«ՄԵԶ ՁԵՌՆՏՈՒ ՉԷ ԽՄԵԼՈՒ ՋՈՒՐԸ ՏԱԼ ԱՅԼ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին ՀՀ գլխավոր դատախազության կողմից Սաղմոսավան համայնքի ղեկավար Ներսես Ավագյանի, «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության ու «Ագաթ 777» ՍՊ ընկերության տնօրենների նկատմամբ փաստաթղթեր կեղծելու փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական լիազորությունների չարաշահում) եւ 325-րդ հոդվածի 1-ին մասի (փաստաթղթերը կեղծելը) հատկանիշներով: Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենի հետ:

Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթն իր՝ նոյեմբերի 12-ի համարում տեղեկացրել էր, որ ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի բնակիչներն ահազանգում են այն մասին, որ Օհանավանի գերեզմանոցի հարակից տարածքում մեծ թվով ժանգոտված եւ օգտագործված խողովակներ են լցված:
-Պարո՛ն Լորեն, Աշտարակ քաղաքի բնակիչներն ահազանգում են, որ իրենք առաջիկայում կանգնելու են խմելու ջրի կորստի վտանգի առաջ: Նրանց խոսքով՝ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն մտադիր է Սաղմոսավան-Օհանավան ջրագծի խոշոր չափի խողովակները փոխելու փոքր, այն էլ` օգտագործված եւ ժանգոտված խողովակներով:
-2004-2005 թվականներին, երբ մենք ուսումնասիրեցինք Աշտարակ քաղաքը սնող Արտաշավանի ջրաղբյուրը, այդ ժամանակ դեպի այդ ջրաղբյուր մուտքի բացած ճանապարհ չկար: Եւ այդ ջրաղբյուրից սկիզբ առնող ջրատարը մի քանի տեղից վթարված էր, նաեւ ձնհալի շրջանում պարբերաբար գետը հունից դուրս էր գալիս ու խողովակաշարը տեղից քշում տանում էր: Մենք փորձում էինք անընդհատ ընթացիկ նորոգումներ անել խողովակաշարի վրա: Եւ 2006 թվականին առաջին անգամ վարկային միջոցներով ներդրում կատարվեց, եւ Աշտարակ քաղաքի ջրամատակարարման համակարգի բարելավման նախագիծ իրականացվեց: Այդ ժամանակ, երբ Սաղմոսավանի ջրաղբյուրները վերանորոգեցինք, մտածեցինք Արտաշավանի ջրաղբյուրի շահագործումից հրաժարվել: Բայց քանի որ ջրաղբյուրներում սակավաջրության խնդիր կա, հետեւաբար այդ նախագծից մոտ երեք տարի անց մենք անընդհատ մտածում էինք՝ գուցե՞ Արտաշավանի ջրաղբյուրը շահագործումից հանելու փոխարեն որոշակի աշխատանքներ իրականացնենք եւ շահագործենք այն: Սակայն այդ ջրաղբյուրներին մոտենալու համար ճանապարհ կառուցելը մեծ ծախսեր էր պահանջում: Չէ՞ որ եղանակային պայմաններից ելնելով՝ ճանապարհը ջրի հետ քշվել եւ փակվել էր, դրա համար այդ պահին ներդրում անելը գտանք, որ խելամիտ չէ: Հին խողովակաշարը բոլորովին լավ վիճակում չէր: Փաստորեն ավելի մեծ տրամագծով խողովակաշարը փոխել ենք ավելի փոքրով, որը տեղադրված է ավելի լավ պայմաններում:
-Սակայն բնակիչները վստահեցնում են, որ այս ամենն արվում է Կարբի եւ Օհանավան գյուղերի մոտ կառուցվող ՀԷԿ-ի համար, քանի որ փոքր չափի խողովակների ջուրը կհոսի դեպի Աշտարակ քաղաք, իսկ մեծ չափի խողովակներինը՝ դեպի ՀԷԿ: Այս մասին ի՞նչ կասեք: Ի՞նչ կապ ունեք Դուք ՀԷԿ-ի հետ:
-Մենք կազմեցինք ուսումնասիրության համար անհրաժեշտ փաստաթղթերը, տեխնիկական առաջադրանքը եւ ուսումնասիրությունից հետո որոշեցինք այդ գործող ջրատարը, որը սկիզբ էր առնում Արտաշավանի գլխամասային աղբյուրից, փոխարինել մեկ ուրիշով: Ջրատարը գնում էր գետնի վրայով, այն թաղված էլ չէր: Այս խողովակաշարը պետք է փոխարինվեր նորով՝ ավելի փոքր տրամագծի խողովակներով, եւ պայմանն այնպիսին էր, որ այդ նոր ջրատարը պետք է փոխարինվեր: Եւ այստեղ մեր ընկերության եւ ՀԷԿ-ի շահերը, այսպես ասած, համընկան, քանի որ վերջինս ցանկություն հայտնեց մեր հին խողովակաշարն օգտագործելու: Եվ եթե այդ խողովակաշարն օգտագործեին, բնականաբար, դա սպասարկող ճանապարհ էլ կկառուցեին: Դա համընկավ մեր շահի հետ այն առումով, որ մենք էլ կկարողանայինք այդ ճանապարհն օգտագործել մեր ջրաղբյուրին հասնելու համար: ՀԷԿ-ը այդ ջուրն անցկացնում է տուրբիններով, որից հետո արտադրում են էլեկտրաէներգիա: Չեմ հասկանում, թե ինչ կարող է փոխել ՀԷԿ-ը ջրի քանակի առումով: Եւ այդտեղ մեր ջրաղբյուրից տեխնիկապես ուղղակի հնարավոր չէ ջուրը տալ մեկ այլ ընկերության: Բացառվում է, որ ՀԷԿ-ը մեր խմելու ջուրը ջրաղբյուրից վերցնի: ՀԷԿ-ի համար խմելու ջուրը չի օգտագործվի: Մեզ ձեռնտու չէ այդ ջուրը տալ մեկ այլ ընկերության:
-ՀՀ գլխավոր դատախազության տարածած հայտարարությունն ինչպե՞ս կմեկնաբանեք:
-Հիմա իրականացման այդ օղակի մեջ ինչ-որ մի բացթողում են գտել: Այո՛, ես ընդունում եմ, որ կարող է այդ իրականացման ընթացքում ամսաթվի հետ կապված որեւէ սխալ լինել, բայց ես ներկայացրեցի նախագիծը, թե ինչու ենք մենք դա իրականացրել:
-Այդ փաստաթղթային թերությունը, որը դատախազությունը գտել էր, Դուք ինքներդ ուսումնասիրե՞լ եք: Գտե՞լ եք որեւէ բացթողում:
-Մենք ինքներս ներքին հետաքննություն կատարեցինք, որպեսզի հասկանանք, թե այդ գործընթացում փաստաթղթային ձեւակերպման մեջ որտեղ է սխալ եղել: Ավելին՝ այդ փաստաթղթային ձեւակերպման գործընթացում ներգրավված են եղել մեր նախկին աշխատակիցները, ովքեր կրճատման արդյունքում այսօր չեն աշխատում ընկերությունում:
-Այս պահին դադարեցվա՞ծ են ջրատարի կառուցման աշխատանքները: Եթե այո, ապա ի՞նչ պատճառաբանությամբ:
-Այս պահին դադարեցված է: Հենց այն պատճառով, որովհետեւ բողոքներ կային բնակիչների շրջանում նոր տեղադրվող խողովակների վերաբերյալ: Եւ քանի որ ուսումնասիրությունը երկար ժամանակ է պահանջում, այդ պատճառով աշխատանքները դադարեցվել են:

 

 

 

ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԳՅՈՒՂԱՊԵՏԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՎԵՐԸՆՏՐՎԵԼ

ՀՀ Արմավիրի մարզի Շահումյան թ/ֆ գյուղում իրավիճակը լարված է: Համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրված թեկնածուները՝ ներկայիս գյուղապետ Արթուր Յայլոյանը եւ Արայիկ Յայլոյանը, ոչ միայն ՀՀԿ-ական են, այլեւ ազգականներ: Իհարկե, Արայիկ Յայլոյանը նախկինում ԲՀԿ-ական է եղել եւ տեւական ժամանակ աշխատել է ներկայիս գյուղապետի տեղակալ, սակայն հիմա նժդեհական գաղափարներ է կրում: Գյուղացիների պատմելով՝ այս թեկնածուները մշտական պայքարի մեջ են:

«Ժողովուրդ»-ը զրուցեց Արթուր Յայլոյանի հետ՝ հասկանալու, թե ինչ մրցավազք է ծավալվում:
-Պարո՛ն Յայլոյան, գյուղացիները Ձեր աշխատանքից դժգոհում են:
-Ով ինչ ասում է, սուտ է ասում: Բնական է, որ դժգոհողներ կլինեն: Տարբեր տեղերում էլ այդպես է: Մեկը մյուսի հասցեին բամբասում է:
-Հիմա նախընտրական ի՞նչ իրավիճակ է տիրում գյուղում: Ձեր եւ մրցակցի հարաբերությունները լարվա՞ծ են:
-Շատ նորմալ է: Լարվածություն չկա: Ես իր հետ ո՛չ խոսում եմ, ո՛չ էլ տեսնում եմ:
-Նկատե՞լ եք, թե ինչպես է Ձեր մրցակիցը «համոզում» բնակիչներին:
-Ինքն ամբողջ օրը տնից տուն է ման գալիս: Հո՞ ես չեմ կանգնելու ու բողոքեմ: Ինչ անում է, թող անի: Ժողովուրդը գիտի իր անելիքը:
-Դուք տներով չե՞ք շրջում:
-Ինչի՞ համար շրջեմ: Այսքան ժամանակ աշխատել եմ, որ հիմա էլ գնամ հատ-հատ տներով շրջե՞մ: Ինչի ժողովուրդն ինձ չի՞ ճանաչում:
-Քանի՞ տարի է, որ գյուղապետ եք:
-14: Ես գիտեմ, որ իմ ժողովուրդն իմ կողքին կանգնած է:
-Դուք ՀՀԿ-ական եք, բայց արդյո՞ք կուսակցության կողմից եք առաջադրվել:
-Ես ինքնառաջադրվել եմ: Իսկ մյուս թեկնածուն նախկինում ԲՀԿ-ական էր, հիմա էլ՝ ՀՀԿ-ական: Թեկնածությունն առաջադրելուց առաջ դարձավ ՀՀԿ-ական:
-Կուսակցությունը Ձեզ կօգնի՞:
-Ինչի՞ համար օգնի, ա՛յ ցավդ տանեմ:
-Իսկ մյուս թեկնածուն՝ Ձեր ազգականը, առաջի՞ն անգամ է առաջադրվում:
-Այո՛:
-Ինչո՞ւ եք ընդհարվել:
-Որովհետեւ ինքը ԲՀԿ-ական էր, գործից հանին, գցին դուրս:
-Փաստորեն կուսակցությո՞ւնը պատճառ դարձավ, որ Դուք ազգականներով ընդհարվեք:
-Կուսակցությունը կապ չունի: Եթե ինքն իմ տեղակալն էր, ուրեմն պետք է իմ հետ լիներ: Այդպե՞ս չէ: Տեղակալներն իմ վրա լավ չեն գալիս:
-Վա՞տ են աշխատում:
-Չէ՛:
-Նրան ազատել ե՞ք միայն ԲՀԿ-ական լինելու պատճառով:
-Միայն դա չէ: Չասեմ է՛լ:
-Պարո՛ն Յայլոյան, գյուղացիների շրջանում խոսակցություններ են պտտվում նաեւ, որ Դուք գողության համար դատապարտվել եք:
-Հա՛, գողություն էլ եմ արել, հազար անգամ ներողություն, տարբեր տեղեր էլ գնացել եմ: Պատրաստվում եմ երկու կին էլ ունենամ: Այսօր ո՞ր մի գյուղապետն է, որ գողություն չի արել:
-Ի՞նչ եք գողացել:
-Գողություն չէր: Տարբեր բաների համար եմ դատապարտվել: Ես ինչ-որ պետքն է, Ձեզ ասեցի: Էլ բան չունեմ ասելու:

