ԽԵՂԱԹՅՈՒՐՎԱԾ ԻՐԱՎԱԿԱՐԳԻ ՄԵՂԱՎՈՐԸ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շարունակելով քննարկել «Հայաստանի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հայեցակարգ» փաստաթղթում ներառված մոտեցումները՝ այսօր հարկ է անդրադառնալ մի շարք հետաքրքրական դրույթների, որոնք իբրեւ հիմնավորում են սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը: Հատկանշական է, որ դրանց շարքում հեղինակները հատկապես ընդգծում են իշխանական տիրույթում ստվերային երեւույթների վերացման հրատապության խնդիրը: Ավելին՝ «Հայեցակարգը» պնդում է, որ գործող Սահմանադրությունը հնարավորություն չի ընձեռում իրավունքի պաշտպանությունն ամբողջապես իրականացնելու համար: Ի վերջո, փաստաթղթում մատնանշվում է, որ նոր Սահմանադրությունը պիտի սահմանափակի իշխանության հայեցողությունն ու սուբյեկտիվ դրսեւորումները:

«Հայեցակարգի» «Ներածություն» բաժնում նախ եւ առաջ արձանագրված է, որ սահմանադրական փոփոխությունների իրականացումն այն հիմնական եղանակն է, որ ապահովելու է պետաիշխանական մարմինների լիազորությունների իրականացման ընթացքում ստվերային երեւույթների բացահայտումն ու վերացումը: Համաձայնելով հանդերձ իշխանության մարմինների փոխհարաբերություններում առկա հակակշիռների մեխանիզմների թերի լինելու հանգամանքի հետ՝ հարկ է նկատել, որ գործող սահմանադրությունն ինքնին չի աջակցում կամ նույնիսկ քարոզում ստվերային երեւույթների տարածումն ու անպատժելիությունը: Պետաիշխանական մարմինների կողմից լիազորությունների իրականացման ընթացքում ստվերային գործողությունների առկայությունն ամենեւին սանձահարված չէ գործող սահմանադրությամբ, որը համապատասխան պետական կառույցներին օժտում է կոնկրետ լիազորություններով՝ ստվերային երեւույթների դեմ պայքարելու եւ դրանք վերացնելու նպատակադրությամբ:
Վերջին շրջանում ամենամեծ աղմուկը հանած ստվերային երեւույթներից մեկն անմիջականորեն կապված էր նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի անվան հետ: Ավելին՝ Կիպրոսի գլխավոր դատախազը պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք հնարավոր է օֆշորային հաշիվ բացել որեւէ մեկի անունով՝ առանց նրա իմացության, նկատել էր, որ օֆշորային հաշիվ բացել ցանկացողի անձը նույնականացվում է, եւ հակառակը պարզապես բացառված է: Այսպիսով՝ ակնհայտ դարձավ, որ պետության բարձրագույն պաշտոնյաներից մեկը ներքաշված է մի խայտառակ ապօրինության մեջ, ինչով առաջին հերթին պետք է զբաղվեր ՀՀ դատախազությունը: Սակայն նման բան ոչ միայն տեղի չունեցավ, այլեւ օֆշորային հայտնի սկանդալի գլխավոր հերոսը նշանակվեց ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան: Արդ, մի՞թե գործող Սահմանադրությունն էր կաշկանդում դատախազությանն իրական հետաքննություն նախաձեռնելու հարցում: Պետաիշխանական մարմինների լիազորությունների իրականցման գործում առկա ստվերային երեւույթների համար Սահմանադրությանը մեղադրելն ամենադյուրին ճանապարհն է՝ պատասխանատվությունից խուսափելու, ապօրինությունը թաքցնելու եւ բարձիթողիությունը արդարացնելու համար:
Սահմանադրական փոփոխությունների հիմնավորման անհրաժեշտությունը թվարկելիս հեղինակները հիշատակում են այն հանգամանքը, որ այսօր գործնական մակարդակում երաշխավորված չէ իրավական պետության չափանիշներին համարժեք իրավունքի պաշտպանությունը: Փոփոխությունների անհրաժեշտության կողմնակիցները, հարկավ, չեն պնդի, թե այսօր Հայաստանում իրավունքների համատարած խախտումները թելադրված են ներկայիս Սահմանադրությամբ: Սակայն որքան էլ գործող Սահմանադրությունն ամբողջապես չի ապահովում իրավունքների պաշտպանվածությունը, միեւնույնն է, քաղաքական կամքի կամ անգամ ցանկության բացակայության պարագայում աշխարհի լավագույն սահմանադրությունն անգամ ոչնչով չի կարող օգնել մարդու իրավունքների պաշտպանության գործին:
Մարդու իրավունքների ամենաառարկայական խախտումները համատարած են մասնավորապես ցույցերի ու պիկետների ժամանակ, երբ ոստիկանությունը հազվադեպ է ականջալուր լինում օրենքի տառին: Դեռ 2008թ. մարտի 1-ին ժամկետանց զենքով 3 քաղաքացի սպանած ոստիկաններից որեւէ մեկը ցայսօր պատժված չէ, ինչին գործող Սահմանադրությունը չէ, որ խանգարում է: Ի վերջո, ներկայիս Սահմանադրությունը հռչակում է խոսքի ազատություն, մինչդեռ իշխանության հաստատած ամենակուլ վերահսկողությունն էլեկտրոնային լրատվամիջոցների նկատմամբ, ինչի մասին դիվանագիտական զրույցներում ուղղակիորեն հայտարարել է Սերժ Սարգսյանը, պարզապես խախտում է սահմանադրական համապատասխան դրույթը: Հատկանշական է, որ այսօր ոչ մի երաշխիք չկա, որ նոր Սահմանադրության պայմաններում իշխանությունը եւ անձամբ Սերժ Սարգսյանը չեն պահպանի նույն կեցվածքը՝ ծանակելով արդեն խորհրդարանական համակարգը եւ հիմնավորապես արժեզրկելով նաեւ այդ գաղափարը:
«Հայեցակարգում» արձանագրված հետեւյալ դրույթի համաձայն՝ սահմանադրաիրավական անհրաժեշտ նախադրյալներ ստեղծելու սկզբունքը ենթադրում է, որ իրավունքների երաշխավորված պաշտպանության հետեւանքով ապահովվելու են ժողովրդավարական ազատությունները, ինչի արդյունքում էլ սահմանափակվելու են իշխանական մարմինների հայեցությունը եւ սուբյեկտիվ դրսեւորման շրջանակները: Ըստ էության, առաջին հերթին պետք է սահմանափակել իշխանության գործունեության տիրույթը եւ զսպումների ու հակակշիռների մեխանիզմների ստեղծմամբ երաշխավորել իրավունքների պաշտպանությունը: Նկատելի է, որ իրավունքների պաշտպանության երաշխավորությունը իրականում սոսկ բարի ցանկության տիրույթից է, ուստի անհոդաբաշխ բառակույտ հիշեցնող հոդվածներն ու նորմերը չեն, որ ապահովելու են իրավունքների պաշտպանությունը եւ զսպելու պետաիշխանական մարմիններին:
Իրավապահ համակարգի՝ գործող Սահմանադրությամբ բացասված, սակայն գողապետական կաղապարներով թելադրված արտոնյալ դիրքն այսօր պարզապես նսեմացնում է իրավունքի գերակայության սկզբունքը: Ըստ այդմ, այս խնդիրը ոչ թե պահանջում է սահմանադրական լուծումներ, այլ օրենքի պարզ կիրառություն: Ներկայիս խեղաթյուրված իրավակարգում սահմանադրական փոփոխությունները կարող են աղետ դառնալ՝ նպաստելով փոփոխությունների հանդեպ հասարակական խորացող արհամարհանքին եւ «չհասկացվածության պատի» բյուրեղացմանը:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 
ՀՀԿ-ԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՊԵՏԵՐԸ ՎԵՐԸՆՏՐՎԵԼՈՒ ՀԱՅՏ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ

Դեկտեմբերի 14-ին Հայաստանի տասը մարզերում տեղի կունենա համայնքի ղեկավարի ընտրություններ: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակած պաշտոնական տվյալներից պարզ է դառնում, որ գործող գյուղապետերն են համայնքներում վերընտրվելու հայտ ներկայացրել:

Իհարկե, շատ դեպքերում պարզվում է, որ թեկնածուների մրցակիցները դրածոներ են լինում, այսպես կոչված, մրցակցային պայմաններն ապահովելու համար: Կուսակցությունները, որոնք Երեւանում իրենց պատառոտում են քաղաքական հայտարարություններով եւ դրանց առթիվ գործողություններ ծավալելու խոստումներով, այս դեպքում ավելի քան պասիվ են: Ավելին՝ նայելով առաջադրված թեկնածուների ցանկին՝ պարզ է դառնում, որ նրանց գերակշիռ մասը ՀՀԿ-ական է, տասն՝ անկուսակցական, եւ միայն մեկը՝ «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության անդամ, ով պատահաբար սպրդել է որպես թեկնածու եւ հայտնվել է այս ցանկում:
Որպես օրինակ նշենք մի քանի գյուղ, որտեղ համայնքի գործող ղեկավարները վերընտրվելու հայտ են ներկայացրել: Արմավիրի մարզի Բերքաշատ համայնքի ՀՀԿ-ական ղեկավար Հարություն Չվչյանն առաջադրել է իր թեկնածությունը: Նրա մրցակիցը՝ Գեղամ Մուրադյանը, անկուսակցական է: Նույն պատկերն է նաեւ Լոռու Մեղվահովիտ, Սյունիքի Կուրիս, Վայոց ձորի Ռինդ, Տավուշի Լուսահովիտ, Արագածոտնի Գեղադիր համայնքներում: Նշենք նաեւ, որ գործող գյուղապետերի մեծ մասն առաջադրվել է ՀՀԿ-ի կողմից:
Ի դեպ, Գեղարքունիքի մարզի Գետիկ համայնքն այն միակն է, որտեղ գործող գյուղապետը՝ Սարգիս Այունցը, պայքարելու է դաշնակցական թեկնածուի՝ Աշոտ Դալլաքյանի հետ: Մյուս մարզերի գյուղերում, բացի ՀՀԿ-ական թեկնածուից, այլ թեկնածու չկա:
Թերեւս սա է պատճառը, որ վերջին տարիներին ՏԻՄ կառույցների հանդեպ հետաքրքրությունն ամբողջությամբ մարել է:
Նկատենք, որ առավել անհետաքրքիր են անցնում համայնքի ավագանու անդամների ընտրությունները: Նույնիսկ գյուղեր կան, որոնց գյուղապետերը համագյուղացիներին խնդրում են, որ իրենց թեկնածությունն առաջադրեն՝ ավագանու անդամ ընտրվելու համար: Քանի որ ավագանու ինստիտուտը մեր հանրապետությունում այդպես էլ չկայացավ, մարզերում մարդիկ պարզապես տեղյակ չեն, թե ավագանու անդամն ինչ լիազորություններ ունի, ինչ կարող է անել:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 
ԼՈՒՐԵՐ

ԵՐԿՆԱԳՈՒՅՆ ՎԱՌԵԼԻՔԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ
Շիրակի մարզի 50-ից ավել համայնքների բնակիչներ ձմեռն անցկացնելու նպատակով ամբողջ տարին ստիպված են լինում վառելիք հայթայթել՝ փայտ կամ գոմաղբ: Այդ համայնքներում երբեք բնական գազ չի եղել, եւ դրանք գազաֆիկացնելու ծրագիր չի էլ մշակվել պատասխանատուների կողմից:
Մեզ հետ զրույցում Ամասիայի տարածաշրջանի Ջրառատ եւ Արեգնադեմ համայնքների բնակիչները նեղսրտեցին՝ ասելով, որ ուզում են քաղաքակիրթ ապրել, հոգնել են աթար եւ փայտ վառելուց: Մինչդեռ, ըստ գյուղացիների, հարեւան համայնքներից կապույտ վառելիքը տեղ հասցնելու համար իրենցից մեծ գումարներ են պահանջում, որը շատերն ի վիճակի չեն վճարելու:
Երկար տարիների այս խնդրի հետ կապված Շիրակի մարզպետարանում ձեռնպահ են մնում որոշակի բացատրություն տալուց, միայն նշում են, որ գիտեն եւ լավ են հասկանում ժողովրդի մտահոգությունը: Նաեւ խոստովանում են՝ Շիրակի մարզը Հայաստանի ամենաաղքատ մարզերից է, գործազրկության եւ արտագաղթի ցուցանիշը մարզում գերազանցում է միջին հանրապետական ցուցանիշը:
Բյուջեի ֆինանսական ճգնաժամի պատճառով մարզպետարանն առայժմ ի զորու չէ համայնքների հոգսը թեթեւացնել: Եվ արդյունքում` Շիրակի մարզի 50-ից ավել համայնքների բնակիչներ ստիպված են այս ձմեռն էլ նախորդների նման ավանդական-պապենական մեթոդներով անցկացնել՝ սպասելով եւ հուսալով, որ կապույտ վառելիքն իրենց տներն էլ մի օր կջերմացնի:

ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
Գյումրի

 

ՉԵՆ ԱՐՏԱՔՍՎԻ
Ներգաղթյալների վերաբերյալ ամերիկյան համակարգի փոփոխության շնորհիվ գրեթե 5 մլն ներգաղթյալներ, որոնք ապօրինաբար բնակվում են ԱՄՆ-ում, կարող են խուսափել արտաքսումից, տեղեկացնում է BBC-ին: Նախագահ Բարաք Օբաման նման փոփոխություններ է կատարել՝ առանց Կոնգրեսի համաձայնությունը ստանալու:

 

ՄԵԾ ՎՆԱՍ
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շոգեբաղնիքից բացի այրվել է բավականին լուրջ տեխնիկա, որը մոտ 200 մլն դրամ արժի: Այս մասին երեկ հայտարարել է համալիրի ներկայացուցիչ Կորյուն Գրիգորյանը: «Տարրական միջոցներ չեն եղել, հրշեջ ծառայությունից եւ շտապօգնության ծառայությունից ոչ մի մեքենա չի եղել: Եղել է անփույթ մոտեցում ամեն ինչի նկատմամբ»,- ընդգծել է Գրիգորյանը:

 

ԽԱԽՈՒՏ ՀՈՒՅՍ Է
Վրաստանը չի կարող միայնակ կանխել Ռուսաստանի եւ Աբխազիայի միջեւ պայմանագրի կնքումը: Այդ մասին հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Դավիթ Դոնդուան, ում խոսքով՝ Ռուսաստանի դեմ միակ զենքը «միջազգային արդարությունն» է. «Մենք ուժ չունենք Ռուսաստանին ինքնուրույն հակազդելու, սակայն ջանք չենք խնայում՝ միջազգային հանրությանը մոբիլիզացնելու համար»,-ասել է նա:

 




Լրահոս