հավկիթի վրա մակնշված է, որ այն արտադրվել է այս տարվա հունվարի 26-ին եւ պիտանի է մինչեւ մարտի 26-ը:
Հիշեցնենք, որ նույն Ղուլյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում օրեր առաջ հայտարարել էր նաեւ, որ ըստ հայաստանյան տեխնիկական կանոնակարգի՝ հավկիթի պիտանելիության ժամկետը 25 օր է: Եվ եթե սխալ մակնշումով հավկիթ հայտնաբերվել է ծառայության կողմից, ապա կասեցվել է դրա վաճառքը, որը ժակետանց է եղել, ոչնչացվել է: Այս դեպքում ո՞ր գերատեսչությունն է թերացել իր աշխատանքում: Այս հարցի հետ կապված «Ժողովուրդ»-ը կրկին զրուցեց Ղուլյանի հետ. «Ես նորից եմ ասում, որ այն չի տարվել մարզեր, որպեսզի այնտեղ վաճառվի: Դա կարող է լինել նաեւ Երեւանում, կարող է նաեւ լինել տնտեսվարողի մեղքով, որը որ վաճառքն իրականացնում է: Դա չի նշանակում, որ համատարած բնույթ է կրում: Դրա համար մենք ունենք «Թեժ գիծ» ծառայություն, նման դեպքեր լինելու պարագայում կարող են զանգահարեն եւ տեղեկացնեն այդ մասին: Մենք կտանք համապատասխան ընթացք: Մենք նման դեպքերին արձագանքում ենք եւ ընդհուպ հասցնում ենք մինչեւ ստուգման»: Ահա ոլորտի պատասխանատու գերատեսչության ներկայացուցչի պատասխանը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՄԱՐԶԵՐ

ՎԱՐՈՐԴՆԵՐԸ ԴԺԳՈՀ ԵՆ
Ինչպես հայտնի է` առաջիկայում կառավարությունը պատրաստվում է որոշում ընդունել ավտոմեքենաների պետհամարանիշների նոր ձեւավորման մասին: Ըստ այդմ՝ պետհամարանիշների վրայի տառերն ավելի մեծ պետք է լինեն, քանի որ արագաչափերն ու տեսախցիկները դրանք լավ չեն տարբերում: Տավուշի մարզի սահմանամերձ Նոյեմբերյան քաղաքի վարորդները զանգվածային լրատվական միջոցներից լսել են կառավարության մտադրության մասին եւ դրան շատ վատ են վերաբերվում: Դժգոհ են հատկապես տաքսիստները, ովքեր այլ գործ չունենալով՝ ստիպված են այդ աշխատանքով զբաղվել: Անցած 20 տարում արտագաղթի պատճառով նվազել է բնակչության թիվը, սահմանամերձ, փոքր քաղաքում տաքսիների ծառայություններից քչերն են օգտվում: Տաքսիստները հաճախ ժամերով սպասում են, որ մի ուղեւոր մոտենա: Վարորդները մեզ ասացին, որ վերջին տարիներին մի քանի անգամ թանկացել է ավտոմեքենաների վառելիք գազը, սակայն իրենք անփոփոխ են պահել ուղեվարձի սակագինը: Պետական հարկը, մեքենաների պահպանման ծախսերը վճարելուց հետո տաքսիստներին օրվա հացի քիչ փող է մնում: Նրանք հաշվարկել են, որ պետական համարանիշները փոխելու դեպքում իրենցից յուրաքանչյուրը ստիպված կլինի ծախսել լրացուցիչ 20-25 հազար դրամ: «Ավելի հեշտ չէ՞ ավելի քիչ թվով արագաչափերը տեխնիկապես հզորացնել»՝ հռետորական հարց են տալիս նոյեմբերյանցի վարորդները:

 

ՍՈՂԱՆՔԸ ՉԻ ՍՊԱՍՈՒՄ
Իջեւանին հարակից Գետահովիտ գյուղում սողանքի ակտիվ գոտի կա: Գետահովիտ համայնքի ղեկավար Արթուր Ղազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ հողի սողանքից 2-րդ, 3-րդ եւ 4-րդ աստիճանի վթարային է շուրջ 90 առանձնատուն: Դրանցից 10-15-ն առավել վտանգավոր գոտում է գտնվում: Գյուղապետի խոսքերով՝ տարբեր տարիներին, սկսած 1995թ-ից, պետական բյուջեից փոխհատուցում է տրվել սողանքից վթարային դարձած 7 տան համար: Վերջին անգամ նման աջակցություն ցուցաբերվել է 2 տարի առաջ, հատկացված գումարի չափը կազմել է 5 միլիոն դրամ: Արթուր Ղազարյանն ասաց, որ փոխհատուցման գումարները հատկացնելիս հաշվի են առնվում սողանքից տուժած տան չափերը, դրանում օգտագործված շինանյութը եւ այլն: Մինչ պետական բյուջեից ֆինանսական աջակցությունն ուշանում է, սողանքի գոտում ապրող գետահովիտցիները գիշերները քնում են ահը սրտներում՝ վախենալով, որ ամեն պահի կարող է դժբախտություն պատահել:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 




Լրահոս