ԴԱՇՏԸ ՂԵԿԱՎԱՐՈՒՄ Է ՄԵԿ ԴԻՐԻԺՈՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սէֆիլյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե ժողովրդին մեղադրել այսօրվա իրականության համար շատ սխալ է, քանի որ ժողովրդին կեղեքել են, թալանել, իսկ ժողովուրդն էլ ընտրությունների ժամանակ այդ գումարը վերցրել է իր 3 օրվա հացի դիմաց վճարելու համար:
-Որպես քաղաքական դաշտի երրորդ կողմ, որը չի մասնակցել ընտրություններին, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում կատարվող իրադարձությունները:
-Ինչ որ տեղի ունեցավ, մեզ համար սպասելի էր: Մենք նշում էինք, որ ընտրությունների արդյունքը կանխորոշված է. ապացուցվեց, որ այդպես է: Իսկ որ մենք հրաժարվում էինք ընտրություններին մասնակցել, դա ինքնանպատակ չէր: Մենք հորդորել ենք ընդդիմադիր կոչված ուժերին այդ ժամանակն «ընտրություններին» անիմաստ տրամադրելու փոխարեն այս ամիսներին զբաղվել այլընտրանքային փնտրտուքով: Ճիշտ չէ այս դաշտն անվանել քաղաքական, քանի որ այդ դաշտում կա մի դիրիժոր, մնացածը բոլորը ենթականեր են, ուստի եթե մնում ես այդ դաշտում, պիտի ենթարկվես գործող հրամանատարին: Բնական է, որ այդ մարդու ցանկությունները պետք է կատարես, մենք բազմաթիվ անգամ հորդորել ենք, որ պետք է դուրս գալ այդ դաշտից: Իսկ ովքեր որ չէին համոզվում, ապա այս ընտրությունները, հուսով եմ, իրենց համար դաս կլինեն:
-Այսօրվա իրականությունում կատարվածից կարելի է ենթադրել, թե այս իշխանություններն արժանի են ժողովրդին, քանի որ ընտրեցին գումարը…
-Ժողովրդին երբեք պետք չէ մեղադրել, ճիշտ է, փորձում են ժողովրդին մեղադրել որպես կաշառվող… գուցե առաջին կաշառվողները հենց այդ գործիչներն են, քանի որ այդ խաղին մասնակցել եւ խորհրդարան են մուտք գործել: Եթե դու չես ընբոստանում, ուրեմն դու մեղսակից ես: Ժողովրդին տարիներով կեղեքել են, աղքատացրել եւ հիմա ժողովրդի՞ն են մեղադրում, որ մի քանի հազար դրամով կարող է իր ձայնը վաճառել: Գուցե ճիշտ է, որ այդ 5-10 հազար դրամը վերցրել են, որպեսզի 3 օրվա հաց գնեն, ի՞նչ կա դրա մեջ:
-Իսկ ի՞նչն էր պատճառը, որ ընդդիմությունը չըմբոստացավ, չբոյկոտեց:
-Նոր չէ, որ մեր ընդդիմության որակն այսպիսին է, ես կասեի՝ 20 տարիների ընթացքում նույն որակն է, եթե տարիներ շարունակ ընդդիմությանը չի հաջողվել հասնել արդյունքի, դա ոչ թե իշխանությունների շնորհքն է եղել, այլ ընդդիմության ապիկարությունը:
-Այսինքն՝ ՀԱԿ-ի շուրջ ծավալվող խմորումները Ձեզ համար սպասելի՞ էին:
-Անշուշտ, ամեն ինչ վերահսկելի է, շատերն ընկնում են ինչ-որ վերլուծությունների մեջ՝ այս ուժն այսպես, այն ուժն այնպես: Այսօրվանից արդեն կանխորոշված են 2013 թվականի ընտրությունները, եթե մենք՝ հայերս, չփորձենք հավաքվել եւ լուրջ գործ չսկսենք:
-Իսկ ի՞նչ գործ պետք է սկսենք արդյունքի հասնելու համար:
-Նախ եւ առաջ պետք է էջը փակել ամբողջ քաղաքական դաշտ կոչեցյալի վրա եւ փորձել ապօրինի իշխանություններին զուգահեռ ձեւավորել օրինական իշխանություններ: Իսկ ինչ ձեւով պետք է ձեւավորվի իշխանությունը՝ մենք այս իմաստով ունենք մեր կարծիքը, եւ վերջերս մեր նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուգազիզյանն իր անունից հրապարակեց մի ճանապարհային քարտեզ՝ այլընտրանքային ընտրությունների միջոցով իշխանություններ ձեւավորելը: Եւ շուտով դրա շուրջ լուրջ քննարկումներ կսկսվեն: Իսկ թե ամբողջ գործունեությունը կլինի անցնցում, թե ոչ, դա կախված է իշխանություններից, եթե ժողովրդի հավանական ըմբոստացումը եւս մեկ անգամ փորձեն ճնշել բռնությամբ, այս անգամ ի պատասխան՝ կստանան բռնություն:
-Պարո՛ն Սէֆիլյան, նշեցիք, որ Ձեր պայքարն այլընտրանք է լինելու, ԲՀԿ-ն եւս հայտարարեց, որ ինքն այլընտրանք է, հնարավո՞ր է ՝ երկու ուժերով միանաք:
-Մեր ասած այլընտրանքը զուտ քաղաքական դաշտից դուրս է, որի մեջ մտնում է նաեւ ԲՀԿ-ն, մենք ոչ մի կապ չունենք ոչ մի կուսակցության հետ: Բոլոր կուսակցությունները վերահսկելի են, բոլորը կոռումպացված են, որոնք ապագայում մեր ժողովրդի առաջ պատասխան են տալու: Ուրեմն ԲՀԿ հասկացողություն գոյություն չունի, Հայաստանում կուսակցություններ գոյություն չունեն, եթե եղել է, ապա դա ՀՅԴ-ն էր ու ՀՀՇ-ն, սակայն, դժբախտաբար, այդ կուսակցություններն էլ այսօր իրենց գաղափարախոսությունից շեղված են: Բոլորն էլ վերահսկելի են:
Տեսանյութն ամբողջությամբ՝ www.armlur.am կայքում:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս