ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է ԱՄՆ դեսպանատան դիմաց

 

Երեկ մի խումբ քաղաքացիներ ՀՀ-ում Ամերիկայի դեսպանատան մոտ բողոքի ակցիա էին իրականացնում: Նրանք պահանջում էին օգնել Սիրիայի հայաբնակ Քեսաբ ավանի բնակիչներին եւ լուռ չմնալ Քեսաբի ողբերգական իրադարձությունների նկատմամբ: Քաղաքացիներին մոտեցավ ԱՄՆ փոխդեսպանը, լսեց նրանց պահանջը եւ խոստացավ հավաքվածների մտավախություններն ու իրավիճակը ներկայացնել ԱՄՆ դեսպանին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, դպրոցի տնօրինությունն իրավունք ունի՞ երեխային դպրոց չընդունել: Եթե այո, ապա ո՞ր դեպքում:

Անի Ղազարյան (37 տարեկան, դաշնակահարուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ պետական հանրակրթական դպրոցի տնօրինությունը պարտավոր է տվյալ տարածքում բնակվող դպրոցահասակ բոլոր երեխաներին ընդունել դպրոց՝ ապահովելով օրենսդրությամբ սահմանված նորմերին համապատասխան պայմաններ: Սպասարկման տարածքից դուրս բնակվող եւ տվյալ հանրակրթական դպրոցում սովորող եղբայր կամ քույր ունեցող երեխայի ընդունելությունը տվյալ դպրոց կատարվում է ծնողի ցանկությամբ: Մնացած դեպքերում, հանրակրթական դպրոցի սպասարկման տարածքից դուրս բնակվող երեխայի ընդունելությունը թույլատրվում է օրենսդրությամբ սահմանված նորմերին համապատասխան պայմանների առկայության դեպքում:
Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ըստ պաշտոնական տվյալների՝ 2012-2013 ուսումնական տարում մեկ դպրոցին բաժին ընկնող դասարանների թվաքանակը միջինում կազմել է 15.8. Երեւանում՝ 20.9, մարզերում՝ 11.7-ից մինչեւ 19.5: Իսկ ՀՀ-ում ընդհանուր սովորողների թիվը կազմում է 368.708, նախորդ տարվա համեմատ սովորողների թվաքանակը նվազել է 3,2%-ով:

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, եթե սպառողը խանութից ապրանք է գնում, եւ պարզվում է, որ այն ժամկետանց է, ապա ի՞նչ կարգով են ապրանքի թերությունները վերացվում արտադրողի (վաճառողի) կողմից: Ինչ է լինում այդ ապրանքի «ճակատագիրը»:

Սուսաննա Դանիելյան (54 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ապրանքում հայտնաբերված թերությունները պետք է վերացվեն արտադրողի (վաճառողի) կամ կոմիսիոների կողմից՝ ապրանքի թերությունների վերացման վերաբերյալ սպառողի պահանջների ներկայացման օրվանից սկսած՝ քսան օրվա ընթացքում: Արտադրողը (վաճառողը) կամ կոմիսիոները պարտավոր է երկարատեւ օգտագործման ապրանքների նկատմամբ սպառողի կողմից նշված պահանջները ներկայացնելուց հետո` նորոգման ընթացքում, յոթնօրյա ժամկետում սպառողին անհատույց տրամադրել նմանօրինակ ապրանք` ապահովելով իր հաշվին տեղ հասցնելը: Երկարատեւ օգտագործման այն ապրանքների անվանացանկը, որոնց վրա նշված պահանջը չի տարածվում, հաստատում է կառավարությունը: Ապրանքի թերությունների վերացման դեպքում երաշխիքային ժամկետը երկարաձգվում է այն ժամանակահատվածով, որի ընթացքում ապրանքը չի օգտագործվել: Նշված ժամանակահատվածը հաշվարկվում է ապրանքի թերության վերացման պահանջով՝ սպառողի դիմելու օրից մինչեւ նորոգումն ավարտելուց հետո այն վերադարձնելու օրը:
Շուկայի վերահսկողության պետական վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Չմոռանանք, որ ժամկետանց սննդամթերքի վաճառքի դեպքերը գրանցվում են հատկապես հետտոնական օրերին: Նման խախտումներ արձանագրվում են հիմնականում կաթնամթերքի շուկայում: Ավելացնենք, որ բացի ժամկետանց ապրանքի խախտումներից, հանդիպում են նաեւ ապրանքների մակնշման խնդիրներ:

 

 

ՀԱՐՑ. Եթե հասարակական կազմակերպությունը համերգների կազմակերպումից ստացած հասույթը փոխանցում է ծերանոցներին, ապա այդ դեպքում համախառն եկամուտը որոշելիս փոխանցած հասույթը նվազեցվո՞ւմ է համախառն եկամուտից, թե ոչ:

Գեւորգ Համբարձումյան (38 տարեկան, մենեջեր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Գ. Համբարձումյանի հարցին ի պատասխան տեղեկացնում ենք, որ «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածին համապատասխան հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է ոչ առեւտրային կազմակերպություններին, գրադարաններին, թանգարաններին, հանրակրթական դպրոցներին, տուն-գիշերօթիկներին, ծերանոցներին եւ մանկատներին, ինչպես նաեւ հոգեբուժական եւ հակաթոքախտային դիսպանսերներին եւ հիվանդանոցներին փոխանցված (տրամադրված) միջոցների (ապրանք եւ (կամ) դրամական միջոցներ), նրանց մատուցված ծառայությունների արժեքի չափով, բայց ոչ ավելի, քան համախառն եկամտի 0,25 տոկոսի չափով: Միաժամանակ տեղեկացվում է, որ ոչ առեւտրային կազմակերպությունների (տվյալ դեպքում նաեւ հասարակական կազմակերպությունների) համար հարկման առանձնահատկություններ (շահութահարկով) սահմանված են նույն օրենքի 8-րդ եւ 11-րդ հոդվածներով:
ՀՀ հարկային ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պատասխանից պարզ է դառնում, որ ներկայացված ցանկին փոխանցումներ կատարելու դեպքում համախառն եկամուտը նվազեցվում է ընդամենը 0,25 տոկոսով: Կարելի է ենթադրել, թե ինչու է նման սիմվոլիկ գումար սահմանվել:




Լրահոս