Ինչո՞ւ է ՀԱՊԿ-ը քննարկում ուղղաթիռի կործանման հարցը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Սերժ Սարգսյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Այդ մասին պաշտոնական հաղորդագրությունում նշված է, որ ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել է նաեւ կազմակերպության Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում անվտանգության ապահովման խնդիրը, որի համատեքստում էլ անդրադարձ է կատարվել նոյեմբերի 12-ին ադրբեջանական զինուժի կողմից հայկական ռազմական ուղղաթիռի խոցման միջադեպին: Նիկոլայ Բորդյուժան հավաստիացրել է, որ այդ միջադեպը քննարկման թեմա կդառնա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում:

Բորդյուժայի այդ հայտարարությունն ուշագրավ է նրանով, որ նախկինում հայ-ադրբեջանական սահմանային միջադեպերից, այդ թվում եւ` անցած օգոստոսին Ադրբեջանի կողմից սանձազերծված մի քանի դիվերսիոն ներթափանցումներից հետո անգամ ՀԱՊԿ ղեկավարությունը երբեւէ դա չի դարձրել քննարկման առարկա կազմակերպության խորհրդի նիստերում: Ավելին` երբ 2012 թ. հունիսին հայ-ադրբեջանական սահմանին արձանագրված միջադեպերի արդյունքում զոհվեց չորս հայ զինվոր, ՀԱՊԿ ղեկավարի մամլո խոսնակը հայտարարեց, թե իրենք պարտավոր են արձագանքել բացառապես Հայաստանի սահմանների նկատմամբ ոտնձգության դեպքում (թեեւ նկատենք՝ խոսքը ՀՀ Տավուշի մարզի սահմանագոտում կատարված ադրբեջանական դիվերսիայի մասին էր): Իսկ անցած հուլիսի վերջին սկսած դիվերսիոն գործողությունների մեկնարկից երեք օր անց էլ լրագրողների հարցերին ի պատասխան` ՀԱՊԿ-ից հայտնեցին, որ իրենք «տեղյակ չեն» կատարվածից: Իհարկե, արդեն էսկլացիայի հետագա խորացման արդյունքում Բորդյուժան անձամբ մեկնեց սահմանագոտի` իրավիճակին տեղում ծանոթանալու համար:

Եվ հիմա` ուղղաթիռի միջադեպից եւ մեր սպաների մարմինների տեղափոխության հատուկ գործողությունից օրեր անց, Երեւան ժամանած ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հավաստիացումը, թե հարցը քննարկվելու է ՀԱՊԿ խորհրդի նստաշրջանում, որոշակի ուղերձ է՝ հասցեագրված ադրբեջանական կողմին: Սա միեւնույն ժամանակ նաեւ ՀԱՊԿ` որպես Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորի գործունակության ամրագրմանն ուղղված քայլ է եւ թերեւս` նվազագույն քայլ: Ընդ որում, կասկածից դուրս է, որ այն արվելու է հայկական կողմի գործադրած ճնշումների արդյունքում: Այլ հարց է, սակայն, թե որքանով այդ քայլն արդյունավետ կլինի` հաշվի առնելով ՀԱՊԿ անդամ երկրներից առնվազն երեքի՝ ոչ հայամետ դիրքորոշումը Ղարաբաղի հարցում:




Լրահոս