Ա. ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒՆ Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ ՎՐԱ ՀԻՄԱՐԻ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ԹՈՂԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վիկիլիքս»-ի հանրայնացրած փաստաթղթերից հերթականը պատմում է Սերժ Սարգսյանի եւ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի հանդիպման մասին: Այն կայացել է 2008թ. նոյեմբերի 16-ին, որին մասնակցել է նաեւ ՀՀ-ում ԱՄՆ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը: Հանդիպման ժամանակ խոսակցության գլխավոր թեման եղել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Կողմերը քննարկել են ադբեջանական ընդհատական հարձակումները, սահմանային չդադարող կրակոցները, ինչպես նաեւ դեպի Իրան կատարվող զենքի ապօրինի փոխադրումները:

Հարկ ենք համարում նախ եւ առաջ հիշեցնել, որ այդ հանդիպմանը նախորդել էին Մինսկի խմբի համանախագահների այցելությունը Արցախ եւ, հավանաբար, այդ առիթով՝ ադրբեջանական դիվերսիոն սադրանքը շփման գծում: Այս կապակցությամբ Մ.Բրայզան արտահայտել է իր անհանգստությունը՝ արժանանալով Սերժ Սարգսյանի հռետորական մեկնաբանությանը՝ «արդյոք հնարավո՞ր է, որ ադրբեջանական կողմի՝ շփման գծում իրականացրած սադրանքները տեղի ունենան առանց Ադրբեջանի նախագահի թույլտվության»: Սերժ Սարգսյանն այնուհետեւ ավելացրել է, թե ինքը կարող է հասկանալ, որ «մի հարբած զինվոր պատահաբար կարող է հայտնվել շփման գծում, բայց ոչ մեծ դիվերսիոն խումբ»: Ամերիկացի դիվանագետները, կարծես, փորձել են Սերժ Սարգսյանին ներքաշել դիպվածի շուրջ քննարկումների մեջ, ինչից նա խուսափել է: Ըստ այդմ՝ վերջինս հրաժարվել է քննարկել դեպքի հնարավոր պատճառները՝ արդյոք գործողությունները կազմակերպված են եղել պաշտոնական Բաքվի՞ հրահանգով, թե՞ պարզապես տեղական զինվորական հրամանատարի նախաձեռնությունն էր: Բրայզան բարձրացրել է մինչ օրս չարչրկվող դիպուկահարների խնդիրը եւ ուղիղ տեքստով Սերժ Սարգսյանից փորձել պարզել, թե կարո՞ղ է վերջինս գնալ հավասարակշիռ ու փոխադարձ պարտավորությամբ քայլի՝ հեռացնել դիպուկահարներին շփման գծից: Սերժ Սարգսյանն իրեն կրկին չի կորցրել ու ասել է, թե իր համաձայնությամբ հանդերձ՝ դրան համաձայն պետք է լինեն բոլոր երեք կողմերը՝ ՀՀ-ն, ԼՂՀ-ն եւ Ադրբեջանը:
Այնուհետեւ քննարկելով Մինսկի խմբի վարած գործընթացը՝ Սարգսյանն ասել է, որ թուրքերը չեն կարող ներգրավվել բանակցային ընթացակարգերում եւ մերժել է Արցախում եռակողմ հանդիպում ունենալու մասին թուրքերի առաջարկը: Հիշեցնենք, որ այդժամ թուրքական ղեկավարությունն առաջարկել էր Արցախում կազմակերպել եռակողմ հանդիպում՝ Հայաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահների մասնակցությամբ: Առաջարկի համար նախադեպ էին հանդիսացել ՌԴ նախկին նախագահ Դ.Մեդվեդեւի նախաձեռնությամբ կազմակերպված այդօրինակ մի քանի հանդիպումները: ԼՂ հարցի լուծման մեջ Թուրքիայի մասնակցության հնարավորությունը քննելիս Սերժ Սարգսյանը նկատել է, որ այդ երկրի նախագահի արտաքին հարցերով խորհրդական (այժմ՝ ԱԳ նախարար -հեղ.) Ահմեդ Դավութօղլուն թյուրըմբռնում է ունեցել կարծելու, թե ինքը կարող է առաջ մղել Լաչինի միջանցքի երկկողմ հավասար օգտագործման բանաձեւը, երբ դա վաղուց է դադարել քննարկման առարկա լինելուց: «Բարձրացնելով այդ խնդիրը որոշումային մակարդակի՝ Դավութօղլուն հիմարի տպավորություն թողեց»,- հավելել է Սերժ Սարգսյանը:
Շարունակելով քննարկումը՝ Սարգսյանն իր գոհունակությունն է հայտնել Մադրիդյան հիմնարար սկզբունքների վերաբերյալ: Բրայզայի հարցին, թե ինչ եղավ զրուցակցի՝ համանախագահներին հայտնած այն տեսակետի հետ, թե Մադրիդյան սկզբունքները պիտի հանրաքվեի դրվեն, Սերժ Սարգսյանն արձագանքել է, թե դա իր կողմից ուղղակի ազդակ է եղել առ այն, որ ինքն առաջարկին լուրջ է վերաբերվում եւ ցանկացել է դրա հիմնարար հատվածը դարձնել մեծ պայմանագրի կմախքը: Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանն այս դրվագում նահանջել է իր նախկին պնդումներից եւ հանրաքվեի պահանջի նշանակությունը նվազեցրել է լոկ ազդանշանի մակարդակի: Ի դեպ, եթե այդ սկզբունքներն այդքա՜ն ընդունելի ու հայանպաստ են, ինչպես գրեթե բոլոր առիթներով պնդում են Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները, ապա միգուցե վերջապես ամբողջովին հրապարակե՞ն դրանք, որ ժողովուրդն էլ «համոզվի»: Ի դեպ, «չար լեզուներն» ասում են, որ դրանք իրականում ավելի վատն են, քան 1997թ. փուլային ու փաթեթային առաջարկները, որոնց, ճակատագրի հեգնանքով, «վճռականորեն» դեմ էր նույն Սերժ Սարգսյանը:
Դեսպան Յովանովիչի զեկուցագրում ուշադրություն է գրավում հետեւյալ հատվածը, որը մեջբերում ենք ամբողջությամբ. «Անհարմար տեսք ստանալով՝ Սերժ Սարգսյանը բարձրացրել է դեպի Իրան զենքի ապօրինի տեղափոխության խնդիրը՝ ասելով Բրայզային, որ ԱՄՆ-ն խոստացել էր մասնագետներ ուղարկել հայ կոլեգաների հետ խնդիրը քննելու համար՝ համաձայն (այժմ՝ նախկին- հեղ.) պետքարտուղար Ռայսի առաջարկի: Բրայզան նկատել է, որ դեսպանատունը կապի մեջ կլինի Սերժ Սարգսյանի հետ այս խնդրի կապակցությամբ»: Ցավոք, այս եւ հաջորդ փաստաթղթերում սույն խնդրի առնչությամբ հավելյալ տեղեկությունների չհանդիպեցինք: Չձգտելով պետական գաղտնիքների հանրայնացման՝ արձանագրենք միայն Հայաստանի՝ ապօրինի գործողությունների մեջ ներգրավվելու անթույլատրելիությունը՝ անկախ որեւէ գերտերության շահագրգռվածությունից:

 

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԶՈՀԵՐԸ

 

Հայաստանում այսօր մեծ տարածում ունի աշխատանքային թրաֆիքինգը, սակայն այդ մասին քչերն են խոսում: Արտագնա աշխատանքի մեկնողների գերակշիռ մասը այս կամ այն չափով հենց այս երեւույթի հետ է գործ ունենում:
28-ամյա Մեսրոպ Ղազարյանին հանդիպեցինք Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղում: Նա երեք անչափահաս երեխաների հայր է: «Տան միակ աշխատող ձեռքը ես եմ: Էստեղ՝ գյուղում, տրակտոր եմ քշում: Մտածել եմ դուրս գամ մի քիչ փող աշխատեմ, տունը վերանորոգենք, մարդավարի ապրենք: 2013թ. սկիզբն էր, հարեւան գյուղից ծանոթ տղա եկավ, պայման կապեցինք, ինձ ու 3 հոգու խոպան տարավ՝ իր ծախսերով: Ես պիտի մեխանիզատոր աշխատեի, բայց երբ հասանք Մոսկվա ասեցին՝ պայմանները փոխվել են, հեռու ենք գնալու՝ Մագադան: Անձնագրերը մեզնից վերցրին՝ ասելով, թե գրանցման հարցերը կլուծեն, կտան: Մագադանում աշխատում էինք գրեթե 24 ժամ, օրը 2 անգամ մի փոր հաց տային, թե չէ: Հսկա շենք էինք սարքում, ասում էին՝ նահանգապետինն ա: Երկու ամիս էդ պայմաններում աշխատեցինք: Հենց փող էինք ուզում, համոզում էին՝ թե էսօր-վաղը կտանք: Սկզբում տան հետ կապ ունեինք: Հետո կամաց-կամաց մի օր մեկիս հեռախոսը կորավ, մյուս օրը մյուսինը փչացավ, իսկ ամենավատն այն էր, որ անձնագրերը չէին տալիս, որ մենք ազատ տեղափոխվեինք»,-կատարվածի մասին պատմում էր Մեսրոպը: Միջամտելով խոսակցությանը՝ Մեսրոպի պատմությունը շարունակեց մայրը՝ տիկին Արաքսյան. «Մի ամսից ավելի տղուցս խաբար չեկավ: Քրոջս տղան 7-8 տարի ա Մոսկվայում ա, քրոջս խնդրեցի, որ մի բան անի, կապվի տղու հետ, տղուս գտնեն»:
Մեսրոպը շարունակեց պատմությունը. «Մի օր ինձ առանձին կանչեցին, ու մի անծանոթ տղայի ուղեկցությամբ տարան Մոսկվա, որտեղ անսպասելիորեն ինձ դիմավորեց մորաքրոջս տղան»: Մեսրոպը մինչ օրս էլ չգիտի, թե ինչպես էր մորաքրոջ որդուն հաջողվել գտնել իրեն: Մեր հարցին, թե հայրենիք վերադառնալուց հետո արդյոք փորձել է դիմել իրավապահ մարմիններին եւ պատասխանատվության ենթարկել այն անձին, ով իրեն տարել էր արտերկիր՝ Մեսրոպը պատասխանեց. «Ես դրան Մագադան գնալուց հետո չտեսա: Ասում են՝ Հայաստան չի եկել, համ էլ ինչ ոստիկանություն, ես ավելորդ քաշքշուկ չեմ ուզում, հազիվ եմ պրծել դրանցից, երեխեքիս գլխին եմ ուզում լինել»:
Երբ Մեսրոպի հետ խոսեցինք աշխատանքային թրաֆիքինգի մասին, որին ինքը ենթարկվել է, նա անտարբեր ուսերը թոթվեց՝ ասելով. «Դե ես հո կնիկ չեմ, որ էդ ձեր ասած թրաֆիքինգի զոհը դառնայի»:
Ցավալի է, բայց թրաֆիքինգ ասելով այսօր մեզանից շատերը դեռեւս թյուրիմացության մեջ են՝ կարծելով, որ թրաֆիքինգի զոհ կարող են դառնալ միայն կանայք եւ աղջիկները: Մինչդեռ, ինչպես գիտենք, այսօր տղամարդկանց աշխատանքային թրաֆիքինգը լայն տարածում ունի ամբողջ աշխարհում: Թրաֆիքինգի մեզ հայտնի եղանակներից են սեռական եւ աշխատանքային շահագործումը, ինչպես նաեւ օրգանների եւ հյուսվածքների կորզումը: Այսօր Հայաստանում թրաֆիքինգի ամենատարածված տեսակը աշխատանքայինն է, որին էլ, շատ հաճախ արտագնա աշխատանքի մեկնելով, ենթարկվում են հայ տղամարդիկ:

 

ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
Հրազդան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԼՈՒՐԵՐ

 

 

ԹՈՇԱԿԻ ՇՏԱՊՈՂ ԴԱՏԱՎՈՐԸ

Երեկ «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Էդիկ Մանուկյանի՝ թոշակի անցնելու ժամանակը շուտով լրանում է, սակայն նա ձեռնամուխ է եղել առավել արագ իրականացնել այդ գործընթացը: Հավանաբար դատավորը մտավախություն ունի, որ դատավորների թոշակները կրճատելուն ուղղված օրենսդրական քայլերն իրեն կհասնեն: Դրա համար ցանկանում է օր առաջ ձեւակերպել թոշակը, որ ընդունված օրենքը հետադարձ ուժ չունենա: «Նման բան չկա, ախր ով է նման տեղեկություն տարածում»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում իր նպատակների մասին հերքեց Էդիկ Մանուկյանը՝ հավելելով, որ օրենքով իր թոշակային տարիքը լրանում է այս տարվա օգոստոս ամսին:

 

 

ՄԻԱԿ ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐԸ

Երեկ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Արթիկի քրեակատարողական հիմնարկում այս օրերին մեկ դատապարտյալ է հացադուլ հայտարարել: Հացադուլի մեջ է գտնվում Արտակ Կարապետյանը, ով մեղադրվում է Գյումրիում շտապօգնության բժիշկ Աշոտ Գրիգորյանին ծեծելով սպանելու մեջ: Ապրիլի 6-ին կլրանա մեկ ամիսը, ինչ Արտակը հացադուլ է հայտարարել: Հիշեցնենք, որ նա դատապարտվել է 15 տարվա ազատազրկման եւ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

 

 

ՀԱՍՏԱՏՎԵԼՈՒ Է

ՀՀ կառավարության վաղվա նիստում հաստատվելու է 2014 թվականի ՀՀ գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների դեմ պատվաստման եւ ախտորոշիչ հետազոտությունների ծրագիրը: Այն կիրականացվի ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ: Անասնահամաճարակային միջոցառումների (ախտորոշում, պատվաստում, ախտահանություն եւ այլն) մեջ նախատեսվել է ընդգրկել կենդանիների ու մարդկանց համար ընդհանուր վարակիչ առավել վտանգավոր հետեւյալ հիվանդությունները՝ բրուցելոզ, տուբերկուլոզ, սիբիրախտ, դաբաղ, խշխշան պալար (էմկար), պաստերելոզ բրադզոտ, դասական ժանտախտ, կեղծ ժանտախտ, վարրոատոզ:

 

 

ՀԱՏԿԱՑՎԵԼՈՒ Է

ՀՀ կառավարության վաղվա նիստում կառավարությանն առընթեր ազգային անվտանգության պետական ծառայությանը 2014-ի առաջին կիսամյակում հատկացվելու է 3 մլն 49 հազար դրամ: Գումարը նախատեսված է վճարելու «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին՝ 2013 թվականի 4-րդ եռամսյակում իրականացված ծախսերի փոխհատուցման նպատակով ՀՀ տարածքում երկաթուղով իրականացվող միջպետական ռազմական փոխադրումների, երկաթուղային կայարաններում կատարվող սպասարկումների եւ մատուցվող ծառայությունների դիմաց:

 




Լրահոս