Նյութերը՝ ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ

 

 

 

ՀԵՏԱԶՈՏՎԵԼՈՒ ԳՈՒՄԱՐ ՉՈՒՆԻ
Ադրբեջանական գերությունից 2014թ. սեպտեմբերի 25-ին վերադարձած, Նոյեմբերյան քաղաքի 53-ամյա բնակիչ Սարգիս Անանյանը ֆինանսական հնարավորություն չունի Երեւան մեկնելու եւ այնտեղ արյան հետազոտության ենթարկվելու: Այդ հետազոտությամբ պետք է պարզվի՝ Ադրբեջանում Ս. Անանյանին վնասակար նյութեր ներարկե՞լ են, թե՞ ոչ: Ներկայումս Սարգիսը ապրում է իր որդու՝ Նորիկի տանը, որը գտնվում է Նոյեմբերյանի բազմաբնակարան շենքերից մեկում:
Նորիկը Ռուսաստանից վերադարձել է, որպեսզի առողջական խնդիրներ ունեցող հորը խնամի: Նա ասաց, որ Սարգիսն իրեն այնքան էլ լավ չի զգում, նա դեղեր է ընդունում, որոնք նրան կօգնեն մտքերը կենտրոնացնել եւ գիշերները հանգիստ քնել: Այդ ղեղերն անվճար տրամադրում է Նոյեմբերյանի բժշկական կենտրոնը: Նորիկի խոսքերով՝ Նոյեմբերյանի քաղաքապետարանը Սարգիս Անանյանին 20 հազար դրամի ֆինանսական աջակցություն է ցուցաբերել: Նորիկն ասաց, որ դեկտեմբերի 9-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատողները Սարգիսին կտեղափոխեն Երեւան, որպեսզի նրա առողջական վիճակը ստուգեն: Նա հայտնեց նաեւ, որ ՀՀ նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանի ղեկավարած «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության աշխատակիցներն առաջիկայում աջակցություն կցուցաբերեն` Սարգիս Անանյանի առողջական վիճակը հետազոտելու համար: Նորիկն այժմ, թեկուզ ժամանակավոր, աշխատանք է փնտրում, որպեսզի հորն անհրաժեշտ խնամքի համար գումար ունենա:
Ադրբեջանը Հայաստանի հետ լայնածավալ քարոզչական պատերազմ է ծավալել, որի ընթացքում օգտագործում է սուտը եւ զրպարտանքը: Պատանեկան տարիքից հաշմանդամի կարգավիճակ ունեցող, առողջական, այդ թվում՝ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող Սարգիս Անանյանի գլխին մեկամսյա գերության ընթացքում պարկ են հագցրել, հարվածել ե՛ւ գլխին, ե՛ւ ոտքերին: Ադրբեջանական քարոզչամեքենան նրան ներկայացրել է որպես մի մարդու, ով Հայաստանում տիրող սովից ճարահատյալ հատել է սահմանը եւ հայտնվել Ադրբեջանի Ղազախի շրջանի Քեմեռլի գյուղի տարածքում: Ազերիների ներկայացմամբ` Նոյեմբերյան քաղաքի բնակչության 80 տոկոսը սոցիալական վատ վիճակի պատճառով ցանկանում է վերաբնակվել Ադբեջանում: Նույն քարոզչամեքենան, սակայն, հիմա լռում է` չպարզաբանելով, թե «սովից փախած» մարդը ինչո՞ւ է ցանկացել Հայաստան վերադառնալ:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

ՓՈՇԵՆՄԱՆ ԶԱՆԳՎԱԾ
Armlur.am-ը ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից տեղեկացել է, որ նախօրեին՝ ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սեւան» ՔԿՀ-ի աշխատակիցները, ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների հետ համատեղ օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Ն. Վ.-ին քաղաքացի Ս. Մ.-ի կողմից բերված հանձնուքի զննությամբ անձեռոցիկի տուփի միջից հայտնաբերել են 1 գրամ սպիտակ փոշենման զանգված: Հայտնաբերվածն առգրավվել եւ ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:

 




Լրահոս