ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ԵՎ ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն իր՝ 2013թ. տարեկան զեկույցում անդրադարձել է նաեւ քաղաքական իրավունքներին՝ մասնավորապես ընտրություններին: Թեեւ օմբուդսմենը կոնկրետ գնահատականներ տալու հարցում մի փոքր զգուշավոր է գտնվել, այնուամենայնիվ, զեկույցում մանրամասն ներկայացված են ընտրական իրավունքի խախտումները:

Նկատենք, որ ՄԻՊ-ը թվարկել է այն բոլոր խախտումները, որոնց մասին ընտրական գործընթացի ժամանակ ահազանգել է ընդդիմությունը: Օրինակ՝ ՄԻՊ ուշադրությունը գրավել են վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերը: «Ընտրությունների ընթացքում գրանցվել էին վարչական ռեսուրսների չարաշահման դեպքեր, ինչպիսիք են՝ պետական ծառայողների լիազորությունները թեկնածուներից մեկի օգտին ծառայեցնելը, պետական ծառայողներին ընտրական քարոզարշավին ներգրավելը»: Ըստ զեկույցի՝ վարչական ռեսուրսի օգտագործման դեպքերը խիստ մտահոգիչ են այնքանով, որ «դրանք կասկածի տակ են դնում պետության եւ քաղաքական կուսակցության բաժանման հարցը»: ՄԻՊ-ն անդրադարձել է նաեւ ընտրությունների օրն անձնագրերում դրվող դրոշմակնիքների հարցին. «Հակառակ օրենքի պահանջի՝ բազմաթիվ դեպքերում անձնագրերի դրոշմակնիքը հնարավոր է եղել հեշտորեն հեռացնել անձնագրերից: Չնայած նշվածին, Հանձնաժողովի կողմից չի քննարկվել դրոշմակնքման փոխարեն մեկ այլ՝ ավելի արդյունավետ մեթոդի ներդնելու հարցը, օրինակ` ընտրողի մատների թանաքոտումը»:
ՄԻՊ-ն ուշադրություն է հրավիրել հետեւյալ հանգամանքին. «Այն տեղամասերում, որտեղ մասնակցությունը միջինից բարձր էր, հաղթած թեկնածուին կողմ քվեարկած ձայներն էականորեն մեծ թիվ են կազմել»: Վարչական ռեսուրսից բացի, ՄԻՊ-ն արձանագրել է նաեւ ընտրություններին թաղային հեղինակությունների օգտագործման դեպքերը: «Ընտրությունների գործընթացի վրա բացասական ազդեցություն են ունեցել նաեւ մի քանի թաղամասերում կասկածելի գործողություններ կատարող տեղաբնակ տղամարդկանց անթույլատրելի ակտիվությունը, որի պատճառով եղել են քաղաքացիների անհարկի կուտակումներ, ընտրողների ուղղորդման կասկածներ, ընտրական գործընթացի մի քանի մասնակիցների աշխատանքի խոչընդոտում եւ հոգեբանական ճնշում»,-նշված է փաստաթղթում:
ՄԻՊ զեկույցում առանձնահատուկ տեղ է գրավում ընտրակաշառքների թեման: «Քաղաքական իրավունքների իրացման տեսանկյունից 2013 թվականին տեղի են ունեցել երկու առանցքային ընտրություններ՝ ՀՀ նախագահի համապետական ընտրությունները եւ Երեւանի ավագանու ընտրությունները: Ընտրությունների ընթացքում արձանագրված բողոքների մեծ մասը վերաբերել է ընտրակաշառք բաժանելուն, մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն, լցոնմանը, ինչպես նաեւ վստահված անձի, դիտորդի, լրագրողի նկատմամբ բռնության, ինչպես նաեւ՝ կուտակումների եւ դրոշմակնքման հետ կապված հարցերին: …2013թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների ընտրական գործընթացի թերությունների մասին 1988 ընտրական տեղամասերից միայն 44 ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում են կատարվել համապատասխան գրառումներ, իսկ Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքում կրկնակի քվեարկության եւ այլ էական ընտրախախտումների վերաբերյալ գոնե առերեւույթ հիմնավոր ահազանգերը շուրջ հինգ տասնյակ են եղել, մինչդեռ գրանցված արդյունքներով մրցակից ուժերի միջեւ եղած ձայների տարբերությունն էականորեն գերազանցել է ընտրախախտումների մասին հրապարակված կասկածների այս ծավալը»: Ըստ օմբուդսմենի՝ շատ դեպքերում իրավապահները մակերեսային են ուսումնասիրել ընտրակաշառքի կամ այլ խախտումների վերաբերյալ ահազանգերը: «Ընտրությունների ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ… պատասխանատու մարմինները՝ Ոստիկանությունը, ՀՔԾ-ն եւ Դատախազությունը 2013 թվականի նախագահական ընտրությունների եւ Երեւանի ավագանու ընտրությունների վերաբերյալ ուսումնասիրել են շուրջ 300-ից ավելի առերեւույթ քրեական եւ վարչական իրավախախտումներ: Բողոքների մեծ մասը վերաբերել է ընտրակաշառք բաժանելուն, մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն, լցոնմանը, ինչպես նաեւ վստահված անձի, դիտորդի, լրագրողի նկատմամբ բռնության դեպքերին: …Միաժամանակ, նշված գրեթե բոլոր գործերը իրավապահ մարմինների կողմից մերժվել էին կամ չէին բացահայտվել: Առերեւույթ քրեական եւ վարչական իրավախախտումների նման համատարած մերժումը, որոշ դեպքերում մակերեսային ուսումնասիրումը, ինչպես նաեւ պատասխանատուներին չհայտնաբերելու դեպքերը հանգեցրել էին նրան, որ շատերը չէին հավատում ընտրությունների արդարությանը»:
Այսքանից հետո, թերեւս, ՄԻՊ-ը ճիշտ կաներ, եթե նաեւ որոշակի եզրակացություն հրապարակեր ընտրությունների, քաղաքական իրավունքների վերաբերյալ, առանց մտահոգվելու` Սերժ Սարգսյանն իրեն կհամարի իր ամենավատ կադրը, թե ոչ: Մանավանդ որ, առանց այդ էլ հայտնի է` ընտրությունները կեղծվել են:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԳՅՈՒՂԱՑՈՒ ՓՈՐՁԸ ՎԵՐՑՐԵԼ ԵՆ ՈՒ ԻՐԵՆ ԵՆ ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ

 

ՀՀ Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի բնակիչներն այս օրերին տեղի ունեցած ցրտահարության պատճառով չեն կարողացել փրկել ո՛չ սալորենիները, եւ ո՛չ էլ՝ ծիրանենիները: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Եղեգնուտի համայնքապետ Ռազմիկ Մարգարյանի հետ:

-Պարոն Մարգարյան, եղեգնուտցիները կարողացա՞ն փրկել իրենց պտղատու այգիները:
-Չէ, պտուղը հնարավոր չեղավ փրկել: Անհնար էր:
-Քանի՞ հեկտար պտղատու այգի կա գյուղում:
-Ծիրանենի ու սալորենի ունենք, ընդհանուր՝ 48 հա է: Երկուսն էլ ցրտահարվել են: Իսկ խաղողը, որի վազերը թաղված էին, ինչ-որ չափի փրկվեցին: Մի քանի օր անց ամեն ինչ պարզ կլինի: Ամեն դեպքում, դեռ ջուրը սառչում է:
-Բայց գյուղացիները համապատասխան միջոցներ ձեռնարկեցի՞ն ցրտահարության դեմ:
-Իհարկե, արդեն մի քանի գիշեր է, ինչ ծխեցնում են այգիները: Ամեն ինչ նորմալ էր, ամբողջ գյուղը պատել էր ծուխը, քամի չկար՝ ուրախացել էինք, որ կպաշտպանի ծառերը: Ծուխը ճիշտ նպատակին ճիշտ ձեւով արվել է: Բայց չհաջողվեց փրկել: Որ գաք գյուղ այդ ծուխը կզգաք: Բավականին ցածր էր ջերմաստիճանը ու ցուրտ էր:
-Գյուղացիներն ի՞նչ են մտածում, ի՞նչ են պատրաստվում ձեռնարկել:
-Ի սեր Աստծո, որ ոչ ոք չհետաքրքրվի, ավելի ճիշտ կլինի: Ոչ մեկը ելույթ չունենա, ոչ մեկը չխոսի այս թեմայով, ավելի ճիշտ կլինի: Սա արեք, էն արեք, պրոֆեսորներ ու ակադեմիկոսներ են, գյուղացին ամեն ինչն էլ գիտի ու կանի: Եվ արդյունքում այնքան են ասում, որ իրենց ասածի 50 տոկոսը չի իրականանում եւ ամեն ինչ սուտ է ստացվում:
-Գյուղնախարարության կողմից առաջարկված մեթոդներին գյուղացին քաջ ծանոթ է, այնպես չէ՞:
-Հազարամյակներով գիտի: Ինչի, իրենք որտեղից գիտեն: Թե՞ դրա մասին գիրք կա գրած: Գյուղացու պրակտիկ փորձը վերցրել են ու իրեն են դա սովորեցնո՞ւմ: Խնդիրը դրանում չէ, այն, ինչը որ իրենց պարտականություններն են, դա չեն անում:
-Իսկ փոխհատուցման մասին դեռ վա՞ղ է խոսել:
-Կփոխհատուցեն՝ իրենց գործն է, չեն փոխհատուցի՝ էլի իրենց գործն է: Կառավարությունն իր հնարավորությունների սահմաններում է օգնում, բայց… Գոյություններս պահպանում ենք մի կերպ: Կտա կառավարությունը օգնություն, կասենք շնորհակալություն, չի տա՝ ոչինչ, ուրեմն ավելի կարեւոր հարցերի համար պետք է ծախսվի:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՎԵՐԱԴԱՐՁՎԵՑ ԻՋԵՎԱՆԻՆ

 

Իջեւանի հարավային մուտքի մոտ է գտնվում Աղստեւ գետի վրա կառուցված «Սպիտակ լիճ» ջրամբարը: Այն կառուցվել է խորհրդային տարիներին: Ջրամբարը իջեւանցիների եւ քաղաքի հյուրերի հանգստի սիրված վայրերից էր: Արհեստական լճի ջրթողման համակարգում առկա խնդիրների պատճառով տարիների ընթացքում ջրամբարը լցվեց ջրաբերուկներով, ավազով եւ տիղմով: Լիճը ցամաքեց: Ներկայում դրա միջով առու հիշեցնող գետ է հոսում, ցամաքած լճում անասուններ են արածում: 2011թ. դեկտեմբերի 16-ին Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի գլխավորությամբ քաղաքապետարանը լճի տարածքի անհատույց օգտագործման, 40 տարով վարձակալության պայմանագիր է կնքել «Իջեւան Տուրիզմ ընդ Բիզնես» ՍՊԸ տնօրեն Արծրուն Խոջումյանի հետ: Տեղի է ունեցել անշարժ գույքի իրավունքի պետական գրանցում, տրվել է գրանցման վկայական: Նշենք, որ մինչ այդ, 2011թ. նոյեմբերի 13-ին կայացած Իջեւան համայնքի ղեկավարի ընտրություններում Վարուժան Ներսիսյանը պարտվել էր Վարդան Ղալումյանին: Սակայն Վարուժան Ներսիսյանը մինչեւ դեկտեմբերի 24-ը իր լիազորությունները ցած չէր դրել: 2012թ. հոկտեմբերի 8-ին Իջեւանի քաղաքապետարանը՝ ի դեմս քաղաքապետ Վարդան Ղալումյանի դիմել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ Իջեւանի քաղաքապետարանի եւ «Իջեւան Տուրիզմ ընդ Բիզնես» ՍՊԸ-ի միջեւ 2011թ. դեկտեմբերի 16-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման (վարձակալության) պայմանագիրը վաղաժամկետ լուծելու եւ որպես հետեւանք ընկերության անվամբ 2011թ. դեկտեմբերի 20-ին իրականացված անշարժ գույքի իրավունքի պետական գրանցումը եւ դրա հիման վրա տրված իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու պահանջներով: 2013թ. օգոստոսի 15-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Աշոտ Խաչիկյանը մերժել է քաղաքապետարանի հայցը: Դրանից հետո քաղաքապետարանը դիմել է ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարան: 2013թ. դեկտեմբերի 27-ին Վերաքննիչ դատարանը որոշել է Առաջին ատյանի դատարանի վճիռը մասնակի բեկանել, վաղաժամկետ լուծել Իջեւանի քաղաքապետարանի եւ «Իջեւան Տուրիզմ ընդ Բիզնես» ՍՊԸ-ի միջեւ կնքված 2011թ. դեկտեմբերի 16-ի անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը եւ անվավեր ճանաչել «Իջեւան Տուրիզմ ընդ Բիզնես» ՍՊԸ-ի անվամբ 2011թ. դեկտեմբերի 20-ին իրականացված անշարժ գույքի իրավունքի պետական գրանցումը: Ընկերությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել, սակայն Վճռաբեկ դատարանը 2014թ. փետրվարի 19-ին որոշել է վճռաբեկ բողոքը վերադարձնել: Այսպիսով «Սպիտալ լիճ»-ը վերադարձվել է Իջեւան համայնքին, սակայն այն ավազից, տիղմից, տարբեր ջրաբերուկներից մաքրելու, իսկապես հանգստի գոտի դարձնելու համար պահանջվելու են ֆինանսական մեծ ներդրումներ, ինչի հնարավորությունը համայնքը չունի:

 

 

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 




Լրահոս